ԱԳ նախարարի թերացումները ԼՂ հիմնախնդրի հետ կապված BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ

article-image

Հոկտեմբերի 25-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC» լրատվական ծառայության «Hard Talk» հաղորդմանը բուռն արձագանքի արժանացավ  հասարակական, քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Արձագանքների մեծ մասը հակասական բնույթ էր կրում և առավելապես ուղղված էին Զոհրաբ Մնացականյանին քննադատելուն: Հայաստանյան հասարակության մոտ կարծես թե զարմանք էր առաջացրել այն փաստը, որ «Hard Talk»-ի հաղորդավար Սթիվեն Սաքուրը  քաջատեղյակ է հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական իրադարձություններից և ավելի սթափ՝ իրականության մոտ օբյեկտիվ գնահատականներ է հնչեցնում, քան հանրային և քաղաքական իշխանության մաս կազմող մի շարք պաշտոնյաներ, այդ թվում նաև՝ Զոհրաբ Մնացականյանը:

Հաղորդման ժամանակ Մնացականյանը կարծես թե չուներ համոզիչ փաստարկներ և անընդհատ կրկնում էր վարչապետ Փաշինյանի՝ արդեն վաղուց ծեծված խոսքերը հեղափոխության, դրա արժեքների, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, անկախ դատական համակարգի, համակարգային կոռուպցիայի վերացման մասին:

Առավել ուշագրավ էին հաղորդավարի սուր, մանիպուլյատիվ հարցերը ԼՂ հիմախնդրի կարգավորման վերաբերյալ և Զոհրաբ Մնացականյանի խուսափողական, պաշտպանողական պատասխանները, որոնք ինչ-որ տեղ նաև ոչ պրոֆեսիոնալ էին արտաքին քաղաքական գերատեսչությունում երկար տարիներ պաշտոններ զբաղեցրած նախարարի համար:

Այժմ առավել մանրամասն կներկայացնենք, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ո՞ր հարցադրումներին ի՞նչպես պետք է պատասխաներ կամ ի՞նչ է բաց թողել Մնացականյանը հետևողական չլինելու պատճառով:

Սթիվեն Սաքուր. «Դուք ասում եք, որ խոսքը ինստիտուտների ձևավորման մասին է, ասում եք, որ դրա համար որոշ ժամանակ կպահանջվի: Ես հասկանում եմ դա, յուրաքանչյուրն էլ կհասկանա դա: Միևնույն ժամանակ մենք ակնկալում ենք այլ ազդակներ, որոնք կփաստեին, որ թավշյա հեղափոխության արդյունքում իրական փոփոխություններ են տեղի ունեցել: Եվ ուղղություններից մեկը, որտեղ մենք փոփոխություն պետք է փնտրենք, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Ձեր երկրի և Ձեր հարևան Ադրբեջանի միջև հակամարտության՝ ներկայումս փակուղի մտած իրավիճակն է: Ես դեռևս որևէ նշան չեմ տեսել առ այն, որ Ձեր կառավարությունը հակամարտության շուրջ նոր գաղափարներ և պատկերացումներ է առաջ քաշել»:

Զոհրաբ Մնացականյան. «Շնորհակալություն: Տեսեք, հեղափոխության շնորհիվ մեր ներքին նպատակներին հասնելու ճանապարհին ոչ ոք կասկածի չի ենթարկել մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եղել են բավականին հետևողական. այն է՝ ապահովել Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության կայունությունը: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն անվտանգության մեծ մարտահրավեր է Հայաստանի, մեր ժողովրդի համար: Մեզ համար դա, նախևառաջ, մեր հայրենակիցների անվտանգության, մարդու անվտանգության, 150000 մեր հայրենակիցների անվտանգության խնդիրն է: Մեր կառավարությունը, առանց հապաղելու, անմիջապես ներգրավվել է կարգավորման գործընթացի մեջ, և ներգրավվել ենք կառուցողական ձևով: Մենք լիովին քաջատեղյակ ենք խաղաղության օգուտների մասին, մենք խաղաղություն ենք ցանկանում, մենք ցանկանում ենք հասնել դրան, սակայն այնպես, որ պահպանվի կողմերի հանձնառությունների ողջամիտ հավասարարժեքությունը և մենք լուծենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի  մեր բացարձակ առաջնահերթությունները»: 

Այսպես, Մնացականյանը կարծես թե չի նկատում կամ չնկատելու է տալիս հաղորդավարի հարցադրման մեջ թաքնված այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածք է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սա հենց այն թեզն է, որը երկար տարիներ առաջ է տանում Ադրբեջանը: Այս ձևակերպումից ստացվում է այնպես, որ չկա ԼՂ ժողովուրդ, չկա ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կա միայն վիճելի տարածք, որի վրա բնակվում են հայերը, և որի շուրջ ընդհանուր հայտարարի չեն գալիս հենց Հայաստանը և Ադրբեջանը, իսկ երրորդ կողմ հասկացությունը՝ ի դեմս իրենց ինքնորոշումը իրացրած արցախահայության՝ որպես առանձին սուբյեկտի, բացակայում է:

Այս կոնտեքսում Մնացականյանը ուղղակի պարտավոր էր խոսել ինքորոշման իրավունքի՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքերից մեկի և դրա լիակատար իրավունքից օգտված Արցախի ժողովրդի մասին: Հիշեցնենք, որ այս սկզբունքը ամրագրված է Հելսինկիի եզրափակիչ ակտով, որը այժմ ԼՂ հիկմնախնդրի կարգավորման հիմքում է դրված:

Արցախահայության ինքնորոշման մասով Մնացականյանը չի անդրադառնում հիմնախնդրի առանցքում գտնվող շատ կարևոր պատմական փաստի, մասնավորապես՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից Շահումյանի շրջանում անցկացված հանրաքվեին, որին մասնակցեց գրանցված քաղաքացիների 82.2 տոկոսը: Քվեարկությանը մասնակցածների 99.89 տոկոսը կողմ քվեարկեց Ադրբեջանից անկախանալու օգտին: Արցախի Հանրապետության բնակչության այս որոշումն ամրագրվեց 1991 թվականի դեկտեմբերի 28-ի Պետական անկախության մասին հռչակագրում:

Հաջորդ դիտարկումը կապված է ԼՂ կարգավիճակի հետ։ Մնացականյանն իր պատասխանի մեջ ներառում է «ԼՂ ժողովրդի անվտանգություն և կարգավիճակ» ձևակերպումը, սակայն չի կոնկրետացնում՝ ի՞նչ կարգավիճակի մասին է խոսքը, անկախությու՞ն, թե՞ միգուցե Ադրբեջանի տարածքում լայն ինքնավարություն: Ի դեպ, ներկայիս իշխանությունների մոտեցումները այս հարցի կապակցությամբ դեռ հայտնի չեն նույնիսկ հենց Արցախի և Հայաստանի ներքին լսարաններին:

Սթիվեն Սաքուր. «Պարո՛ն նախարար, Դուք ասում եք, որ խաղաղություն եք ուզում: Այդ դեպքում բացատրեք, թե ինչու օգոստոսին, ընդամենը մի քանի ամիս առաջ, վարչապետը բարձր մակարդակով արված ելույթում առանց որևէ երկմտանքի հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»

Զոհրաբ Մնացականյան. «Ճիշտ է»:

Սթիվեն Սաքուր. «Արդյո՞ք նա խաղաղություն է ցանկանում»

Զոհրաբ Մնացականյան. «Նա իրապես խաղաղություն է ցանկանում, քանի որ Հայաստանի վարչապետը շարունակաբար պնդում է, որ կարգավորումը, որին մենք պետք է հասնենք, պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Մենք սպասում ենք Ադրբեջանի կողմից ազդակի, հայտարարության, որտեղ նույնպես անդրադարձ կլինի նաև մեր շահերին, մեր մտահոգություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հետ: Նրանք հրաժարվում են դա անել»: 

Այս դիալոգի ընթացքում Մնացականյանը ստանձնում էր Նիկոլ Փաշինյանի անձնական պաշտպանի պարտականությունները, այնինչ ավելի արդյունավետ և ռացիոնալ կլիներ, եթե Մնացականյանը, հանդիսանալով արտաքին գերատեսչության համար մեկ պաշտոնյան, նախօրոք աշխատանքներ տաներ վարչապետի հետ «ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի»-ի մասով, որպեսզի հետագայում ստիպված չլիներ վճարել այդ գինը միջազգային հանրության առաջ: Միանշանակ արտաքին քաղաքական նման գիծ առաջ տանելը, մեղմ ասած, անլուրջ է, քանի որ երկրի առաջին դեմքի մակարդակով հնչեցրած ցանկացած միտք պետության կարծիքն է արտացոլում, և այստեղ ակնհայտ է, որ Մնացականյանին այլ բան չէր մնում, քան «Արցախը Հայաստան է և վերջ» Փաշինյանի հայտարարությունը քողարկել նախկինում նույն վարչապետի կողմից ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ արված վերացական և անիրատեսական խաղաղասիրական կոչերով: Մնացականյանը, խոսելով բանակցային գործընթացից, այդպես էլ «մոռանում է» Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության մասին: Տարիներ շարունակ տարվող բանակցային որևէ առաջարկ, որևէ քայլ այդպես էլ չհիշատակվեց նախարար Մնացականյանի կողմից:

Բնականաբար իր հարցերից քաջատեղյակ և պրոֆեսիոնալ հաղորդավարը, այս պատասխանը չընդունելով, էլ ավելի հակադարձող հարց է հնչեցնում.

Սթիվեն Սաքուր. «Պետք է անկեղծ լինեմ, երբ վարչապետը հայտարարեց. «Ղարաբաղը Հայաստանն է, և վերջ», երբ նա հասկանում է, որ դա շրջանցում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի և բոլոր միջազգային անկախ մարմինների դիրքորոշումը, ես դժվարանում եմ որակել այդ ժեստը որպես խաղաղությանն ընդառաջ քայլ, հատկապես երբ նա այդ ելույթի ժամանակ առաջնորդում էր ամբոխին միասնականության կոչերով, այն նույն ազգայնական կարգախոսներով, որոնք լսելի էին 80-ականներին և 90-ականներին՝ Ադրբեջանի դեմ պատերազմի ժամանակ:  Իսկ Դուք ասում եք, որ Ձեր վարչապետը նվիրված է խաղաղությանը»: 

Զոհրաբ Մնացականյան. «Ես ասում եմ դա, քանի որ Հայաստանի օրակարգը, համահայկական օրակարգը վերաբերում են նաև Արցախին: Հայաստանը հետապնդում է զարգացման օրակարգ, համախմբման օրակարգ և չի կարող դուրս թողնել Արցախի ժողովրդին. դա համահայկական օրակարգ է: Մենք մի ազգ ենք, որը, լինելով Հայաստանի Հանրապետության տարածքում, միաժամանակ ունի համաշխարհային ընդգրկում»:

Սթիվեն Սաքուր. «Բայց պետք է ճանաչեք միջազգային իրավունքը»:

Այն ինչ եղավ հետո, այս հարցազրույցի թերևս ամենացավոտ հատվածն է մեզ համար.

Զոհրաբ Մնացականյան. «Դրա շրջանակներում, Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Մենք...»։ 

Սթիվեն Սաքուր. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»: 

Զոհրաբ Մնացականյան. «Ոչ: Իմ ասածն այն է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվում են մեր հայրենակիցները, որոնց անվտանգության մասին մենք հոգ ենք տանում, մենք նրանց անվտանգության միակ երաշխավորն ենք, սակայն մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը, որի շրջանակում Արցախի կարգավիճակը և անվտանգությունը մեր հիմնական առաջնահերթություններն են: Մենք հանձնառու ենք խաղաղ կարգավորմանը։ Մենք երբեք չենք շեղվել այդ խաղաղ կարգավորման գործընթացից»:

Մնացականյանն ուղղակի իրավունք չուներ անպատասխան թողնելու հաղորդավարի հերթական մանիպուլյատիվ և մոլորեցնող հարցը, այստեղ պետք էր ևս մեկ անգամ հիշատակել և կարևորել այն փաստը, որ կարգավորման առանցքային դերակատարումը ԼՂ ժողովրդի ինքնորոշման ճանաչումն է և իհարկե մեծ քանակությամբ պատմական փաստեր մեջբերեր Արցախի պատմական Հայաստանի մաս կազմելու վերաբերյալ՝ սկսած Ուրարտական Հայաստանի, Մեծ Հայքի, Խամսայի մելիքությունների ժամանակաշրջաններից, վերջացրած հետխորհրդային ԼՂ ինքավար վարչական միավոր լինելու, իսկ հետագայում նաև Հայաստանի Հանրապետության մաս կազմելով:

Հատկանաշական փաստ է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը այնքան թույլ է, անլուրջ և հակասական, որ նույնիսկ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համապարփակ տեղեկություններ չունեցող լրագրողը կարողանում է Արցախի հարցով հիմնական բանակցողին փակուղի մտցնել իր կիսարագրագետ և կողմնակալ հարցերով: Պատկերացնելն անգամ ցավալի է, թե ինչ է կատարվում իրական բանակցային գործընթացներում:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն