Օրենքի խախտմա՞մբ է «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը տրվել 2.7 միլիոն դրամ ԿԳՄՍՆ-ի կողմից. ինչ է գրված պայմանագրում

article-image

Նոյեմբերի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի  «Հանրապետության հրապարակ» կայարանի մերձակա տարածքում ներկայացված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը հասարակական լայն քննարկումների առարկա դարձավ։ Հայտնի դարձավ, որ ներկայացման ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից՝ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Մամուլում առկա տեղեկությունների համաձայն` դրամաշնորհի չափը 2.7 միլիոն ՀՀ դրամ է։

AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ՀուԶանք ու Զանգ» նախագծին հատկացված դրամաշնորհի չափը գերազանցում է իրավական ակտերով նախատեսված սահմանաչափը։ Նույնը վերաբերվում է պայմանագրով ծրագրի ղեկավարին և համակարգողին հատկացված գումարի չափին։

AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել քննարկվող ներկայացման պայմանագիրը, որին կից «Նախահաշվից» տեղեկանում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհը հատկացվել է նախագծի մասնակի ծախսերի համար։ Ընդհանուր առմամբ` հատկացվել է 2.756.200 ՀՀ դրամ, որից 1.2 միլիոն ՀՀ դրամը հատկացվել է ծրագրի ղեկավարին և համակարգողին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` թե՛ դրամաշնորհով հատկացված գումարի չափը, և թե՛ ծրագրի ղեկավարի ու համակարգողի համար նախատեսված գումարի չափը գերազանցում են դրամաշնորհային ծրագրի` իրավական ակտերով սահմանված դրամային սահմանաչափերը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում առկա 2019 թ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի 3-րդ մրցութաշրջանի բացման մասին հայտարարության հետ կցված փաստաթղթերի ցանկում, ցավոք, տեղադրված չէ դրամաշնորհային ծրագրերի նախահաշիվը կազմելու համար անհրաժեշտ սահմանաչափերը նախատեսող կարգը, ուստի՝ AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու և մեզ փոխանցված տեղեկությունը ճշտելու համար, որի արդյունքները կներակայացնենք առաջիկայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը «168.am»-ին տված հարցազրույցում նշել էր, որ իր կազմակերպությունը մի քանի ծրագիր է ուղարկել ԿԳՄՍՆ, որոնք մերժվել են, միայն մեկն է ընդունվել, այն էլ՝ մոտ 3 մլն դրամի փոխարեն՝ նախարարությունը պատրաստակամություն է հայտնել վճարել 300 հազար դրամ. «Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չվերցրիք գոնե այդ 300 հազար դրամը. վերցնելով 300 հազար դրամ՝ այն դեպքում, երբ ակնկալում ես 3 մլն, նշանակում է՝ վերահաստատել այդ մարդկանց այն միտումը, որ դու նախատեսել էիր 2.7 մլն դրամը գրպանել, 300 հազարը ծախսել նպատակային, կամ որևէ բան չէիր ծախսելու, և ինչ էլ տալիս են՝ դու գոհ ես»:

«ԿԳՄՍՆ-ն չունի դրամաշնորհային քաղաքականություն, այսինքն՝ դա ոչ թե դրամաշնորհային քաղաքականություն է, այլ հեղափոխությանը մասնակցած այն մարդկանց, որոնց պաշտոն չի հասել, վարձքը վերադարձնելու միտում ունեցող ծրագիր է։ ԿԳՄՍՆ-ից դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ղեկավարներն այս կամ այն կերպ առնչվում են «թավշյա հեղափոխությանը»,- նշել է Նիգոյանը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը