Նիկոլ Փաշինյանի անդրադարձն AntiFake.am-ի հրապարակմանը մանիպուլյատիվ է և արժանահավատ չէ

article-image

Երեկ՝ նոյեմբերի 3-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրով եթերի վերջում անդրադարձ կատարեց AntiFake.am-ի հրապարակմանը, համաձայն որի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից յուրաքանչյուրը 550.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերված 2 «Mersedec-Benz» s600 GUARD FL ամբողջությամբ զրահապատ մեքենաներից մեկը սպասարկում է իրեն, իսկ մյուսը հատկացվել է տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

«… Դա նրանց շատ նյարդայնացնում է, իսկ մեզ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին, ավելի ու ավելի ուժեղացնում է։ Էնպես որ սիրելի հայրենակիցներ, այսքանով ավարտում եմ իմ խոսքը»,-պատրաստվում էր ուղիղ եթերն ավարտել Նիկոլ Փաշինյանը, երբ հիշեց, որ «մի հատ էլ որպես դեսերտ» թեմայի պետք է անդրադառնա։

«Էս վերջերս շատ ակտիվ շրջանառվում ա և նույնիսկ ասում են, որ «sponsored» բանով տարածվում ա համացանցերում, թե իբր (ախր սենց բաները անհարմար էլ ա), թե իբր մի միլիոն դոլար ա տրվել կառավարությունից և Աննայի համար ավտոմեքենա ա գնվել։ Սիրելի հայրենակիցնե՜ր, ինչ ասեմ էս կապակցությամբ, իհարկե ասեմ, որ դա ուղղակի անհեթեթություն է կատարյալ, որովհետև նման բան ուղղակի տեղի չի ունեցել։ Դա կատարյալ անհեթեթություն է, նունիսկ, ասենք, հավելյալ որևէ բան այդ կապակցությամբ ասելու չունեմ։ Դա կատարյալ անհեթեթություն է, կատարյալ սուտ է, ընդհանրապես նման բան, կամ դրան մոտիկ ինչ-որ բան տեղի չի ունեցել»,- վստահեցրեց Փաշինյանը։

Խոսելով նաև մամուլում տարածվող այն տեղեկությունների մասին, համաձայն որոնց` Աննա Հակոբյանը և Մեհրիբան Ալիևան միևնույն ուղղաթիռով են ուղևորվել և նկատի ունենալով նաև Աննա Հակոբյանին մեքենա գնելու թեման` Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նման շփումների, հանդիպումների մասին դուք չեք կարող այլ տեղից իմանալ, բացի մեզնից, որովհետև մենք, ինչպես նախկինում, հիմա և ապագայում թափանցիկ և հաշվետու գործելակերպ ենք որդեգրել և այդպես շարունակվել է»։

«Ես ձեր աչքերը չեմ տեսնում հիմա, բայց դուք իմ աչքերը տեսնում եք և տեսնում եք, համոզված եմ, Հայաստանում ժողովրդավարության, ժողովրդի, իրավունքի գերակայության, օրինականության և ընդհանրապես մեր պետության, մեր ժողովրդի, մեր ապագայի հաղթանակը»,- եզրափակեց Փաշինյանը։

Նախ, տեսնելով Նիկոլ Փաշինյանի ամբողջ ուղիղ եթերը՝ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի համար եթերի ամենակարևոր հատվածը Աննա Հակոբյանի մեքենայի մասին տեղեկությանն անդրադառնալն էր, ինչի մասին նա ի սկզբանե պլանավորել էր խոսել և ինչը ներկայացրեց որպես «դեսերտ»։

Հիմա փաստերով խոսենք այն մասին, թե որքանով է արժանահավատ Նիկոլ Փաշինյանի «հերքումը»։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը թափանցիկ և հաշվետու է ժողովրդին իր տիկնոջը վերաբերվող հարցերում։ Արդյո՞ք Փաշինյանից է հասարակությունը տեղեկացվել Փաշինյանների ընտանիքի համար պետական միջոցներից արվող ահռելի ծախսերի և այլ սկանդալային դեպքերի մասին։ Եվ ի վերջո, որտեղ է սկսվում Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան և որտե՞ղ է ավարտվում, կամ արդյո՞ք այն ավարտվում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում Աննա Հակոբյանը մշտապես հայտնվել է սկանդալների մեջ, որոնց վերաբերյալ տեղեկությունները մամուլում հայտնվել են տարատեսակ աղբյուրներով և ոչ երբեք Նիկոլ Փաշինյանի կամ Աննա Հակոբյանի հաշվետու և թափանցիկ գործելակերպի շնորհիվ։

Այսպես, դեռ 2018 թվականի սեպտեմբերին մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն իր օգնականի պաշտոնում է նշանակել Աննա Հակոբյանի վարսահարդարին, որպեսզի պետության հաշվին հնարավոր լինի կազմակերպել նրա գործուղումները օտարերկրյա այցերի ժամանակ Աննայի վարսահարդարումն ապահովելու համար։ Ապօրինի նշանակման մասին մեծ սկանդալից հետո վարչապետի օգնականի պաշտոնում նշանակման որոշումն ուղղակի անհետացավ բոլոր պաշտոնական տեղերից։

Դրանից հետո մամուլում հրապարակվեց, որ Աննա Հակոբյանը կառավարական ինքնաթիռով գաղտնի մեկնել է Շվեյցարիա՝ ուղեկցելու ամուսնուն գործուղման ընթացքում, որը սակայն սկզբում հերքվեց Աննա Հակոբյանի խոսնակի կողմից, ապա ավելի մեծ աղմուկ բարձրանալուց հետո՝ հաստատվեց։ Դրան էլ հաջորդել էր Աննա Հակոբյանի և դստեր՝ Մարիամ Փաշինյանի կառավարական ինքնաթիռով գաղտնի ուղևորությունը Բելգիա՝ կրկին Նիկոլ Փաշինյանին ուղեկցելու համար, որը մեծ աղմուկ բարձրացնելուց հետո միայն հաստատվեց Աննա Հակոբյանի կողմից։ Այնուհետև դա հիմնավորվեց ինքնաթիռում դատարկ բազկաթոռների առկայությամբ և «ամուսնուն շատ կարոտելու» հանգամանքով։

Որոշ ժամանակ առաջ Փաշինյանի ընտանիքը կրկին հայտնվեց լրահոսի առաջին էջերում, կրկին AntiFake.am-ի շնորհիվ, երբ պարզ դարձավ, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, լինելով պարտադիր զինվորական ծառայության մեջ, գտնվում է Երևանում և մեծ թիկնազորի ուղեկցությամբ զբոսնում գիշերային Երևանի փողոցներում։ Սրա վերաբերյալ հակասական պարզաբանումներ տվեցին նախ վարչապետի և ՊՆ մամլո խոսնակները, ապա Պաշտպանության նախարարությունը՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան, որից պարզ դարձավ, որ խոսնակները ստել էին Աշոտ Փաշինյանի՝ Երևանում գտնվելու հանգամանքների մասին, և որ վերջինս գտնվում էր խրախուսական արձակուրդի մեջ։

Վարսահարդարի սկանդալը նախորդ դեպքով չսահմանափակվեց։ Որոշ ժամանակ առաջ AntiFake.am-ը բացահայտեց, որ Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը 1 տարվա ընթացքում 13 անգամ գործուղման է մեկնել և բոլոր գործուղումների ժամանակահատվածները համապատասխանում են Աննա Հակոբյանի՝ արտասահմանում գտնվելու ժամանակահատվածների հետ։ Այդ ամենը կազմակերպելու համար վարչապետի աշխատակազմը դիմել է նույնիսկ ապօրինությունների։ Բացի այդ, վարչապետի տիկնոջ անփոխարինելի վարսահարդարը 1 տարվա ընթացքում պետության վրա արժեցել է ավելի քան 10,5 միլիոն դրամ։ Սրա մասին ևս ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Աննա Հակոբյանը չխոսեցին։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի թափանցիկ և հաշվետու չլինելու մասին է խոսում նաև «հույժ գաղտնի» պայմաններում մի կառավարական առանձնատնից մյուսը տեղափոխվելու հանգամանքը, ընդ որում՝ տեղափոխումից առաջ նոր կառավարական առանձնատան հիմնանորոգման, վերանորոգման և կահավորման համար կառավարության որոշման 1-ին հրապարակային կետով 291.687.400 դրամ (մոտ 615.000 դոլար) պետական բյուջեից հատկացնելը, իսկ մյուս 2-5-րդ կետերը մինչ օրս «հույժ գաղտնի» դրոշմագրման տակ պահելը՝ չհապարակելով նաև այդ կետերով հատկացված գումարի չափը։

Շուրջ 1 ամիս կառավարական առանձնատների վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերին, որոնց համաձայն` շինարարության վրա ծախսվել է մոտ 2 միլիոն դոլար, Փաշինյաններն անդրադարձ կատարեցին միայն նոյեմբերի 2-ին՝ նոր առանձնատուն տեղափոխվելուց հետո` փաստորեն հաստատելով մամուլի տեղեկությունները, սակայն այդպես էլ չհրապարակելով, թե ի վերջո որքան գումար է ծախսվել նոր առանձնատուն տեղափոխվելու համար։

Թափանցիկության և հաշվետվողականության մասին խոսող Փաշինյանը, ով հավաստիացնում է, որ իր ընտանիքի մասին տեղեկությունները հասարակությունը կարող է իմանալ հենց իրենից, բազմիցս մերժել է տեղեկություններ տրամադրել AntiFake.am-ի պաշտոնական հարցումներին՝ օրինակ հենց կառավարական առանձնատան շինարարական աշխատանքների վերաբերյալ, նշելով, որ դա «հույժ գաղտնի է»` ծախսված գումարի համար էլ նշելով, որ տեղեկատվությունը տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, քանի որ դա պարունակում է գաղտնիք։

Նույն կերպ վարչապետի աշխատակազմը վարվել է նաև քննարկվող մեքենաների դեպքում՝ նախ AntiFake.am-ի պաշտոնական հարցումը վերահասցեագրելով Արտաքին գործերի նախարարությանը, որտեղից մեզ տրամադրեցին ոչինչ չասող և խուսափողական պատասխան, ապա վարչապետի աշխատակազմին հասցեագրված 2-րդ հարցմանը մինչ օրս պատասխան չտրամադրելով։

Նկատենք, որ մեքենաների թեմային օրեր առաջ անդրադարձել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ զրահապատ մեքենաներից մեկը սպասարկում է Աննա Հակոբյանին, Էդուարդ Աղաջանյանը նշել էր, որ դա չի համապատասխանում իրականությանը։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, անհրաժեշտ համարեց ուղիղ եթերով անձամբ իր բերանով հերքել իր տիկնոջ վերաբերյալ տեղեկությունը` գրեթե երդվելով, որ նման բան տեղի չի ունեցել։

Հարց է առաջանում, թե ինչու՞ թափանցիկության, հաշվետվողականության, ժողովրդին ամեն ինչ պատմելու խոստում տալու, իր աչքերի մեջ նայելով իրեն հավատալուն ուղղորդելու և իր տիկնոջը վերաբերվող որևէ տեղեկություն հերքելու համար երդվելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվում ավելի հեշտ, պաշտոնական և թափանցիկ ճանապարհով՝ AntiFake.am-ի պաշտոնական հարցումներին պատասխանելով։ Եթե ամեն ինչ այդքան բաց է և թափանցիկ, ինչու են կառավարության որոշումները «հույժ գաղտնի», ինչու՞ են հարցումների պատասխանները մերժվում, և ինչու՞ է Փաշինյանն այդ ամենին անդրադառնում մամուլում սկանդալ դառնալուց հետո միայն։

Վերը նշված բոլոր դեպքերի հավաքական վերլուծությունը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի թափանցիկության և հաշվետվողականության մասին հավաստիացումներն արժանահավատ չեն, իսկ Աննա Հակոբյանին կառավարության կողմից մեքենա չհատկացնելու մասին պարզաբանումը՝ սուտ այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չէ, թե որտեղ է և ում է սպասարկում ձեռք բերված 2 Mercedes-Benz s600 GUARD FL ամբողջությամբ զրահապատ մեքենաներից 2-րդը, և քանի դեռ փաստերով կամ պաշտոնապես՝ գրավոր տարբերակով չի հերքվել այն տեղեկությունը, որ այդ մեքենան սպասարկում է Աննա Հակոբյանին։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը