Երևանի փոխքաղաքապետը ստել է. Վիկտոր Մնացականյանը իրականում ստացել է նկատողություն

article-image

Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե հրաժարական ներկայացրած Կենտրոնի արդեն նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հետ քաղաքապետարանում խնդիրներ եղե՞լ են, և նա քաղաքապետի կողմից նկատողություն ստացե՞լ է, նշել է, որ որևէ մեկին նկատողություն չի տրվել, լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

Սակայն փոխքաղաքապետը ստում է, քանի որ նախքան հրաժարական տալը Վիկտոր Մնացականյանին քաղաքապետը ենթարկել էր կարգապահական տույժի՝ գրավոր նկատողության։

Դրա վերաբերյալ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են Երևանի քաղաքապետարանից։

Այսպես՝ «Փաստինֆո»-ն գրավոր դիմել էր Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով հայտնել` արդյոք վերջին կես տարվա ընթացքում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ինչին քաղաքապետարանից դրական պատասխան են տվել։

«Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում»։

«Ի դեպ, նշենք, որ Վ. Մնացականյանը միակ վարչական շրջանի միակ ղեկավարն է, որը այս տարվա ընթացքում ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»,- նշված է «Փաստինֆո»-ի հրապարակման մեջ։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ստել է՝ ասելով, որ Վիկտոր Մնացականյանին նկատողություն չի տրվել։

Հիշեցնենք, որ նկատողությունը որպես կարգապահական տույժ կիրառելուց օրեր անց՝ հոկտեմբերի 24-ին, Վիկտոր Մնացականյանը հայտարարեց աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնելու մասին։ Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հրաժարական տալու որոշումը կայացրել է, քանի որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ։ Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն էր հայտնել ՀՀ վարչապետին, քաղաքապետին, Երևանի գլխավոր ճարտարապետին, իր գործընկերներին ու թիմակիցներին։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն