Թուրքիան կրկին խոսում է սպառնալիքի լեզվով, իսկ Հայաստանը հապաղում է

article-image

Թուրքիայի ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն իր Բաքու կատարած այցի ժամանակ «Չմիացած երկրների շարժման» գագաթնաժողովում, անդրադարձել է մեզ համար մի շարք առանցքային հարցերի և արել է այնպիսի հայտարարություններ, որոնք կարևորագույն նշանակություն ունեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում։ Մասնավորապես, Չավուշօղլուն նշել է, որ «Թուրքիան միշտ սատարել է եղբայրական Ադրբեջանին, և Ադրբեջանի վիշտը Թուրքիայի վիշտն է, իսկ Ադրբեջանի ուրախությունը նաև Թուրքիայի ուրախությունն է: Անկարան ամեն ինչ կանի Ադրբեջանի օկուպացված հողերը ազատագրելու համար»։

Առաջին հայացքից Թուրքիայի կողմից նման հայտարարությունները կարող են սովորական թվալ, քանի որ նման ձևակերպումներ բազմիցս եղել են ԼՂ հիմնախնդրի հետ կապված, սակայն ո՞րն է այս ձևակերպման էական տարբերությունը․ Այս անգամ Անկարան ոչ միայն հերթական անգամ կարևորեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն» ասվածը, այլ նաև պատրաստակամություն հայտնեց անմիջական մասնակցություն ունենալ, իրենց ընկալմամբ, ադրբեջանական հողերի ազատագրման գործում։

Սակայն Չավուշօղլուի հաջորդ հայտարարությունները, այն էլ ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում, երբ Թուրքիան կարողացավ էլ ավելի բարձրացնել իր արտաքին ինքնիշխանությունը և Ռուսաստանի հետ համատեղ ջանքերով հասնել ցանկալի արդյունքի Սիրիայում քրդերի դեմ պատերազմում, էլ ավելի մտածելու տեղիք է տալիս և մեծացնում է ոչ միայն Արցախի տարածքային ամբողջականության և խաղաղ բանակցության դեմ ոտնձգությունների իրատեսական լինելու վտանգը, այլ նաև անմիջական վտանգ է սպառնում Հայաստանի համար։

Չավուշօղլուն իր ելույթի մեջ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքները ապարդյուն են, և ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել Ռուսաստանի ջանքերով, Նա նշել է, որ Էրդողանը այս հարցը ամեն անգամ բարձրաձայնում է Պուտինի հետ հանդիպելիս, և Ռուսաստանի կողմից նման պրոցես սկելու դեպքում Թուրքիան իր ակտիվ ներգրավվածություն կունենա այդ գործընթացներում։

Ինչպես տեսնում ենք, Թուրքիան ձեռնամուխ է լինում Ռուսաստանի միջոցով դառնալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանցքային դերակատարում ունեցող պետություն և իրագործել Ադրբեջանի վաղեմի ծրագրերից մեկը, այն է՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը դուրս թողնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կարգավորման տիրույթից։ Բնականաբար, իրադարձությունների այսպիսի հանգուցալուծումը մեզ համար ոչ մի դրական արդյունքի չի հանգեցնի, այն էլ այնպիսի պայմաններում, երբ Ադրբեջանը 20 տոկոսով ավելացնւմ է իր ռազմական բյուջեն և բավական ինտենսիվ կերպով լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, իսկ Հայսատանը, ընդհակառակը, նվազեցնում է ռազմական ծախսերը 0․8 տոկոսով, իսկ բանակցային գործընթացում ԱԳ նախարարի և երկրի վարչապետի մակարդակով անում իրարամերժ, իսկ հաճախ պարզապես անիրատեսական, խաղաղասիրական և չհիմնավորված, միջազգային և ներքին լսարանի համար անհասկանալի հայտարարություններ։

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Չավուշօղլուի հայտարարություններին, նշել է

«Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն մոտեցումը, որն արտահայտված է ՀՀ արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ սա իրենից ներկայացնում է վտանգ, և սա շատ լուրջ խնդիր է։ Դատապարտելի է Թուրքիայի նման մոտեցումը, անընդունելի է և արտահայտում է մեր այն խորքային մտավախությունը, որ վերաբերում է անվտանգության առումով վտանգ ներկայացնելուն»:


Հեղինակ` Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն