Նիկոլ Փաշինյանը ապօրինի ձևով տեղափոխվել է կառավարական նոր առանձնատուն (ՓԱՍՏԵՐ)

article-image

Այսօր` նոյեմբերի 2-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվեց այն առանձնատունը, ուր վերջերս ընտանիքի հետ միասին տեղափոխվել էր:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ցույց տալով առանձնատունը, միաժամանակ նշում է, որ այդ առանձնատանը մինչ այդ ապրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականին ընդունված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում հստակ սահմանված են ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի համար նախատեսված կեցության և սպասարկման պայմանները, այն է. Նախագահի համար տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ` հասցեն` Ձորափի 74, 8-րդ մասնաշենք:

Օրենքի 7.6-րդ հոդվածի համաձայն` վարչապետի համար նախատեսված սպասարկման պայմանները հետևյալն են. Վարչապետին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ, հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով հայտարարեց, որ ցուցադրվող առանձնատունը, ուր իր ընտանիքը տեղափոխվել է, դեռևս 2018 թվականի մարտին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել է Սերժ Սարգսյանին:

Իսկապես, մարտի 29-ին կայացված որոշմամբ` կառավարությունը որոշել էր Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատան սեփականության իրավունքից:

Վերը նշված փաստերից կարող ենք եզրակացնել, որ օրենքով սահմանված կարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հատկացված է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում ամրացված 3-րդ մասնաշենքը, այլ ոչ թե 6-րդ մասնաշենքը: Վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատան վերաբերյալ օրենսդրական փոփոխություն կամ այլ կարգավորում, որտեղ կնշվի կառավարական այլ առանձնատան հատկացման մասին, չկա:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատուն, որը օրենքով սահմանված կարգով իր համար նախատեսված չէ: Վարչապետի համար նախատեսված է 3-րդ մասնաշենքը, սակայն Նիկոլ Փաշինյանը, շրջանցելով օրենքը, տեղափոխվել է այն առանձնատունը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը և իրեն չի պատկանում:

Սա փաստացի հաղորդում է հանցագործության մասին:

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը