ԻՊ առաջնորդի «մահերը». Քանի անգամ է «սպանվել» Աբու Բաքր ալ-Բաղդադին

article-image

Հոկտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ղեկավար, ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանության մասին: Ասվում է, որ ալ-Բաղդադին ինքնասպանություն է գործել` գործի դնելով մահապարտի գոտին` իր հետ սպանելով նաև իր երեխաներից երեքին:

Նախկինում տարբեր տարիներին ավելի քան 8 անգամ տարբեր պետությունների և լրատվամիջոցների կողմից հայտարարվել էր նրա չեզոքացման մասին, սակայն այդ լուրերը մշտապես հերքվում էին:

Ալ-Բաղդադին «Իսլամական պետության» ղեկավար էր դարձել դեռևս 2010 թվականից իր նախորդի` Աբու Օմար ալ-Բաղդադիի մահվանից հետո:

Տարիներ շարունակ միջազգային տեղեկատվական հարթակներում շատ էին շրջանառվում ահաբեկչական խմբավորման ղեկավարի չեզոքացման մասին լուրերը: Դեռ 2015 թվականի ապրիլին անգլիական «The Guardian» պարբերականը հաղորդել էր, որ ահաբեկիչների ղեկավարը վերականգնվում է Մոսուլում տեղի ունեցած ավիահարվածների հետևանքով ստացած վնասվածքներից: Նշվում էր, որ Ալ-Բաղդադին ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել, ինչի հետևանքով գուցե երբեք չկարողանա դարձյալ իր ձեռքը վերցնել ԻՊ-ի ամբողջական ղեկավարումը:

Նույն տարվա հոկտեմբերին Իրաքի բանակը պնդում էր, որ Իրաքի Անբար նահանգում հարվածել է Ալ-Բաղդադիի ավտոշարասյանը: Սակայն բավական մեծ էր հավանականությունը, որ գլխավոր ահաբեկիչը  չէր էլ եղել ավտոշարասյան մեջ: Իրաքի պաշտոնյաները հաստատել էին, որ ավիահարվածներից նվազագույնը ԻՊ ութ առաջնորդ է սպանվել Անբար նահանգում, սակայն Ալ-Բաղդադիի մարմինը չի եղել նրանց մեջ:

2016 թվականի հունիսին Իրաքի պետական հեռուստաընկերությամբ հայտարարվեց, որ ԻՊ առաջնորդը Իրաքի հյուսիսում վիրավորվել է ԱՄՆ զինված ուժերի ավիահարվածից: Սակայն ամերիկյան և Իրաքի պաշտոնական շրջանակները հայտարարել էին, որ չեն կարող հաստատել տեղեկությունը:

Նույն ամսին մի շարք լրատվականներ լուրեր տարածեցին, որ Ալ-Բաղդադին հունիսի 12-ին սպանվել է Ռաքքայում դարձյալ ԱՄՆ ավիահարվածից: Սակայն սա ևս  չհաստատվեց պաշտոնյաների կողմից:

2016 թվականի հոկտեմբերին լրատվականները պնդում էին, որ Ալ-Բաղդադին և ևս ԻՊ երեք բարձրաստիճան անձ թունավորվել են, սակայն, այնուամենայնիվ, ողջ են մնացել:

2017 թվականի հունիսին սիրիական պետական հեռուստաընկերությունը հայտարարել էր, որ Ալ-Բաղդադին սպանվել է ԱՄՆ օժանդակությամբ հրետանային հարվածից:

Նույն ամսին ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, լուրեր տարածեցին, որ Ալ-Բաղդադին հավանաբար սպանվել է Ռաքքայի մոտակայքում ռուսական ավիահարվածից դեռևս մայիսին: Ամերիկյան կողմը կասկածի տակ դրեց լուրի իսկությունը:

Ավելի ուշ, ռուս քաղաքական գործիչ Վիկտոր Օզերովը հաստատում էր, որ Ալ-Բաղդադին մահացել է:

2017 թվականի հունիսի վերջին Իրանի պետական լրատվական գործակալությունը հոդված հրապարակեց, որտեղ հղում կատարելով Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցչին, նշվում էր, որ Ալ-Բաղդադին «հավանաբար մեռած է»: Ավելի ուշ, հոդվածի նոր խմբագրությամբ այդ հատվածը հանվել է:

Նույն թվականի հուլիսին իրաքյան լրատվականներից «Ալ Սումարիան» (“Al Sumaria”) հայտարարեց, որ ահաբեկիչների առաջնորդը մահացել է: Սակայն քրդական ահաբեկչության դեմ պայքարող պաշտոնյաներից մեկը վստահեցրել էր, որ Բաղդադին «99 տոկոսով» կենդանի է և թաքնվում է Ռաքքայում:  

Արդեն իսկ այս օրերին ԱՄՆ իշխանությունները, ի դեմս նախագահ Դոնալդ Թրամփի, հայտարարում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդը վերջնականապես ոչնչացված է: Թրամփը նշում է, որ ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում  ԻՊ առաջնորդը մտել է թունելային փակուղի, որտեղ գործի է դրել մահապարտի գոտին` սպանելով նաև իր հետ եղած երեք երեխաներին: Նշվում է նաև, որ հատուկ գործողության ընթացքում սպանվել են նաև Բաղդադիի կանանցից երկուսը (Որոշ աղբյուրներ պնդում են, որ Ալ-Բաղդադին երեք կին է ունեցել):

Ավելի ուշ, CNN լրատվականը տեսանյութ հրապարակեց, որտեղ մեծ պայթյուն է տեղի ունենում այն վայրում, ուր հավանաբար գտնվում էր Ալ-Բաղդադին: CNN-ը, սակայն նշում է, որ չի կարող հաստատել տեսանյութի հավաստիությունը: Պենտագոնը, իր հերթին, չի պատրաստվում հրապարակել որևէ լուսանկար կամ տեսանյութ Բաղդադիի մահվան վերաբերյալ:

Պենտագոնի անանուն աղբյուրները լրատվականներին հայտնել են, որ Ալ-Բաղդադիի աճյունը ծովին է հանձնվել:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն