Հ1-ը շարունակում է ծառայել իշխանությանը. կողմնակալ ռեպորտաժ հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու հետ կապված բողոքի ակցիաների վերաբերյալ

article-image

Երեկ՝ նոյեմբերի  11-ին, «Լուրեր»-ի կիրակնօրյա ամփոփիչ թողարկմամբ անդրադարձ է կատարվել վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով կազմակերպվող բողոքի ակցիաներին և դասադուլներին, որոնք կազմակերպվում են հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում ոչ պարտադիր դարձնելու՝ ՀՀ ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականության հետևանքով։

«Լուրեր»-ի թողարկման վարողը նշում է. «Մի խումբ դաշնակցական երիտասարդներ անգամ ցույցեր կազմակերպեցին՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը»։ Իսկ ռեպորտաժի հեղինակը նշում է, որ ուսանողները դասադուլ են արել, և ներկայացնում է ուսանողների բողոքի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը, ապա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի դիրքորոշումը, որը, բնականաբար, հիմնավորում է ԿԳՄՍՆ որդեգրած քաղաքականությունը և անգամ ուսանողների բողոքը տարօրինակ է համարում։ Այնուհետև ներկայացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, ով ևս հիմնավորում է այդ տեսակետը։ Ներկայացվում է նաև ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դոցենք Էդիկ Գևորգյանի դիրքորոշումը, ով ևս կողմ է արտահայտվում հայոց պատմություն, հայոց լեզու, գրականություն առարակների դասավանդումը բուհերի հայեցողությանը թողնելու հարցին։

Նախ, անհրաժեշտ է նշել, որ «Լուրեր»-ի թողարկմամբ դիտավորյալ ներկայացվել է բողոքող շահագրգիռ կողմերի ոչ ճշգրիտ սուբյեկտային կազմ, մասնավորապես՝ թողարկման վարողը ներկայացնում է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջում են մի շարք դաշնակցական երիտասարդներ։ Մինչդեռ բողոքի ակցիաներին և դասադուլներին միացել են ինչպես ԵՊՀ-ից, այնպես էլ տարբեր համալսարաններից բազմաթիվ ուսանողներ և դասախոսներ, ուսանողական միության ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ։

«Լուրեր»-ի թողարկման վարողը, բողոքող անձանց այդպիսի շրջանակ ներկայացնելով, քաղաքական հարթություն է տարել բողոքը և ներկայացրել այն որպես միայն դաշնակցական երիտասարդների բողոք` ցույց տալու համար, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ առկա չէ հանրային պահանջ։

Բացի այդ, արդեն 1 շաբաթ ընթացող բողոքի ակցիաները և դասադուլները ներկայացվել են միակողմանիորեն։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող Հ1-ի եթերաժամն օգտագործվել է միայն մի կողմի՝ իշխանության ներկայացուցիչների որդեգրած քաղաքականությունը հիմնավորող անձանց փաստարկները ներկայացնելու համար, իսկ դասադուլներ և բողոքի ակցիաներ իրականացնող անձանցից որևէ մեկի դիրքորոշումը չի ներկայացվել։ Այդպիսով` Հ1-ը հերթական անգամ դրսևորել է կողմնակալություն և խախտել հարցը օբյեկտիվ, բազմակողմանի և անկողմնակալ լուսաբանելու իր պարտականությունը, որը սահմանված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով։

Հարկ է նշել, որ բողոքի ակցիաներին միացել են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր փաստարկված ձևով ներկայացնում են, թե ինչու պետք է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումը համալսարաններում շարունակի մնալ պարտադիր, որոնք գոնե մեկ նախադասությամբ տեղ չեն գտել «Լուրեր»-ի հիմնական թողարկման մեջ։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության կարգավիճակը և գործունեության սկզբունքները) 1-ին մասը սահմանում է.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և կրոնի, ինչպես նաև ստեղծագործության ազատությունը»:

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոընկերությունը պարտավոր են մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. Հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենահարմար եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. Հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը…»։

Այսպիսով՝ Հանրային հեռուստատեսությունը շարունակում է իր «լավագույն ավանդույթները»՝ հանրությանը մատուցելով կողմնակալ, ոչ օբյեկտիվ և միակողմանի տեղեկատվություն` ներկայացնելով միայն իշխանություններին ձեռնտու դիրքորոշումները և անտեսելով դրանցից տարբերվող տեսակետները՝ կատարելով իշխանության քարոզչամեքենայի ֆունկցիա, ինչը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի խախտում է։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն