ԵՊՀ դեկանները ԱԺ-ից պահանջում են անհապաղ հետ կանչել խնդրահարույց օրենքի նախագիծը

article-image

ԵՊՀ դեկաններ և ստորաբաժանումների ղեկավարներ պահանջում են հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար։

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ` Հայաստանի Հանրապետության համար խիստ անբարենպաստ հայտարարությունից հետո մեր երկրի առջև ծառացան անհապաղ լուծման ենթակա մի շարք հիմնախնդիրներ, ինչպիսիք են՝ հումանիտար աղետ, տասնյակ հազարավոր տեղահանվածներ, հարյուրավոր գերիներ և անհայտ կորածներ, ինչպես նաև սահմանների հետ կապված բազմաթիվ հարցեր: ՀՀ կառավարությունն իր 03․12․2020 թ․ նիստում անհիմն և անբացատրելի մոտեցմամբ, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց օրակարգում ընդգրկեց և, բնականաբար, հավանություն տվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով՝ հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Խոսքը մի նախագծի մասին է, որը քննարկվել է ԵՊՀ գիտական խորհրդում ու տարբեր ստորաբաժանումներում և արժանացել բազմաթիվ էական դիտողությունների՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն, հիմքում չունենալով ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացման հստակ հայեցակարգ, իր կարգավորումներով վտանգի տակ էր դնում բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունը, հայագիտական առարկաների և հետազոտությունների գերակայությունը, գիտության կառավարումը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակն ու գոյությունն ընդհանրապես և բազմաթիվ այլ հարցեր: Սակայն այդ դիտողություններից  և ոչ մեկը ոչ միայն հաշվի չեն առնվել հեղինակների կողմից, ավելին՝ վերջին պահին օրենքի նախագծում տեղ է գտել առավել վիճահարույց դրույթ՝ բուհերի կառավարիչների՝ ԿԳՄՍ նախարարի կողմից մինչև 5 տարի ժամկետով նշանակվելու վերաբերյալ, ընդ որում՝ կառավարչի համար չսահմանելով բուհի ռեկտորի համար սահմանված ոչ մի պահանջ, ինչն իսպառ ոչնչացնում է ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունները` դրանով իսկ խախտելով կրթության և գիտության հիմնական շահառուների` ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

ա) անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից,

բ) հանրապետության գիտական և կրթական հանրության հետ միասին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայեցակարգի հիման վրա բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը նպաստող օրենքի նախագիծ պատրաստելու համար:
Նշված միջոցառումները չձեռնարկելու դեպքում մենք իրավունք ենք վերապահում մեզ իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր գործողությունները նշված օրենքի ընդունումը և կիրարկումը կանխելու համար:

Ռուբեն Մելքոնյան – Արևելագիտության ֆակուլտետի դեկան 
Էդիկ Մինասյան – Պատմության ֆակուլտետի դեկան
Գեղամ Պետրոսյան – Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան
Գևորգ Բարսեղյան – Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան
Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան – Աստվածաբանության ֆակուլտետի դեկան
Խաչիկ Ներկարարյան – Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Ալեքսան Բաղդասարյան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան
Մարատ Գրիգորյան – Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան
Հայկ Սարգսյան – Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան
Գագիկ Ղազինյան – Իրավագիտության ֆակուլտետի դեկան
Տարիել Ղոչիկյան – Քիմիայի ֆակուլտետի դեկան
Ռաֆիկ Հակոբյան – Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան
Արթուր Մկրտիչյան – Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան
Նաղաշ Մարտիրոսյան – ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան
Պավել Բալայան – Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան
Արամ Սիմոնյան – Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն
Աշոտ Սաղյան – Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն
Սամվել Շուքուրյան – ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի տնօրեն
Արմեն Ավետիսյան – ԵՊՀ արհմիության նախագահ
Դավիթ Ափոյան – ՈՒԽ նախագահ

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն