«5 արժեք», որոնք գտնվում են Արայիկ Հարությունյանի թիրախում. Հայոց պատմություն, եկեղեցի, բանակ, մշակույթ, ընտանիք

article-image

Դեռևս նախորդ տարվանից Կառավարության անդամ նշանակված ԵՊՀ դասախոս, արևելագետ Արայիկ Հարությունյանը իր պաշտոնավարման ընթացքում չի կարողանում խուսափել սկանդալային, քննարկվող և վիճահարույց թեմաներից:

Դեռևս նախորդ տարվա օգոստոսին Արայիկ Հարությունյանը չխորշեց վիրավորել Երևանի դպրոցներից մեկի տնօրենին` «ենթադրելով» նրա` անգլերենի չիմացությունը: Սակայն երբԱրաբկիրի համար 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը հակառակն ապացուցեց, Արայիկ Հարությունյանը հերթական անգամ հայտնվեց վատ իրավիճակում: Հետաքրքիր է, որ Արայիկ Հարությունյանը իր հրապարակային գրառումներով աչքի չի ընկնում հայերենի իր իմացությամբ, որը կարող ենք հաստատել բազմաթիվ սխալներով և վրիպակներով գրառումներով: Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով այն բանին, որ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում քառյակը թղթից էր կարդում, պատասխանեց. «Ես որևէ բան անգիր չեմ սիրում հիշել…: … Ես ունեմ ռուսական կրթություն»:

Տնօրենների լեզվական հմտությունները ստուգելուն զուգահեռ` Արայիկ Հարությունյանը անակնկալ այցեր (1, 2, 3) էր կատարում դպրոցներ և «դաստիարակչական շոուներ» կազմակերպում:

Արայիկ Հարությունյանը իր ղեկավարման մեկուկես տարվա ընթացքում արդեն իսկ հասցրել է բացասական ազդեցություն ունենալ կրթության և մշակույթի ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերի վրա: Այդ հարցերի շրջանակը բավական պարզ է. Հայ ժողովրդի պատմություն, եկեղեցի, բանակ, ընտանիք և մշակույթ:

1. Հայոց պատմություն

Կառավարության անդամներից հասարակության շրջանում ամենահակասական կերպարը համարվող Արայիկ Հարությունյանը այս տարվա օգոստոսին հայտարարել է, որ թույլ չի տվել պատմության դպրոցական դասագրքերի հետագա տպագրությունը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք պատմությունը մեկ այլ ձևով ներկայացնելու խնդիր կա, նախարարը հաստատեց` ավելացնելով, որ «քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացության, դասագրքերը չեն տպագրվելու»: Նա ասել է, որ որոշ մասնագետներ 180 աստիճանով տարբեր բաներ են գրում դասագրքերի համապատասխան նյութերում: Մասնագետները վիճում են, դպրոցները` մնում առանց գրքի: 

Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել է, որ նորագույն պատմության մի շարք իրադարձությունների մեկնաբանություններ պետք է փոխվեն:  Սակայն պատմության դպրոցական դասագրքերի հեղինակներից ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պնդում է, որ լիովին չեզոք տեքստեր է գրել:

Արայիկ Հարությունյանի կողմից այս գործելաոճը առնվազն անընդունելի է, քանի որ «հեղափոխության» ընթացքում ներկայիս իշխանությունները պնդում և երաշխավորում էին կրթական համակարգի, մասնավորապես` դպրոցներում և բուհերում, ապաքաղաքականացումը և ապակուսակցականացումը, սակայն արձանագրում ենք, որ նախարարը, ելնելով իր թիմի համար շահեկան քաղաքական դրությունից, այս դեպքում փորձում է պատմությունը, օրինակ, Մարտի 1-ի շուրջ իրադարձությունները վերաշարադրել` իշխանական կարծիքը թելադրելով դպրոցական դասագրքերում: Հարությունյանի ջանքերը զգացվում են նաև բուհական համակարգում, երբ իշխանական «Ռեստարտ» ուսանողական կազմակերպությունը իշխանությունների հետ համագործակցությամբ  ուղղակի տեռռորի էին ենթարկում ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին:

2. Հայ առաքելական եկեղեցի

Արայիկ Հարությունյանի, և ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի թիմի գլխավոր թիրախներից մեկը եղել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան և վերջինիս դասավանդումը դպրոցներում:  Մինչ նախարարը հորդորում է լրագրողներին այս թեմայից սենսացիաներ չսարքել, փոխնախարար Արևիկ Անափիոսյանը News.am-ի հետ զրույցում նշել է, որ «Եթե մեր առջև դնում ենք խնդիր, որ աշակերտները իմանան, կարեւորեն ու հասկանան Հայոց եկեղեցու դերն ու նշանակությունը հայ ժողովրդի պատմության մեջ, տարբեր մասնագետների հետ խորհրդակցելով իմ կարծիքն է, որ այն լավագույնս կարելի է ներկայացնել հայ ժողովրդի պատմության առարկայի շրջանակներում»: Անափիոսյանի կարծիքով` եթե հայ ժողովրդի պատմության համատեքստում է ներկայացվում, ավելի հստակ է դառնում, «թե տվյալ ժամանակաշրջանում եկեղեցին ինչ դեր է կարողացել ունենալ մեր բազմաչարչար պատմության մեջ: 

Ազգային ժողովում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, չխորշելով քաղաքական հայտարարություններ անելուց, շեշտել է. «Այո՛, Հայ եկեղեցու պատմությունը եւ այլ առարկաներ լուրջ վերանայման կարիք ունեն»:

Դեռևս անցած տարի օգոստոսին նախարար Արայիկ Հարությունյանը իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպում էր ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Արդեն իսկ ձևավորված Կառավարության և Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովում առաջնային քննարկվող հարցերից մեկը հենց «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հարցն է: Վերջին շաբաթներին այս թեզը ավելի գործնական տեսք է ստացել, որի առաջամարտիկը դարձյալ Փաշինյանների ընտանեկան թերթ համարվող «Հայկական Ժամանակ»-ն է: Լրատվականը հոդված էր հրապարակել «Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով» վերնագրով։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու կամ փոփոխելու մասին որոշում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դեռ չի կայացվել, հարցը Մայր Աթոռի հետ չի քննարկվել, հետևաբար, «Հայկական ժամանակը» Սորոսի ֆոնդի և ԵՄ-ի գումարներով իրականացնում է մանիպուլյացիաներով ուղեկցվող քարոզչություն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրից հանելու կամ փոփոխելու վերաբերյալ, որը, ինչպես հասկանում ենք, թե’ «Հայկական ժամանակ» լրատվականում տեղ գտած հրապարակումից և թե’ ԿԳՄՍ աշխատակցի՝ մեզ հետ ունեցած զրույցից, նախատեսվում է առաջիկայում։

Եվ սա ասվում է այն դեպքում, երբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելութունը` հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, ամրագրված է ՀՀ մայր օրենքի` Սահմանադրության 18-րդ հոդվածով: Այնինչ, նախորդ տարի իշխանությունների բացարձակ թողտվության պայմաններում ամբոխը շրջափակել և սպառնում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Իսկ արդեն «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումները, ինչպես նաև Կառավարության և Եկեղեցու ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի առկայությունը փաստում են ներկայիս իշխանությունների ունեցած վերաբերմունքի մասին:

3. Բանակ

Նախարար Արայիկ Հարությունյանի թիրախում է հայտնվել նաև հանրակրթական դպրոցներում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան: Նախարարի կարծիքով՝ արդյունավետ չէ առարկայի դասավանդման ներկայիս մեթոդը՝ բացառապես լսարանային պայմաններում դասավանդումը: Նա շեշտեց՝ հատկապես ավագ դպրոցի աշակերտները պետք է հնարավորություն ունենան այդ դասընթացներն իրականացնել  զորանոցային և ճամբարային պայմաններում, որպեսզի մարտական պայմաններին ավելի լավ ծանոթ լինեն` որպես օրինակ բերելով «Քվանտ» վարժարանում անցկացվող դասապրոցեսը:

Սակայն այստեղ ևս հարցեր են առաջանում.

  1. Ի՞նչ միջոցների հաշվին է պատրաստվում նախարարությունը իրականացնել վերոնշյալ դասընթացները, եթե նրանց չի բավարարում դասավանդման ձևաչափը,
  2. Արդյո՞ք նման ձևաչափը տարածվելու է հանրակրթական բոլոր դպրոցների և միևնույն ժամանակ ՆԶՊ առարկան սովորող բոլոր դասարանների վրա։
  3. Տարիներ շարունակ քննադատելով «Ազգ-բանակ» հայեցակարգը` իշխանությունները ինչու՞ են հիմա նախաձեռնում նման ձևաչափ,
  4. Արդյո՞ք դասավանդման նման ձևաչափը չի պարունակում ռիսկեր` կապված դպրոցականների անվտանգության հետ,
  5. Ինչպե՞ս են համատեղելու նման դասընթացները դպրոցական ուսումնական ծրագրի հետ,
  6. Եթե նշվում է, որ նման ձևաչափը հնարավոր կլինի ներմուծել ժամանակի ընթացքում, և միաժամանակ խոսվում է արդեն իսկ դասացուցակներից ՆԶՊ առարկան հանելու մասին, արդյո՞ք ստացվում է, որ դպրոցներում մինչև նոր ձևաչափի ներմուծումը ՆԶՊ առարկան չեն սովորելու:

Նախարարը անդրադառնում է հայագիտական բլոկի առարկաներին` նշելով, որ «բոլոր առարկաները, այդ թվում՝ հայագիտական՝ վերանայվելու են»: Հարկ է նշել, որ այս վերանայումները վերաբերում են հայագիտական բլոկի առարկաների դասավանդմանը և դրանց հատկացված դասաժամերին, ոչ միայն դպրոցներում, այլ նաև համալսարաններում:

Նախարարը այս գործելաոճը բացատրում է նրանով, որ իրենք սրանով ուժեղացնում են դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, այսինքն բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում այլևս անհրաժեշտություն չի լինում:

«Կարիք չկա հայոց լեզուն, հայոց պատմությունը և հայ գրականությունը ինձանից և մեր թիմից պաշտպանել». ասում է նախարարը և անում ճիշտ հակառակը:

Այստեղ ևս հարցեր են առաջանում` կապված դպրոցական որակյալ կրթության հետ: Որքանո՞վ է ԿԳՄՍ նախարարը վստահ, որ դպրոցներում անհրաժեշտ կերպով կդասավանդվեն հայոց լեզուն, հայ գրականությունը և հայ ժողովրդի պատմությունը, որպեսզի անհրաժեշտություն չառաջանա կրկնել առարկաները նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում, և կապահովվի անհրաժեշտ մակարդակը:

4. Մշակույթ և ընտանիք

Մշակույթի բնագավառում Արայիկ Հարությունյանի գործելաոճը աջակցություն չի գտնում հասարակության լայն զանգվածների կողմից: Նախարարը նշել է, որ իր  նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։

«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկելը այլևս չի լինելու Հայաստանում։ Ինչ-որ մտացածին հիմքերով ինչ-որ բաներ չեղարկելը չի լինելու»,-նշել է Հարությունյանը։

Նախարարը նկատի ուներ այն իրադարձությունը, երբ Տիկնիկային թատրոնում անցկացվելիք «Վադեր» ռոք խմբի համերգը չեղարկվել էր: Վերջերս նմանատիպ «սատանիստական բնույթի» միջոցառում էր կազմակերպվել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, որը չեղարկվել էր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի միջամտությամբ։

Փաստորեն, ՀՀ ԿԳՄՍ նախարարը կողմ է, որպեսզի մանուկների համար նախատեսված հաստատությունում տեղի ունենա դրա նպատակային նշանակությունից տրամագծորեն տարբերվող միջոցառում, այդ թվում՝ սատանիստական բնույթի համերգ։

Ավելին, վերջերս բավական աղմուկ հանած և հանրության շրջանում ակտիվ քննարկվող «Մել» ֆիլմը, ինչպես պարզվեց, ֆինանսավորվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, որն էլ, իր հերթին գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո` մինչ այդ գտնվելով նախկին Մշակույթի նախարարության ենթակայության տակ: Արայիկ Հարությունյանը, որը այս դեպքում նույնպես, կարծեք թե, շահագրգիռ կողմ է հանդիսանում, այս ֆիլմի առնչությամբ ասել էր, որ «որոշ մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, հետադիմության առաջամարտիկներ են»: Ստացվում է, որ նախարարը հետադիմական է համարում հայկական ավանդական ընտանիքը և այս արժեհամակարգը կրող մարդկանց, ավելի կոնկրետ` գրեթե ողջ հասարակությանը` ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցելով թե’ «կեղծ արևմտյան արժեհամակարգին», թե’ սեռական փոքրամասնություն հանդիսացող ԼԳԲՏ անձանց` ջուր լցնելով նաև Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը շահագրգիռ շրջանակների ջրաղացին: Չենք կարող չնշել, որ ներկայիս իշխանությունները, իրենց արբանյակ հասարակական կառույցների միջոցով փորձում են համառորեն առաջ տանել հասարակության ամենախոցելի մասի` երեխաների և դպրոցականների շրջանում Ստամբուլյան կոնվենցիայի և դրան հարակից նախագծերի անցկացումը: Որպես օրինակ կարող ենք նշել «Իմ մարմինը իմ անձնականն է» գրքի տպագրումը, տարածումը, ինչպես նաև Հանրային Ռադիոյի հաղորդավար Լյուսի Քոչարյանի հայտնի մտացածին պատմությունների շարքը, որտեղ հաճախ էին տեղ գտնում նաև մանկահասակ երեխաների մասնակցությամբ բռնության հիշատակումներ, ինչպես նաև Ստամբուլյան կոնվենցիայի մի շարք դրույթներ, որտեղ ընդհանրապես բացակայում է «ընտանիք» հասկացությունը, որին փոխարինում են «զուգընկերներ» և «ընտանեկան միավոր» խորթ և հասարակության շրջանում անընդունելի եզրույթները։

Այս օրերին հասարակության կողմից ամենաքննարկվող թեման է նաև «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, որը կազմակերպվել էր Հանրապետության հրապարակի մետրոյի շատրվանների մոտ:  Ըստ կազմակերպիչների` «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։

Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։

Այս նախագիծը ևս պետական ֆինանսավորում ունի: Նախարարությունից TERT.am-ին հայտնել են, որ «ՀուԶԱՆՔ ու Զանգ» ներկայացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության 2019թ․-ի բյուջեից հատկացվել է 2,7 մլն դրամ։

Մասնագիտական հանձնաժողովը մրցութային դրամաշնորհների համար հատկացվող 2019 թվականի տարեկան բյուջեից 2,7 միլիոն դրամ հատկացրել է այս նախագծին (ներառյալ բոլոր հարկերն ու տուրքերը)՝ որպես փորձարարական ծրագիր, որը ներկայացնելու էր պոեզիայի` ժամանակակից ընթերցանության բեմադրում, ինչի մասին նշված է ՀՀ ԿԳՄՍ հետ կնքված պայմանագրում։

Սակայն, ինչպես ներկայացման փորձը, այնպես էլ բուն ներկայացումը բոյկոտվել էր մի շարք ՀԿ-ների կողմից, որոնք, իրենց պնդմամբ, դեմ լինելով Ստամբուլյան կոնվենցիային, համոզված են, որ սա սատանիզմի քարոզ է։Նշենք, որ ամբողջ ներկայացումն ընթանում էր լարված մթնոլորտում, ներկաներից մի մասի կողմից այն ուղեկցվում էր «ամոթ, ամոթ» վանկարկումներով: Ներկայացման կազմակերպիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև նույնիսկ քաշքշուք տեղի ունեցավ. Ներկայացմանը դեմ երիտասարդներից մեկը նույնիսկփորձեց ներկայացման մասնակիցների վրա «զելյոնկա» լցնել

Ինչպես և կարող ենք վերոնշյալով հաստատել, Արայիկ Հարությունյանը իսկապես վերացրել է ցենզուրան հայկական մշակույթում:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ԿԳՄՍ նախարարությունը և համապատասխան մասնագիտական հանձնաժողովները հավանություն են տալիս վերոնշյալ նախագծերի, ներկայացումների, արվեստի ենթադրյալ ներկայացուցիչ կողմից ներկայացված տարատեսակ նախագծերի, իսկ Հանրային հեռուստաընկերությամբ տարիներ շարունակ հեռարձակվող «Հայ ասպետ» հաղորդումը արդեն մեկ տարուց ավելի է, դադարեցվել է: Ինչպես նշել էր «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր - տնօրեն, Կարին Տոնոյանը, «իրենց հիմնական «մեղքը» խիստ ազգային լինելն էր»:

Նշենք, որ նույն փոխնախարար Արևիկ Անափիոսյանը, որը նախաձեռնել է նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի «բարեփոխման» գործընթացը, հանդիսացել է նաև «Հայ ասպետին» տրվող ֆինանսավորման դադարեցման ջատագովներից մեկը: Անափիոսյանը նշել էր. «2019 թվականի բյուջեի մասին օրենքի կազմման հիմքում հետեւյալ սկզբունքն է ընկած. բոլոր այն ծրագրերը, որոնք չեն հանդիսանում պետության կողմից իրականացվող պարտավորությունների լիազորում կամ պատվիրակում որեւէ երրորդ կողմին, իրականացվելու են մրցույթով»: ԿԳ փոխնախարարը նաև նշել էր. «Մենք կարծում ենք, որ դա պետության ռեսուրսները ծախսելու տեսանկյունից արդյունավետ չէ, պետք է բաց լինի դաշտը եւ հնարավորություն տրվի մրցութային հանձնաժողովին՝ որոշելու՝ որն է նպատակին ծառայելու լավագույն միջոցը եւ նաեւ ինչպես կարելի է դրան հասնել հնարավորինս քիչ ռեսուրսներով՝ հաշվի առնելով պետության բյուջեի պայմանները»։

Ստացվում է, որ բյուջե կա տարատեսակ անհայտ և խնդրահարույց նախագծեր ֆինանսավորելու համար, սակայն գումար չի հատկացվում տարիներ շարունակ բարձր հեղինակություն ունեցող հաղորդումը շարունակելու համար:

Այս ամենից որպես եզրակացություն կարող ենք նշել, որ «մշակութային հեղափոխությունը», որը նախաձեռնել է կառավարությունը` ի դեմս դրա առաջամարտիկ Արայիկ Հարությունյանի, երկրորդական է համարում հայկական ավանդական արժեքները` այս ամենի մեջ ոտքերը սրբելով հայկական ընտանիքի և հայկականության վրա:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն