Կոռուպցիոն շղթա Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի մասնակցությամբ. Հայարփի Հակոբյանը ևս աշխատանքի է ընդունվել Աննա Հակոբյանին սպասարկելու համար

article-image

Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի շուրջ սկանդալներն ու «կոռուպցիոն համագործակցությունը» շարունակվում է։

Որոշ ժամանակ առաջ ներկայացրել էինք, որ 1 տարի առաջ վարչապետի աշխատակազմ աշխատանքի ընդունված Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանն այդ պաշտոնը ստացել էր բացառապես Աննա Հակոբյանի վարսահարադարումն ապահովելու համար։ Սոֆյա Նավասարդյանը վարչապետի աշխատակազմում աշխատել է 1 տարի, որի ընթացքում 13 անգամ մեկնել է գործուղման և ավելի քան 10,5 միլիոն դրամ է ստացել պետական բյուջեից որպես աշխատավարձ, պարգևավճարներ և գործուղումների ծախսեր։ Հոդվածում ներկայացրել էինք, որ Սոֆյա Նավասարդյանը գործուղման է մեկնել միայն այն դեպքերում, երբ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանը եղել է այլ պետություններում։ Աննա Հակոբյանի վարսահարդարի ներկայությունն իր օտարերկրյա գործուղումների ժամանակ ապահովվել է նույնիսկ օրենքի խախտման գնով։

Պարզվում է, որ Սոֆյա Նավասարդյանը միակը չէ, ով վարչապետի աշխատակազմ աշխատանքի է ընդունվել Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Վարչապետի աշխատակազմին ուղղված Սոֆյա Նավասարդյանի վերաբերյալ հարցման պատասխաններում հայտնաբերել էինք նաև, որ Սոֆյա Նավասարդյանի հետ գործուղումների է մեկնել ևս մեկ անձ՝ Հայարփի Հակոբյան անունով։ Ուստի՝ վարչապետի աշխատակազմ հարցում ուղարկեցինք` տեղեկություն հայցելով նաև Հայարփի Հակոբյանի վերաբերյալ։

Ամենայն հավանականությամբ Սոֆյա Նավասարդյանի մասին մեր բացահայտումը ստիպել էր վարչապետի աշխատակազմին ավելի զգուշավոր լինել և չտրամադրել մեր հայցած բոլոր տեղեկությունները։ Մասնավորապես՝ հարցման պատասխանով չեն տրամադրվել Հայարփի Հակոբյանի գործուղումների վերաբերյալ որոշումների և հրամանների պատճենները, գործուղումներից հետո ներկայացվող հաշվետվությունները, յուրաքանչյուր գործուղման համար հատկացված ճանապարհի, կացության, օրապահիկի գումարի չափը (տրամադրվել է գործուղումների ընդհանուր ծախսը, բայց ոչ առանձին-առանձին), սակայն մեր ձեռքի տակ եղած ու հրապարակային աղբյուրներում առկա տեղեկությունները բավարար էին ընդհանուր պատկեր ստանալու համար։

Այսպես, Հայարփի Հակոբյանը վարչապետի աշխատակազմ աշխատանքի է ընդունվել 2018 թվականի հուլիսի 4-ին։ Նկատենք, որ նույն օրը Վարչապետի աշխատակազմ աշխատանքի է ընդունվել Աննա Հակոբյանի վարսահարդար Սոֆյա Նավասարդյանը։

Հայարփի Հակոբյանը ստանձնել է արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատուի պաշտոնը՝ 206 475 դրամ աշխատավարձով։ 2019 թ. հուլիսի 1-ից մինչ այս պահը Հայարփի Հակոբյանը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։



Վարչապետի աշխատակազմը պատասխանում նշել է, որ Հայարփի Հակոբյանը մասնակցել է վարչապետի, անհրաժեշտության դեպքում` նրա տիկնոջ … միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների արարողակարգային միջոցառումների իրականացմանը, որոնց հետ կապված որոշումները հրապարակված են www.gov.am կայքում՝ վարչապետի որոշումներ բաժնում։

Ուսումնասիրեցինք Հայարփի Հակոբյանի գործուղումների մասին որոշումների պատմությունը և բացահայտեցինք հետևյալը.

Այն ժամանակահատվածում, երբ Հայարփի Հակոբյանն աշխատել է վարչապետի աշխատակազմում, Հայաստանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակություն է գործուղվել 15 անգամ։

Այս 15 գործուղումներից Հայարփի Հակոբյանը կառավարական պավիրակությունների կազմում գործուղումների է մեկնել միայն ու միայն այն դեպքում, երբ ամուսնուն ուղեկցելու համար կառավարական պատվիրակության կազմի հետ տվյալ երկիր է մեկնել Աննա Հակոբյանը։ Մասնավորապես, Հայարփի Հակոբյանը Աննա Հակոբյանի հետ կառավարական պատվիրակության կազմով գործուղվել է՝

Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ կառավարական պատվիրակության կազմի հետ Աննա Հակոբյանը չի մեկնել, չենք գտնում նաև Հայարփի Հակոբյանի անունը (1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9): Եվ միայն մի դեպքում է, երբ Աննա Հակոբյանը մեկնել է կառավարական պատվիրակության հետ` առանց Հայարփի Հակոբյանի։

Այսպիսով, Հայարփի Հակոբյանը ներգրավված է եղել միայն ու միայն Աննա Հակոբյանի ներգրավվածությամբ Կառավարական պատվիրակությունների կազմերում։

Սա դեռ ամենը չէ, Հայարփի Հակոբյանը Սոֆյա Նավասարդյանի հետ մեկտեղ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով գործուղվել է տարբեր պետություններ, և այս բոլոր ժամանակահատվածները համընկնում են Աննա Հակոբյանի՝ արտասահմանում գտնվելու ժամանակահատվածների հետ։

  • 2018թ. սեպտեմբերի 19-22-ը` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)։ Նույն ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում է գտնվել Աննա Հակոբյանը։
  • 2018թ. դեկտեմբերի 12-17-ը` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև)։ Նույն ժամանակահատվածում Շվեյցարիայի Ժնև քաղաքում է եղել Աննա Հակոբյանը։
  • Առանձնակի ուշադրության է արժանի Հայարփի Հակոբյանի և Սոֆյա Նավասարդյանի գործուղումը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) նոյեմբերի 11-13 ժամանակահատվածում, որի վերաբերյալ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամանը կազմվել է գործուղումից 40 օր անց։ Այսինքն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «20» դեկտեմբերի 2018թ. N1147-Ա հրամանով հրամայել է Հայարփի Հակոբյանին և Սոֆյա Նավասարդյանին 2018թ. նոյեմբերի 11-13-ը գործուղել ՌԴ (Մոսկվա), ինչը պաշտոնեական կեղծիք է։ Նույն ժամանակահատվածում Մոսկվայում է գտնվել Աննա Հակոբյանը։

  • 2019 թ. ապրիլի 1-15-ը` Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն, Բոստոն, Լոս Անջելես, Մեմֆիս, Նյու Յորք)։ Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ում է գտնվել Աննա Հակոբյանը (1, 2, 3, 4, 5, 6):
  • 2019թ. մայիսի 23-25-ը` Ղազախստանի Հանրապետություն (Ալմաթի): Աննա Հակոբյանը ևս նշված ժամանակահատվածում գտնվել է Ալմաթիում։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայարփի Հակոբյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավարի հրամաններով 5 անգամ գործուղվել է տարբեր երկրներ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Ընդհանուր առմամբ՝ Հայարփի Հակոբյանն ունեցել է 10 գործուղում, որի ծախսերը պետբյուջեի վրա արժեցել են 4.149.790 ՀՀ դրամ։ Այլ պատվիրակությունների կազմում Հայարփի Հակոբյանի գործուղումների մասին մեզ հայտնի չեն, քանի որ դրանք ոչ առկա են e-gov.am կայքում, ոչ էլ տրամադրվել են վարչապետի աշխատակազմի կողմից, ուստի կարող ենք ենթադրել, որ բացի Աննա Հակոբյանին ուղեկցելու համար արված գործուղումներից, այլ գործուղումների Հայարփի Հակոբյանը չի մեկնել, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայարփի Հակոբյանն աշխատանքի է ընդունվել վարչապետի աշխատակազմում` անձամբ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Բացի 1 տարվա ընթացքում ավելի քան 2 միլիոն դրամ աշխատավարձից` Հայարփի Հակոբյանը նաև ստացել է 1.505.250 ՀՀ դրամ պարգևավճար։

Եթե Սոֆյա Նավասարդյանի պարագայում տեղյակ էինք, որ վերջինս զբաղվել է Աննա Հակոբյանի վարսերի հարդարմամբ, ապա Հայարփի Հակոբյանի պարագայում բաց է մնում միայն այն, թե ինչ գործառույթներ է իրականացրել նա Աննա Հակոբյանի համար։

Այսպիսով՝ կառավարությունում որևէ կարգավիճակ չունեցող Աննա Հակոբյանին սպասարկելու համար աշխատանքի ընդունված Հայարփի Հակոբյանը պետության վրա արժեցել է ավելի քան 8 միլիոն դրամ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը