Ինչու՞ Աճեմօղլուն այդպես էլ չեկավ Հայաստան. անցել է ավելի քան 1,5 տարի

article-image

2018 թվականի մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ:

Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու հարցում:

Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»:

Նույն բովանդակությամբ մամլո հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, որը, սակայն, հրապարակվել է Նիկոլ Փաշինայնի ֆեյսբուքյան գրառումից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին։

Նկատենք, որ ՀՀ վարչապետը պաշտոնական մամլո հաղորդագրությունից մեկ օր անց արված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ հենց նոր է զրուցել Դարոն Աճեմօղլուի հետ։

2018 թվականի մայիսի 18-ին azatutyun.am կայքում հրապարակվել է «Աճեմօղլուն Երևան կայցելի «առաջին հնարավորության դեպքում»» հոդվածը, որում նշվում է, որ Աճեմօղլուն պատմել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգել ու հարցրել է, թե արդյո՞ք ցանկանում է օգնել, որին ի պատասխան` անվանի տնտեսագետը նշել է. «Ասացի չգիտեմ, թե ինչպես և որքանով կարող եմ օգնել որպես երկրից դուրս գտնվող մեկը, բայց ուրախ կլինեմ ջանքեր ներդնել այդ գործում»։

2018 թվականի հունիսի 11-ին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը մամլո հաղորդագրություն է տարածել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, ԿԶՆ ինովացիոն լաբի տնօրեն Էրիկ Գյուլազյանը տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում: Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

2018 թվականի հուլիսի 22-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նշել է, որ տվյալ պահին քննարկվում են Դարոն Աճեմօղլուի այցի ժամկետները: Սիսեռյանը նշել է, որ դա կլինի օգոստոս ամսին, բայց թե ամսվա որ հատվածում` չի կարող ասել։ «Սպասում ենք Աճեմօղլուի վերջնական պատասխանին», - ասել է Սիսեռյանը` հավելելով, որ տնտեսագետը հայրենիքում կմնա 4-5 օր։

Նիկոլ Փաշինյանի՝ Աճեմօղլուի Հայաստան այցի մասին իրազեկող ֆեյսբուքյան գրառումից անցել է ավելի քան մեկ ու կես տարի։ Իսկ Վարագ Սիսեռյանի հավաստիացումից հետո, համաձայն որի` Աճեմօղլուն Հայաստան պետք է ժամաներ դեռ նախորդ տարվա օգոստոսին, անցել է ավելի քան 1,5 տարի։  Սակայն Աճեմօղլուն ոչ միայն չի այցելել Հայաստան, այլև անգամ տեղեկություններ չկան այն մասին, թե որևէ ձևով շարունակվո՞ւմ է Աճեմօղլուի և կառավարության համագործակցությունը, թե՞ ոչ։

Այս հարցերի պատասխանները ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Աճեմօղլուի և Կառարավության ներկայացուցիչների հետ։ Պարոն Աճեմօղլուն, ցավոք, չպատասխանեց մեր զանգերին և էլեկտրոնային նամակներին։

Սակայն կառավարության ներկայացուցիչները նույնքան «անհասանելի» են այս հարցերին պատասխանելու համար, որքան պարոն Աճեմօղլուն, ով գտնվում է այլ երկրում։

Հոկտեմբերի 23-ին փորձեցինք կապվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ։ Մեզ նախ տեղեկացրին, որ նա գործուղման է, ինչի համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել, որին առ այսօր չեն պատասխանել։ Իսկ գործուղումից վերադառնալուց հետո էլ պարոն Սիսեռյանը «քննարկումների» էր, ինչի պատճառով կրկին չպատասխանեց մեր զանգերին։

Նույնքան անհասանելի էին նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու նրա մամլո խոսնակը։

Այն, որ Աճեմօղլուն մեծ պատրաստակամությամբ ցանկություն է հայտնել աջակցել Հայաստանին, ոչ ոք կասկածի տակ չի դնում, սակայն Հայաստանի կառավարության հետ շարունակական համագործակցության մասին տեղեկությունների բացակայությունն ավելի քան խոսուն են։

Ինչու՞ մինչ օրս Աճեմօղլուն չի եկել Հայաստան. քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարության պատկերացումները, հետագայում նաև՝ գործողությունները, արմատապես տարբերվում են Աճեմօղլուի՝ առողջ տնտեսություն կառուցելու չափանիշներից: Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընթանում է ոչ թե ներառականության, այլ պառակտումների, ոչ թե մարդկանց ունեցվածքի նկատմամբ հարգանքի, այլ «մեղավորության կանխավարկածի», ոչ թե կոռուպցիայի բացառման, այլ դրա նորանոր դրսևորումների, ոչ թե արդյունավետ և անաչառ դատական համակարգի կերտման, այլ դատական իշխանության գործունեությանը միջամտության ճանապարհներով։

Սրանով է, թերևս, պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանի՝ Աճեմօղլուի Հայաստան գալու խոստումը մինչ օրս իրականություն չի դարձել։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն