Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի սխալ հրապարակումները ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևի վերաբերյալ

article-image

Ինչպես երեկ ուշ գիշեր հայտնի դարձավ, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 495 կողմ և 11 դեմ ձայներով ընդունեց H296 բանաձևը, որով պալատը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:

Այս առիթով բազմաթիվ հրապարակումներ եղան, որտեղ շնորհակալություն էին հայտնում ԱՄՆ ղեկավարությանը, ԱՄՆ կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

Սխալ ձևակերպումներից չխուսափեցին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Բանաձևի քվեարկությունից հետո Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ին և ԱՄՆ Կոնգրեսին բանաձևը ընդունելու համար:

Ավելի ուշ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-յան իր էջում նույնպես անդրադարձել է թեմային` երկու գրառում կատարելով: (1, 2)

Նիկոլ Փաշինյանը ևս շնորհակալություն է հայտնում «պատմական քվեարկության համար»:

Ավելի ուշ, արդեն ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ գրառում է արել այս թեմայով` այս անգամ արդեն ճիշտ բովանդակությամբ:

Հարկ ենք համարում նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը բաղկացած է երկու պալատից` Ներկայացուցիչների պալատ և Սենատ, և  H296 բանաձևը ընդունվել է միայն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Ուստի ՀՀ վարչապետի և արտգործնախարարի կողմից «ԱՄՆ Կոնգրես» արտահայտության օգտագործումը այս կոնտեքստում ճիշտ չէ, քանի որ համապատասխան բանաձևի քվեարկությունը Սենատում դեռևս առջևում է, և հնարավոր է, որ նաև չընդունվի:

Անհրաժեշտ է նաև նկատել, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը իրավական և պարտադիր ուժ չունի:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը, որի հեղինակն է դեմոկրատական կուսակցությունից հայամետ գործիչ Ադամ Շիֆը: Բանաձևը նշում է. «Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունն է`

  1. Ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով;
  2. Մերժել բոլոր ջանքերը ներառելու, ներգրավելու, կամ այլ կերպ ասոցացնելու Միացյալ Նահանգների կառավարությանը Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ, և
  3. Խրախուսել կրթությունը և հանրությանը` հասկանալու Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը` ներառյալ մարդասիրական օգնության ջանքերում ԱՄՆ դերը, և,
  4. Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարված ժամանակակից հանցագործությունների համատեքստում»:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն