Ֆրանսիան չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. իշխանական քարոզչական խրախճանքի հետքերով

article-image

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Նախագիծն ընդունվեց 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:

Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Այս իրադարձությունը բուռն արձագանք գտավ հետպատերազմյան հայաստանյան սոցիալական ցանցերում։ Իշխանական քարոզչամեքենան բանաձևի ընդունումը մատուցեց որպես պատմական իրադարձություն։ Իշխանական տարբեր գործիչներ ֆեյսբուքում գրառումներ արեցին՝ շնորհավորելով իրար Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կապակցությամբ, ոմանք իրենց օգտահաշվի նկարները փոխարինեցին ֆրանսիական դրոշի նկարով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում արեց. «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։

Սորոսական շրջանակները նույնպես միացել էին իշխանական քարոզչական խրախճանքին.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Ֆրանսիական հեղափոխության կարգախոսը։

Արթուր Սաքունցը գրեց. «Բրավո Ֆրանսիա, կեցցե Հանրապետությունը»։

Հիմա հասկանանք, թե ինչ բանաձև է ընդունվել ֆրանսիական սենատի կողմից և ինչ հետևանքներ կարող են առաջանալ բանաձևի ընդունմամբ։

Այսպես, Ֆրանսիայի Սենատն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձև և ոչ թե ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Բանաձևը նախ պետք է ընդգրկվի Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգ, որտեղ ընդունվելուց հետո միայն կուղարկվի Ելիսեյան պալատ։

Հարկ է նշել, որ Սենատի (եթե հետագայում բանաձևը ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ նաև Ազգային ժողովի) կողմից բանաձևի ընդունումը պարտադիր իրավական ուժ չունի ֆրանսիական կառավարության և նախագահի համար։

Ավելին, բանաձևի ընդունումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հանդես է եկել հայտարարությամբ. «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է պաշտոնյան: Սա կարելի է որպես ազդակ ընդունել, որ Ֆրանսիայի կառավարությունը կողմ չէ պետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը։

Այսպիսով՝ այն ոգևորվածությունը, որը պատել էր իշխանական շրջականերին և որը փորձում էին մանիպուլյատիվ կերպով հանրությանը հրամցնել որպես Արցախի Հանրապետության ճանաչում և այդ հարցը միջազգային օրակարգ ընդգրկելու սկիզբ, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։

Այնուամենայնիվ, բանաձևի ընդունումը նաև դրական հետևանքներ կարող է առաջացնել, որոնց մասին գրել են իրավաբանները։

Գևորգ Դանիելյանը գրել է. «Կոնկրետ ինձ համար այդ խորհրդատվական փաստաթուղթը որոշակի արժեք ունի բոլորովին այլ ասպեկտով, մասնավորապես, դրանով կոչ է արվում միջազգային ատյաններում քննության առարկա դարձնել Արցախում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված միջազգային հանցագործությունները, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ։ Այ այս կտրվածքով մեր անելիքները և համագործակցության եզրերը առավել տեսանելի և գործնական են»։

Բանաձևի վերբերկալ իշխանական պրոպագանդիստների մանիպուլյատիվ գրառումները՝ ստորև.

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն