Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հակասական հայտարարություններ Մնացականյանի և Մամեդյարովի կողմից

article-image

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Լավրովի այցը Հայաստան և խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, նշել է, որ իր հայ գործընկերոջ հետ կհանդիպի «դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում»:

Մինչդեռ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը վերջին ճեպազրույցի ընթացքում, մեկնաբանելով Սլովակիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը՝ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին, հայտարարել էր, որ նման հանդիպման մասին մենք հայտարարում ենք համաձայնեցված կարգով, և այդ սկզբունքը չեն խախտելու:

Մամեդյարովը փաստորեն արդեն իսկ հստակեցրել է նախարարների հանդիպման մասին տեղեկությունը` նշելով, որ առաջիկայում կորոշվի նաև հանդիպման հստակ օրը և վայրը:

Սակայն այս հանգամանքը Մամեդյարովի հայտարարություններից միակ հետաքրքիրը չէ:

Մամեդյարովը նաև խոսել է բանակցային առաջընթացի մասին` բանավոր խոսակցությունների մակարդակում` նշելով, որ կցանկանար առաջիկա հանդիպման ընթացքում քննարկվեին հատուկ և կոնկրետ հարցեր:

«Արդեն համաձայնություն է ձեռք բերվել կողմերի միջև հատուկ քննարկումներ սկսելու համար: Մենք հույս ունենք, որ սա պարզ կդառնա դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում հանդիպման ընթացքում: Դրանից հետո արդեն պարզ կլինի` արդյո՞ք Հայաստանը պատրաստ է բովանդակային բանակցությունների համար, թե՞ ոչ, քանի որ փաստաթղթերը արդեն բանակցային սեղանին են», - ասել է Մամեդյարովը:

Հայկական արտաքին գերատեսչությունից չհաջողվեց ստանալ համապատասխան պարզաբանումները:

Հետաքրքիր է, որ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է. «Որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ մենք հանձնառու ենք ապահովելու խաղաղ կարգավորման այնպիսի միջավայր, որը կհարգի Արցախի ժողովրդի իրավունքները, հատկապես ինքնորոշման իրավունքի իրականացումն առանց սահմանափակման և  հարկադրանքի:»:  Նշենք, որ սա եզակի դեպք է, երբ Մնացականյանը խոսում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման (երևի նկատի ունի` իրացման) մասին:

Ըստ այդմ էլ, Մամեդյարովի հայտարարությունները որոշակիորեն հակասում են Մնացականյանի հայտարարություններին, քանի որ, եթե Մնացականյանը խոսում է ինքնորոշման իրավունքի իրացման մասին, ապա ինչ փաստաթղթերի մասին է խոսում Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուշագրավ է նաև, որ Հայաստան այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի»:

Մինչ կողմերը անում են հակասական հայտարարություններ, և պարզ չէ, թե ինչ փուլում են գտնվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղված բանակցությունները, մեզ մնում է սպասել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երկու պետությունների արտգործնախարարների` դեկտեմբերին Բրատիսլավայում կայանալիք հանդիպմանը:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն