Factor.am-ը Արսեն Բաբայանի կալանավորման հանգամանքների մասին կեղծ տեղեկատվություն է տարածում

article-image

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, Factor.am լրատվականը հանդես է եկել հրապարակմամբ` կապված ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ ՀՀ ԱԺ կայքում տեղադրված հայտարարության ժամանակագրության հետ։

«Հանգամանք, որը կասկածի տակ է դնում Արա Բաբլոյանի հավաստիացումը» վերնագրով հրապարակման մեջ, հղում անելով ԱԺ կայքում հրապարակվող լուրերի թվագրմանը` Factor.am-ը նշում է, թե Արա Բաբլոյանի` Գագիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունը Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրվել է մարտի 5-ին, ապա ամսաթիվը փոփոխվել է մարտի 2-ով։

«Բացելով 2018 թվականի մարտի 5-ի հրապարակումները՝ և կատարելով փոքրիկ  ուսումնասիրություն, տեսնում ենք, որ 2018-ի մարտի 5-ին ԱԺ կայքում տեղադրված նյութերի համարներից մեկը՝ 10054-ը, բացակայում է»։ Ապա նշվում է, որ մարտի 5-ին տեղադրված 2 նյութերի (10053, 10055) հաջորդականության միջև բացակայում է 10054 համարով նյութը: Հոդվածի հեղինակը վերը նշվածից անում է հետևյալ եզրակացությունը. «Այսինքն՝ ստացվում է, որ Գագիկ Հարությունյանի վերաբերյալ հրապարակումը ԱԺ կայքում իրականում տեղադրվել է մարտի 5-ին, սակայն հետո հրապարակման ամսաթիվը փոխել են։ Իսկ նյութի հերթական համարը՝ 10054-ը, որը բազայից դրվող հերթական համարն է, մնացել է նույնը՝ այդպիսով մատնելով ողջ եղելությունը»,- գրել է Factor.am-ը:

Այժմ հասկանանք, թե արդյոք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված նյութերի հերթական համարների հաջորդականության չպահպանված լինելու հանգամանքը ենթադրո՞ւմ է, որ դա արվում է անձի միջամտությամբ և դիտավորյալ։ Արդյո՞ք դա միակ դեպքն է, երբ ԱԺ կայքում նյութերի հերթական համարների հաջորդականությունը պահպանված չէ։ Եթե՝ ոչ, ապա արդյո՞ք սա նշանակում է, որ Factor.am-ը, կեղծ տեղեկատվություն հրապարակելով, հանրությանը մոլորեցնելու դիտավորություն ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված լուրի՝ ԱԺ կայքում թողարկման ժամանակագրության պատճառով քրեական գործ է հարուցվել:

Այսպես, AntiFake.am-ը ուսումնասիրել է ԱԺ պաշտոնական կայքի տարբեր ժամանակների հրապարակումները և պարզել, որ հրապարակված նյութերի հերթական համարների հաջորդականությունը պահպանված չէ տարբեր ժամանակներում տեղադրված տարբեր նյութերի դեպքում։ Սկսենք 2018 թվականի մարտի 1-ից։

2018թ. մարտի 1-ին հրապարակված առաջին նյութն է` «Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը»։ Նյութի համարը՝ 10044:

Անմիջապես հաջորդ նյութն է՝ «Ազգային ժողով էին այցելել Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի աշակերտները»։ Նյութի համարը՝ 10046:

Այսպիսով, տեսնում ենք, որ 1044-րդ համարի նյութին միանգամից հաջորդում է 10046-րդ:

Անցնենք առաջ.

Այսպես, 2018թ. մարտի 2-ին հրապարակված առաջին նյութն է` «Խորհրդարանն ընտրել է Հանրապետության չորրորդ նախագահին»։ Նյութի համարը՝ 10051:

Հաջորդ նյութն է՝ «Հայ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին»։ Նյութի համարը՝ 10052:

Հաջորդը՝ «Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ», համարը՝ 10054:

Հաջորդը՝ «ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ»։ Համարը՝ 10058:

Այսպիսով, տեսնում ենք, որ քննարկվող հայտարարության նյութի հերթական համարին հաջորդում է ոչ թե 10055-ը, այլ 10058-ը։

Անցնենք առաջ. 2018 թ. մարտի 5-ին կայքում հրապարակված առաջին նյութն է՝ «Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր», համարը՝ 10037:

Կրկին տեսնում ենք, որ մարտի 2-ի վերջին նյութին հաջորդած նյութի հերթական համարի հաջորդականությունը չի պահպանվել՝ 10058-ին հաջորդել է 10037-ը։

Դրան հաջորդել է՝ «Մարտի 6-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ», նյութի համարն է՝ 10050:

Այստեղ էլ 10037-ին հաջորդել է 10050-ը։

Հաջորդը՝ «ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում», համարը՝ 10053:

10050-ին հաջորդել է 10053-ը։

Հաջորդը՝ «ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում», համարը՝ 10055:

Այստեղ էլ 10053-ին հաջորդել է 10055-ը։ Հենց այս համարներից էլ «կառչել է» Factor.am-ն իր ուսումնասիրությունը հիմնավորելու համար։ Մինչդեռ տեսնում ենք, որ նյութերի համարների հաջորդականությունը ԱԺ կայքում պահպանված չէ բազմաթիվ դեպքերում։

Այժմ ուսումնասիրենք ԱԺ կայքի ավելի «թարմ» նյութերի համարների հաջորդականությունը։ Պայմանականորեն բացենք 2019 թվականի հուլիսի հրապարակումները։

Այսպես, 2019 թ. հուլիսի 12-ին ԱԺ կայքում հրապարակված առաջին նյութն է «Տեղեկատվություն մամուլի ասուլիսի վերաբերյալ», նյութի համարը՝ 11854։

Դրան հաջորդել է ««Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակում սիրով հրավիրում ենք Ազգային ժողովի այգում կայանալիք համերգին», համարը՝ 11858։

Նկատենք, որ այստեղ 11854-ին հաջորդել է 11858-ը։

Շարունակենք. հաջորդ նյութը՝ «ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում», համարը՝ 11868։

Տեսնում ենք, որ այս դեպքում ևս առկա է նյութի համարների հաջորդականության խախտում՝ 11858-ին հաջորդել է 11868-ը։

Այսինքն, ըստ Factor.am-ի ուսումնասիրության տրամաբանության` այստեղ առկա է «խախտում», և դրա տակ պետք է գտնել «լրջագույն քրեական հանցագործության տարրեր», ՀՀ ԱԺ ներկայիս նախագահ Արարատ Միրզոյանին էլ «կանչել պատասխանատվության»։

Կարող ենք ենթադրել, Factor.am-ը հրապարակումը կատարելիս չի սահմանափակվել իր կողմից մատնանշած 3 նյութերի համարներն ուսումնասիրելով, քանի որ դա կլիներ խիստ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հետաքննական լրագրությանը։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Factor.am-ը նպատակ է ունեցել մանիպուլացնելու հանրությանը՝ մատուցելով կեղծ տեղեկատվություն։

Ուշագրավ է, որ լրատվամիջոցը Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության, ապա կալանավորման հիմքեր հայթայթելու հարցում «օգնության» է հասել իրավապահ մարմիններին: Մինչդեռ ինչպես տեսանք, հրապարակումը նույնքան հիմնազուրկ է, որքան Բաբայանին և ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքները:

Միաժամանակ նկատենք, որ այժմ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի ամբողջական կառավարումը ԱԺ ներկայիս աշխատակազմի վերահսկողության տակ է, և անգամ չի կարելի բացառել, որ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի նկատմամբ քաղաքական հետապնդումները «հիմնավորելու» միջոցներ փնտրելիս գործի կդնեն նաև ԱԺ կայքում Արա Բաբլոյանի հայտարարության վերաբերյալ նյութի համարը սերվերային միջամտությամբ փոփոխելու և ցանկալի պատկեր ստանալու տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ AntiFake.am-ը հոկտեմբերի 28-ին անդրադարձել էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն սուտ հայտարարությանը, համաձայն որի` ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունը ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվել է մարտի 5-ին, սակայն ամսաթիվը փոխվել է մարտի 2-ով։ AntiFake.am-ը պարզել էր, որ Google-ը Արա Բաբլոյանի՝ ԱԺ կայքում տեղադրված հայտարարությունն ինդեքսավորել է հենց մարտի 2-ով: Սա նշանակում է, որ ԱԺ կայքում պարոն Բաբլոյանի հայտարարությունը դրվել է հենց մարտի 2-ին:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն