Իշխանական քարոզչամիջոցներն ապատեղեկատվություն են տարածում Արթուր Վանեցյանին անվանարկելու նպատակով

article-image

Իշխանական քարոզչամեքենան շարունակում է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի դեմ արշավը։

Երեկվանից իշխանական քարոզչամեքենա հանդիսացող լրատվականներում ապատեղեկատվություն է շրջանառվում, համաձայն որի` Արթուր Վանեցյանը, դեմ գնալով ՀՖՖ որոշ անդամներին, Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակել Ալեքսանդր Գրիգորյանին։

Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։

Վանեցյանի դեմ արշավն իրականացրել են այն իշխանական քարոզչական միջոցները, որոնց «իրական տերերն» ամենաշատն են «բողոքում» «ֆեյք նյուզ»-ից։ Ապատեղեկատվությունը տարածող լրատվականներն են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը, հանրային միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը, իշխանություններին «արջի ծառայություններ մատուցող» պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» լրատվականը։

«Հայկական ժամանակ» (armtimes.com)

Այսպես, «Հայկական ժամանակ» լրատվականը հոդված է հրապարակել «ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզիչ է նշանակվել Ալեքսանդր Գրիգորյանը. որոշել է Վանեցյանը՝ դեմ գնալով ՀՖՖ որոշ անդամների» վերնագրով, որում նշվում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի ռուսաստանցի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

«Մեր տեղեկություններով՝ նրան նշանակելու որոշումը կայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ դեմ գնալով ֆեդերացիայի որոշ անդամների կարծիքներին»,-նշված է հրապարակման մեջ։ Լրատվականը նաև գրել է. «Տեղեկություն կա նաեւ, որ Գրիգորյանն արդեն իսկ զբաղվում է հավաքականի գործերով: Նա այսօր եղել է ֆեդերացիայում եւ զբաղվել է՝ հավաքականի կազմը որոշելով»:

Հանրային հեռուստաընկերություն (1lurer.am)

Ապատեղեկատվությունը «սկանդալային» վերնագրով տարածել է նաև հանրային միջոցներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի բաժինը՝ «Ֆուտբոլի ազգային հավաքականը կգլխավորի սկանդալային մարզիչ» վերնագրով։

«Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը։ Այս մասնագետը հիմնականում հայտնի է կանանց ֆուտբոլում աշխատանքով։ Գրիգորյանի թեկնածության մասին խոսվում էր վերջին 2 շաբաթների ընթացքում։ Մեր տեղեկություններով, սակայն, նրա նշանակմանը կողմ է միայն ՀՖՖ ներկայիս նախագահ Արթուր Վանեցյանը։ Այս որոշմանը դեմ են ՀՖՖ-ում, իսկ իսպանացի տեխնիկական տնօրեն, հանրահայտ Խինես Մելենդեսը այս քայլն անընդունելի է համարում»,-նշված է հրապարակման մեջ։

Հ1-ի հրապարակումն ավելի սկանդալային դարձնելու համար դրանում շարադրվել են Ալեքսանդր Գրիգորյանի նախկին «մեղքերը». «Վորոնեժի Էներգիայի, Լադայի, Նադեժդայի, Զվեզդայի կանանց թիմերի նախկին գլխավոր մարզիչը ռուսական մարզական մամուլում հիմնականում հայտնվում էր սկանդալային պահվածքի պատճառով։ Վերջինիս գլխավորած վերջին ակումբը եղել է ռուսական «Տամբովը», որտեղից նրան հեռացրել են, երբ թիմը վերջին հորիզոնականում էր։ Գրիգորյանի հեռանալուց հետո «Տամբովը» 2 խաղում էլ հաղթանակ է տոնել ռուսական Պրեմիեր-Լիգայում՝ լքելով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ Ըստ տեղեկությունների՝ նրա թեկնածությանը հիմնականում աջակցել են Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցն ու «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։ Բացի այդ, Գրիգորյանի թեկնածությունը կարող է չընդունվել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների կողմից․ դժվար է ասել, թե ինչպես կարձագանքի կանանց ֆուտբոլի մասնագետի մարզումներին եվրոպական ամենաբարձրակարգ մասնագետների հետ աշխատած, իտալական «Ռոմայի» աստղ Հենրիխ Մխիթարյանը»,-նշված է հրապարակման մեջ։

«Առաջին լրատվական» (1in.am)

Իշխանություններին «արջի ծառայություններ մատուցող» պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am լրատվականն էլ հոդված է հրապարակել «Ալեքսանդր Գրիգորյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ» վերնագրով։ «Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի Ալեքսանդր Գրիգորյանը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՖՖ-ն համաձայնության է եկել 53-ամյա մասնագետի հետ: Նրա նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերին»,-նշված է հրապարակման մեջ։

Ապատեղեկատվությանը հաջորդել է Արթուր Վանեցյանին «հեղինակազրկելու» փորձը «Կանանց «մասնագետը»՝ ՀՀ ազգային թիմի ղեկին Վանեցյանի ռուսական դավադրությունը» հոդվածով։ Հոդվածով մասնավորապես նշվում է. «Այսօր տեղեկացրել էինք, որ ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանը պատրաստվում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ալեքսանդր Գրիգորյանին: Իսկ ո՞վ Ալեքսանդր Գրիգորյանը: Վերջինս Ռուսաստանում հայտնի է կանանց ֆուտբոլային ակումբներում աշխատելով, քանզի տղամարդկանց թիմերում որևէ լուրջ արդյունք չի գրանցել»:

Լրատվականը շարունակել է. ««Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀՖՖ-ում կտրականապես դեմ են Գրիգորյանի թեկնածությանը: ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենը՝ իսպանացի հանրահայտ մասնագետ Խինես Մելենդեսը, որը հավաքական թիմերի համակարգողն է ազգային թիմի ղեկին, ցանկություն է հայտնել տեսնել եվրոպացի մասնագետի, որի աշխատելու ոճը մոտ է իսպանական մոդելին: Մեր տեղեկություններով՝ Գրիգորյանի թեկնածությանը դեմ են արտահայտվել նաև ՀՖՖ-ի մյուս մասնագետները: Ավելին, Ռուսաստանում հանդես եկող Հայաստանի ազգային թիմի առաջատարներից մի քանիսը Գրիգորյանի գլխավոր մարզիչ նշանակվելու պարագայում այլևս չեն կրի հավաքականի մարզաշապիկը: Եվ այսպես, Ալեքսանդր Գրիգորյանին, առանց ՀՖՖ-ի մասնագետների կարծիքը հաշվի առնելու, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակում Արթուր Վանեցյանը: Վերջինս նույնիսկ հարկ չի համարել իր գործընկերների հետ քննարկել այս թեկնածությունը»:

Լրատվականի կողմից ապատեղեկատվության տարածումը շարունակվել է նաև այսօր՝ «Ինչով է Վանեցյանը տարբերվում Նեմեց Ռուբոյից. Ոտնձգություն հայկական ֆուտբոլի դեմ» վերնագրով հոդվածով, որում նշված է. «Ալեքսանդր Գրիգորյանին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկելը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն ոչ միայն ազգային հավաքականի, այլև հայկական ֆուտբոլի նկատմամբ: Գրիգորյանի որակներին արդեն անդրադարձել ենք և կարծում ենք՝ կարիք չկա նորից խոսելու, թե ով է այս մասնագետն ու ինչ է իրենից ներկայացնում: Խնդիրն ամենևին էլ Գրիգորյանը չէ»: Հրապարակման մեջ առկա են այլ աբսուրդային գնահատականներ ևս, որի հիմնական թիրախը Վանեցյանի հեղինակությունն է։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ «ֆեյք նյուզ»-ից բողոքող անձանց հրահանգներով և հանրային միջոցներով աշխատող լրատվականները ապատեղեկատվություն են տարածում՝ Արթուր Վանեցյանին անվանարկելու և քաղաքական շահեր սպասարկելու նպատակով։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն