Աղետալի արտագաղթը չի կանգնել. իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի սուտ և մանիպուլյատիվ հրապարակումը

article-image

Երեկ երեկոյան ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր մի ինֆոգրաֆիկա` մեկնաբանելով. «Ահա թե ինչ է եղել հեղափոխության արդյունքում։ Հայաստան սկսել են ավելի շատ ժամանել քան մեկնել Հայաստանից։ Ամենախոսուն պատկերը, որ կանգնեցրել ենք աղետալի արտագաղթը և միտում կա ներգաղթի»:

Առաջին հայացքից ամեն ինչ ճիշտ է, թվերը համապատասխանում են (թեև կլորացված են) Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին: Սակայն միայն այս տեսանկյունից:

Այն, թե ինչպես է Հայկ Սարգսյանը ներկայացնում ներգաղթի տեմպը և թե ինչպես կարելի է միայն «ՀՀ Սահմանային անցակետերով իրականացված ժամանումների և մեկնումների տարբերությունը» համարել ներգաղթի ակտիվացում և արտագաղթի ակտիվացում, խնդիր է, քանի որ միայն այս ցուցանիշով հնարավոր չէ որոշել արտագաղթի և ներգաղթի տեմպերի նվազումները կամ աճը:

Միգրացիայի տեմպերի մասին խոսել, ներառելով միայն այս կատեգորիան, ավելորդ է: Ավելին, Ազգային վիճակագրական ծառայությունը նշում է, որ ըստ ՄԱԿ-ի կողմից սահմանված արտաքին միգրացիայի միջազգային մեթոդաբանության` բացակայող անձին միգրանտ որակելու համար, անհրաժեշտ է ստանալ նաև տվյալներ բացակայության տևողության և բացակայելու պատճառների վերաբերյալ, Այն է՝ ՄԱԿ-ի կողմից սահմանված արտաքին միգրացիայի միջազգային մեթոդաբանության համաձայն, հաշվետու տարում մինչև 3 ամիս տևողությամբ երկրից բացակայածները չեն դասվում միգրանտների շարքին, 3-ից մինչև 12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները, բացառյալ հանգստի, ընկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, առողջական կամ կրոնական ուխտագնացության մեկնածները, վերագրվում են կարճաժամկետ միգրանտներին, իսկ մեկ տարի և ավելի ժամկետով բացակայածները` երկարաժամկետ միգրանտներին: Իսկ այս ցուցանիշներով հնարավոր չէ պարզել իրական միգրանտներին:

Նախ, պետք է հաշվի առնել, որ ժամանումների և մեկնումների մեջ ներառվում են նաև զբոսաշրջության նպատակով Հայաստան եկած և Հայաստանից դուրս եկող քաղաքացիները, քանի որ թեկուզև զբոսաշրջության նպատակով Հայաստան ժամանած անձը անցնում է ՀՀ որևէ պետական սահմանային անցակետով և գրանցվում է: Ուստի նրանք ևս ներառված են վերը նշվածների ցուցանիշների մեջ:

Երկրորդ խնդիրն այն է, որ արտագաղթող քաղաքացիների թիվը հստակ պարզել հնարավոր չէ, քանի որ շատ քաղաքացիներ չեն լրացնում պետական միգրացիոն փաստաթուղթը:

Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված թվերի հաշվարկի մեջ են մտնում նաև տարբեր նպատակներով Հայաստան ժամանած օտար երկրների քաղաքացիները, որոնք տարեցտարի ավելանում են: Օրինակ, Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը միայն 2019-2020թթ. ուստարվա համար ունեցել է օտարերկրացիների ընդունելության երբևէ գրանցված ամենամեծ թիվը` 536 օտարերկրացի ուսանող: Սպասվում էր նաև, որ 2020-2021թթ. ուստարվա համար թիվը ռեկորդային կլինի, սպասվում է մոտ 2000 օտարերկրացի ուսանողի ընդունելություն: Հասկանալի է, որ այս ուսանողները Հայաստան են ժամանում առնվազն 1 տարի այստեղ ապրելու համար: Մեկ այլ խնդիր է նաև Հայաստան եկող էժան աշխատուժի խնդիրը:

Վերոնշյալ թվական տվյալներին գումարվում է նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2019թ. հրապարակված ՀՀ բնակչության տվյալների ամբողջական փաթեթը, որից պարզ է դառնում, որ արտագաղթը չի էլ կանգն(եցվ)ել, ինչպես նշում է իմքայլական պատգամավորը, այլ շարունակում է գրանցվել բացասական թվերով:

Ստորև ներկայացված տվյալներում կարող ենք տեսնել, որ վերջին տարիների ուսումնասիրությամբ միայն 2012 թվականին ունենալով միգրացիայի մնացորդի համեմատաբար փոքր թիվ` (-9.4%), մյուս տարիներին արձանագրված երկնիշ թվերը նվազման միտում ունեն, բայց, այնուամենայնիվ, դրական չեն դառնում:

Միգրացիայի մնացորդը, որը հաշվվում է, ներգաղթի և արտագաղթի թվերի տարբերությամբ, բացասական է, 2018թ.-ի համար` (-18.2%), ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արտագաղթը չի կանգն(եցվ)ել, այն շարունակվում է, իսկ ներգաղթի ցուցանիշները չեն բավարարում այն կանգնեցնելու համար: Իսկ բնակչությունը, հաշվի առնելով նաև այլ ցուցանիշներ (բնական հավելաճ և այլն), շարունաում է նվազել:

Հաշվի առնելով նաև կորոնավիրուսային հիվանդությամբ և առավելապես`  Արցախյան պատերազմով պայմանավորված` ՀՀ-ից արտագաղթի տեմպերը աճելու միտում ունեն:

Ուստի, եզրակացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը սուտ և մանիպուլյացիոն գրառում է կատարել ՀՀ-ում միգրացիոն հոսքերի վերաբերյալ:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն