Վենետիկի հանձնաժողովի՝ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հատուկ կարծիքի թաքնված ռիսկերը

article-image

«Ստամբուլյան կոնվենցիան» և դրա վերաբերյալ իրարամերժ քննարկումները լայն տարածում գտան հասարակության տարբեր խմբերի շրջանում: Հասարակության ստվար զանգվածի, նաև հեղինակավոր իրավաբանների մոտ առկա է այն մտավախությունը, որ Ստամբուլյան կոնվենցիայի միջոցով կանանց և ընտանիքի բռնության քողի ներքո փորձ է արվում Հայաստանում օրենսդրական ամրագրում տալ սեռական փոքրամասնություններին և նրանց օժտել ընտանիք կազմելու և երեխաներ որդեգրելու հնարավորությամբ, որը հակասում է ՀՀ սահմանադրությանը և ազգային արժեհամակարգին:

Իշխանության տարբեր ինստիտուտների և իշխանամետ հասարակական սեկտորի ներկայացուցիչները բազմիցս փորձել են հերքել այդ մտավախությունները, և դրան ուղղված ամենաակնառու քայլերից էր ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Ստամբուլյան կոնվենցիայի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ հատուկ կարծիք ստանալու նպատակով Վենետիկի հանձնաժողով դիմելը:

Հոկտեմբերի 11-ին Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց հատուկ կարծիքը, որտեղ ներկայացված էին հիմնական մտավախություններից մի քանիսը, և դրանցից մեկի համաձայն` կոնվենցիայի վավերացումից հետո դրանում ամրագրված դրույթները կամրապնդվեն ներպետական օրենսդրության մեջ, սակայն Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով այդ հարցին, նշել էր, որ կոնվենցիայում առկա դրույթները պարտադիր չեն լինի ներպետական օրենսդրությունում, և վերջնական եզրակացությունը դրական էր:

Հանձնաժողովի հատուկ կարծիքի մեջ հիմնականում անդրադարձ է կատարվել ընտանեկան միավոր, զուգընկեր, սոցիալական սեռ հասկացություններին՝ նշելով, որ կոնվենցիան, ընտանիք ասելով, նկատի է ունեցել նաև անձի սոցիալական սեռերի հիմքով ամուսնությունը, և որ հասարակության բոլոր անդամները պարտադիր պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի բռնություններից, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանին կպարտադրվի փոփոխություն կատարել Սահմադրության այն դրույթում, որտեղ նշված է, որ ընտանիքը համապատասխան տարիքի հասած կնոջ և տղամարդու ամուսնությունն է:

Առաջին հայացքից այս մեկնաբանությունները փարատում են այն բոլոր կասկածները, որոնք առկա են հասարակության շրջանում, սակայն Արդարադատության նախարարության կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղարկված նամակի մեջ համապատասխան շրջանակների օբյեկտիվ մտավախությունները ոչ թե համապարփակ էին ներկայացված, այլ առավելապես ընհանուր բնույթ էին կրում, և նշված չէին  Սահմանադրության այն դրույթները, որոնց հետ կարող է խնդիր առաջանալ կոնվենցիայի վավերացումից հետո:

Խնդրահարույց հարցերից մեկը այն է, որ չնայած այն բանին, որ կոնվենցիան չի պարտավորեցնում դրանում ամրագրված դրութների հիմքով սահմադրական փոփոխությունները, այնուամենայնիվ ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածում հստակ նշված է, որ  «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:  Այլ կերպ ասած` հայտնի է, որ անկախ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից` առաջիկայում չի բացառվում, որ միջազգային որևէ մարմին ամրագրի այնպիսի դիրքորոշում, ըստ որի՝ խրախուսվող տարբերակը առնվազն հարկ է պարտադիր կարգով ամրագրել ազգային օրենսդրությամբ, որպեսզի, ենթադրենք, չխաթարվի ժամանակակից ըմբռնմամբ ընտանիքում բռնության դեմ պայքարի արդյունավետությունը:

Այս և այլ հարցերին ավելի մանրամասն անդրադարձել է հեղինակավոր իրավաբան, նախկին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով մասնավորապես նշում է.

«Հավելեմ, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը հիրավի համալիր ու սպառիչ կլիներ, եթե վերջինիս առաջադրվեին նաև առավել առանցքային հարցադրումներ, օրինակ՝

ա) ինչպե՞ս է փոխհարաբերվում օրենքի առջև բոլորի հավասարության իրավունքը, խտրականության արգելքի սկզբունքը, երբ զուգընկերների համար նախատեսվում են արտոնություններ,

բ) ինչպե՞ս են երաշխավորվելու Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով ամրագրված երեխայի լավագույն շահերը՝ զուգընկերների կազմով ընտանիքներին երեխաներ որդեգրելու դեպքերում,

գ) եթե այդչափ ամեն ինչ պարզ է, ապա ինչո՞ւ է Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն և այլն:

Համոզված եմ, որ լայն ասպեկտով հիշյալ և հարակից հարցադրումների դեպքում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը բոլորովին այլ կլիներ, իսկ այսպիսի գործելաոճն ընդամենը վկայում է հնարավորինս հապճեպ ցանկալի տեսակետ կորզելու միտումի մասին»:

Դանիելյանը նաև գրում է, որ այսպիսի փորձեր Եվրոպական կառույցների կողմից բազմիցս են եղել ,և դրանք միշտ էլ դեմ են արտահայտվել ՀՀ Սահմանադրության այն դրույթին, որտեղ տրված է ընտանիք հասկացության հստակ սահմանումը:

Այսպիսով՝ դիտարկելով Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ներկայիս իշխանություները ամեն կերպ մերժում են այն օրենսդրական նախագծերը, որոնք քիչ թե շատ ապահովում են մեզ կոնվենցիայում ամրագրված ռիսկերից, ինչպես նաև հաշվի առնելով կրթության, գիտության, մշակույթի ոլորտում իշխանությունների կողմից տարվող անհասկանալի քաղաքականությունը` կարող ենք իրավացիորեն ենթադրել, որ առկա նորամուծությունները պարտադրված են մեր երկրին այն նպատակների համար, որոնք ընդունելի չեն մեր հասարակության  համար, և որոնք գովասանքի և շռայլության պակաս չեն զգում ներկայիս իշխանությունների կողմից:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը