Անկախության օրվա միջոցառումների կազմակերպման 40 պայմանագրերից 38-ը վարչապետի աշխատակազմը «կնքել է» միջոցառումից օրեր, որոշ դեպքերում՝ շաբաթներ անց

article-image

Արդեն անդրադարձել ենք վարչապետի աշխատակազմի կողմից ՀՀ Անկախության 28-րդ ամյակի միջոցառումների կազմակերպմանը և ծառայություններ մատուցած ընկերություններից մի քանիսին: Անկախության տոնի տոնակատարությունների համար վարչապետի աշխատակազմը, ընդհանուր առմամբ, ծախսել է 220 մլն դրամ: Ուսումնասիրելով աշխատակազմի կնքած պայմանագրերը մյուս կազմակերպությունների հետ` հարկ ենք համարում նշել մի շարք բացթողումներ, որոնք կապված են թե’ պայմանագրերի կնքման ժամկետների, թե’ մատուցված ծառայությունների դիմաց ստացած գումարների վճարման ժամանակացույցերի հետ:

Փաստորեն ստացվում է, որ վարչապետի աշխատակազմում պայմանագրերը կնքվել են հենց մեր հարցմանը պատասխանելու համար. AntiFake.am-ը հարցումը ուղարկել է սեպտեմբերի 23-ին, սեպտեմբերի 30-ին աշխատակազմը նամակում 30-օրյա ժամկետ է խնդրում պատասխանի համար, իսկ արդեն վերջնական պատասխանը մեզ ուղարկվում է հոկտեմբերի 16-ին, որից մեկ օր առաջ դարձյալ պայմանագիր է կնքվել կազմակերպություններից մեկի հետ:

Նախ նշենք, որ ի պատասխան մեր հարցման`վարչապետի աշխատակազմը մեզ էր ուղարկել տոնական միջոցառումների կազմակերպմանը և սպասարկմանը մասնակցած թվով 81 կազմակերպությունից 40-ի պայմանագրերը:

Պատասխանում տեղեկացվում էր նաև, որ այն կազմակերպությունների հետ, որոնց կողմից մատուցված ծառայությունների գները չեն գերազանցել 500.000 ՀՀ դրամը, գրավոր պայմանագրեր չեն կնքվել և գործարքները կատարվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերի (հաշիվ ապրանքագիր և այլն) հիման վրա: Այդ կազմակերպությունների թիվը, ըստ պատասխանին կից ներկայացված ցանկի, 39 է:

Պարզ թվաբանությամբ պարզ է, որ չի ուղարկվել ևս 2 պայմանագիր: Այդ պայմանագրերը վերաբերում են «Գևորկ Մարկարյան Ա/Ձ»-ին և «Կապիտալ Սիթի տուրինգ» ՍՊԸ-ին: Առաջինը զբաղվել է Գյումրու Վարդանանց հրապարակում կայացած գալա համերգին «Դոլ և Կոմ» (Dole & Kom) խմբի (արտիստներ-դիջեյներ) ելույթի կազմակերպմամբ` ստանալով 2.434.740 դրամ: Ինչպես և նախորդ հրապարակման մեջ նշել էինք, վերոնշյալ կազմակերպության վերաբերյալ որևէ նշում ո’չ իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրում, ո’չ ՊԵԿ հարկեր վճարողների համակարգում չկա:

Իսկ մյուս կազմակերպությունը` «Կապիտալ Սիթի տուրինգ» ՍՊԸ-ն, ստեղծվել է նախորդ տարվա մայիսին: Վարչապետի աշխատակազմը ընկերությանը 28.384.900 դրամ  վճարել է «Capital Cities» խմբի ելույթի կազմակերպման և սպասարկման ծառայությունների ու հոնորարի համար:

Կարող ենք տեսնել, որ, չնայած երկու կազմակերպությունների հետ էլ կնքված են 500.000 ՀՀ դրամը գերազանցող ծառայությունների մատուցման պայմանագրեր, պայմանագրերը չեն ուղարկվել, և կարծիք է ստեղծվում, որ վերջիններիս հետ պայմանագրեր այդպես էլ չեն կնքվել:

Իսկ ինչ վերաբերում է մյուս պայմանագրերին, որոնք կցվել են հարցման պատասխանում, արձանագրում ենք, որ ուղարկված 40 պայմանագրերից միայն  2-ն են, որ ժամկետային առումով համապատասխանում են ծառայությունների մատուցման ժամանակահատվածին: Պայմանագրերը կնքված են մեծամասամբ «04.10.2019թ.» ամսաթվով, ինչպես նաև հանդիպում են` «30.09.2019թ.», «10.10.2019թ.», նույնիսկ` «14.10.2019թ.» «15.10.2019թ.»: Ի՞նչ իմաստ ունի մի կազմակերպության հետ պայմանագիր կնքել հոկտեմբերի 15-ին, այն հույսով, որ տվյալ կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի սեպտեմբերի 21-ի, այսինքն, մի ամիս առաջ արդեն տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Օրինակ`

Օրինակ,  ՀՀ Անկախության 28-րդ ամյակին նվիրված հայտնի չարկչրկված և քննարկված պաստառների ձևավորող  Վիլյամ Կարապետյանի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքվել է հոկտեմբերի 4-ին: Ստացվում է, որ Վիլյամ Կարապետյանին հոկտեմբերին վարչապետի աշխատակազմը պատվիրել է ծառայություններ մատուցել սեպտեմբերի համար, ինչը, համաձայնեք, փոքր ինչ խնդրահարույց, միևնույն ժամանակ, իրավական տեսանկյունից անհասկանալի իրողություն է:

Ինչպես նաև, բոլոր պայմանագրերում առկա են սահմանված գումարների վճարման ժամանակացույցի խախտումներ, այսինքն` սխալ է հաշվարկվում ամբողջական գումարի ամսական վճարման ժամանակացույցը: Օրինակ`

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նախատոնական ասուլիսի ժամանակ արդարացնում էր մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը որպես առավել արդյունավետ և վերահսկելի միջոց: Ինչպես ասուլիսի ընթացքում Էդուարդ Աղաջանյանը նշել է, և ինչպես նաև գրված է հարցման պատասխանում, «եթե միջոցառումը կազմակերպվեր մրցութային ընթացակարգով, ապա հնարավոր էր կորցնել դրա կառավարման օղակները, այսինքն` վերահսկելի չէր լինի միջոցառման թե’ տեխնիկական, թե’ բովանդակային հատվածը»:

Փաստորեն, ստացվում է, որ այս ձևով ևս վերահսկելի չեն դարձել միջոցառման կազմակերպման կառավարման օղակները:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն