Արայիկ Հարությունյանը ստում է. Գոռ Սուջյանը պարզաբանումներ է տալիս, իսկ նախարարությունը անուղղակիորեն հաստատում է այն

article-image

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում Կառլեն Ասլանյանի հետ զրույցի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կրկին անդրադարձել է «ՀուԶանք ու Զանգ» մեծ աղմուկ հանած ներկայացմանը: Նախարարը մասնավորապես ասում է, որ «ԼԳԲՏ անվան տակ, սատանիզմի անվան տակ որակում են իրադարձություններ, որոնք երբեմն ընկալելի չեն, հասկանելի չեն, գուցե նաև կատարման տեսակետից վատն են, և շատ հստակ որոշակի մեդիա կենտրոններ և քաղաքական կենտրոններ դա թիրախավորում են. դարձնում են օրակարգ, մինչդեռ կարծում եմ, եթե այնտեղ նույնիսկ որակի խնդիր կա, դա մասնագետների քննարկման հարց է, և էստեղ դժվար թե կարելի է խոսել արժեքների փոփոխություների մասին, որովհետև մենք հսկայական քանակությամբ դրամաշնորհներ ենք տրամադրում շատ տարբեր հարցերով. Արցախի հարցով, ազգային տարբեր հարցերով, կրթական` մեր ազգային համակարգի հարցերով, և էստեղ մասնագետների քննարկելիք հարց է»:

«Մենք էստեղ պետք է պարտադիր հաշվի առնենք, որ ամեն ինչ կանխատեսել մշակույթի և արվեստի մեջ դժվար է», - նշում է Արայիկ Հարությունյանը:

Նախարարը նաև նշում է դրամաշնորհային հանձնաժողովի անդամներին. փոխնախարար Արա Խզմալյան, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիլիթ Երնջակյան, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր Լիպարիտ Ավետիսյան, երգիչ, երգահան Գոռ Սուջյան և ևս մեկ անձ, որի անունը Արայիկ Հարությունյանը չհիշեց:  Որոշումը կայացվել է նրանց կողմից:

Սակայն ավելի ուշ հայտնի երգիչ և երաժիշտ Գոռ Սուջյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախարարի հայտարարությանը` իր անվան հետ կապված:

Սուջյանը մասնավորապես գրում է. «Ժողովուրդ ջան նոր տեսա ,որ նախարարը նշում է իմ անունը ՝որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը,սակայն ուզում եմ նշել ,որ թյուր ինֆորմացիա է ՝քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու ՝այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ ՝ քանի որ մասնագետը այն անձն է ՝ ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն և եթե չեմ սխալվում տվյալ ներկայացումը նշվել էր որպես <<1920 ականների հայ հեղինակների ընթերցանության օր>>: Ամեն դեպքում ես հավատացյալ քրիստոնյա եմ և եթե ինչ որ մի բան տեսնեյի՝ որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա։»:

Արդեն այսօր ԿԳՄՍ նախարարությունը իր ֆեյսբուքյան էջում պարզաբանումներ է տվել Գոռ Սուջյանի հայտարարության առնչությամբ` մասնավորապես նշելով`

«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել:

Որպես ապացույց` հրապարակմանը կցված են նաև լուսանկարներ, որտեղ կա նաև Գոռ Սուջյանի ստորագրությունը:

Սակայն կարելի է նկատել, որ նախարարությունը անուղղակիորեն հաստատում է Սուջյանի պարզաբանումը այն մասով, որ վերջինս հանձնաժողովի անդամ չի եղել: Այնինչ նախարար Արայիկ Հարությունյանը Գոռ Սուջյանին դասում էր հանձնաժողովի անդամների շարքին:

Գոռ Սուջյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովին մասնակցել է փոխնախարար Արայիկ Խզմալյանի հրավերով և խորապես տեղեկացված չի եղել ոչ մի ծրագրից, անգամ գումարների չափին չի տիրապետում:  «Ինձ ընդամենը ներկայացվել են ֆեստիվալներ, 1920-ականների գրողներին նվիրված ինչ-որ երեկո, բայց ոչ մի մանրամասնության տեղյակ չեմ եղել, շատ մակերեսային: Ես նշել եմ, որ չեմ կարող մանրամասնորեն տեղեկանալ, որովհետև շատ ծավալուն էին ներկայացվող ծրագրերը: Ես խնդրեցի, որ ներկայացնեն, թե ինչ է լինելու, շատ մակերեսային ներկայացրել են ամեն բան, և ոչ մի կասկածելի բան չեմ տեսել, եթե տեսնեի, ապա հաստատ դեմ կքվեարկեի», - նշում է Սուջյանը:

Այն հարցին, թե երբ են եղել հանձնաժողովի նիստերը, Գոռ Սուջյանը դժվարացավ նշել կոնկրետ ժամանակահատվածը` հավանաբար, մի քանի ամիս առաջ: Հանձնաժողովի նիստի մասնակիցներին, բացի Արայիկ Խզմալյանից, Սուջյանը չհիշեց:

Այն հարցին, թե ինչ կարծիք ունի արդեն իսկ բեմադրված ներկայացման վերաբերյալ, Գոռ Սուջյանը նշեց, որ չի կարող կարծիք հայտնել, որովհետև ներկայացումը անձամբ չի տեսել, հետևել է այնքանով, որքանով հրապարակվել է համացանցում, լսել է ուրիշների կարծիքը: «Ինչ-որ խառնաշփոթ էր, որում չեմ կարող գնահատական տալ, այնտեղ լսում էի գոռգոռոցներ, իսկ էդ գոռգոռոցներից ինչ-որ գնահատականներ տալ չեմ կարող, ոչ էլ կողմ եմ բռնությանը», - պարզաբանեց Գոռ Սուջյանը:

Նշենք նաև, որ այս հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ինչպես ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարից և փոխնախարար Արայիկ Խզմալյանից, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին, և չկարողացանք կապվել համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց հետ:

AntiFake.am-ը հետամուտ կլինի այս խնդրի շուրջ բոլոր հանգամանքների վերհանման և պարզաբանումներ ստանալու համար:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն