Արծրուն Հովհաննիսյանի ստերի շղթան բացահայտվում է. Ինչպես ձեռք բերվեցին «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը

article-image

Նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության և ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը մի շարք բացահայտումներ է արել: Ասուլիսի ընթացքում արված հայտարարությունները հանրությանն ուղղված սթափության կոչեր էին, իսկ իշխանությունների համար՝ իսկական «սառը ցնցուղ»:

Օրինակ, խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Մովսես Հակոբյանը նշել է, որ «ՏՈՐ» համակարգը այն հիմնական զենքերից մեկն է, որով մեր զինվորները կռվել են այս պատերազմում:

«2016 թվականին արդեն կազմվել է սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլան, այդ բոլոր պայմանագրերը ես եմ կնքել, որով սպառազինվել է մեր բանակը: Ինչ է ձեռք բերվել` Սմերչ կայաններ, «ՏՈՐ»-եր, «Իգլա Ս» և «Վերբա»-ներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են: Զարգացման պլանով նախատեսված էր ևս երկու դիվիզիոն «ՏՈՐ», ընդ որում՝ մեկը՝ 2018 և մյուսը՝ 2019 թվականներին»,- մանրամասնել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի վարչապետ Փաշինյանը հայտնել էր, թե 2019թ. արտադրության «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերի գնումը ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: «Թափանցիկ» քաղաքականություն որդեգրած Փաշինյանը չէր նշել, թե ինչ ճանապարհով և քայլերի ինչ հաջորդականությամբ են ձեռք բերվել «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը, ինչը տարաձայնությունների պատճառ էր դարձել:

Ինչպես ցույց էին տվել AntiFake.am-ի ուսումնասիրությունները, «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը հնարավոր էր եղել ձեռք բերել դեռևս «նախկինների օրոք» կնքված 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի շրջականներում, որի վերաբերյալ պայմանագրերը կնքվել են 2018թ. նոյեմբերին` արդեն նոր իշխանությունների օրոք, ինչն էլ վարչապետը «մոռացել էր» հայտնել:  «Նախկիններին» մշտապես վատաբանող, իսկ իրեն սրբերի դասին կարգող ու Հիսուսի անունից ելույթներ ունեցող Փաշինյանը, կրկին քաղել էր այլոց ջանքերի պտուղներն ու իրեն վերագրել:

Հետաքրքիր է, որ  AntiFake.am-ի հետ զրույցում այդ ժամանակ դեռևս ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Արծրուն Հովհաննիսյանը այն հարցին, թե 2019 թվականի արտադրության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը արդյոք ձեռք են բերել դեռևս 2017թ. 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի և ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի շրջանակներում, թե ոչ, հակառակ դեպքում՝ ինչ միջոցներով են ձեռք բերվել, պատասխանել էր. «Ո՛չ: Պարտադիր չի, որ դուք դա իմանաք»:

Կարծում ենք, որ 44-օրյա պատերազմի լուսաբանումը ցույց տվեց, որ պարոն Հովհաննիսյանը «ազնվության» մարմնավորում է, ուստի այդ ամենն ապացուցելու կարիք չունենք:

Այն, որ պետականամետ մտածողությունը իսպառ բացառում է «նախկին» և «ներկա» դատարկաբանությունների կիրառումը, հատկապես բանակի դեպքում աքսիոմա է: Սակայն, երբ հայտնվում է մի «փրկիչ», ով իրեն ամենազոր է կարգում ու իսպառ հերքում է իրենից առաջ եղած իրողությունները, ապա «իրերը պետք է կոչվեն իրենց անուններով»:

 

Հեղինակ՝ Մարի Ամիջանյան

Աղբյուր՝ AntiFake.am


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն