«Ժամանակ» օրաթերթի և 1in.am-ի ստահոդ լուրը. Փաստաբանները միանում են Փաշինյանի հրաժարականի պահանջին ոչ թե Արա Զոհրաբյանի զանգով, այլ սեփական նախաձեռնությամբ

article-image

Այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հասարակության տարբեր հատվածներ կան` քաղաքական գործիչներ, մտավորականներ, պետական կրթական հաստատությունների կառավարման խորհուրդներ: Փաշինյանի հրաժարականն են պահանջում նաև փաստաբանները: Ավելի քան 600 փաստաբան է միացել հրաժարականի պահանջի հայտարարությանը:

Սակայն իշխանությունները և նրանց արբանյակները այս դեպքում ևս ստի ու մանիպուլյացիաների են դիմում` փորձելով տպավորություն ստեղծել, թե հասարակության լայն զանգվածները չեն պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Օրինակ, այսօր առավոտյան ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «Ժամանակ» օրաթերթում և 1in.am կայքում հրապարակվել է մի նյութ, ըստ որի` թերթի խմբագրություն է զանգահարել մի փաստաբան և պատմել, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն «անձամբ է զանգահարում փաստաբաններին և խնդրում, պահանջում միանալ վարչապետի հրաժարականի հայտարարությանը»: «Մեզ զանգահարած փաստաբանն ասաց, որ ինքը հրաժարվել է ստորագրել այդ հայտարարությունը և Պալատին հիշեցրել է, որ այդ կառույցը ապաքաղաքական մարմին է»,- գրել է թերթը:

Հրապարակումից քիչ անց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Հարություն Հարությունյանը հերքել է հրապարակումը և հայտնել, որ փաստաբանների համայնքը մասնագիտական համայնք է, իսկ Արա Զոհրաբյանը որևէ լծակ չունի որևէ փաստաբանի նկատմամբ:

«Հերթական կեղծիքը կրկին նույն լրատվամիջոցի կողմից։ Արա Զոհրաբյանը, ոչ այդ հարցով, ոչ որևէ այլ հարցով զանգելու կամ որևէ այլ տարբերակով իր կարծիքը բանեցնելու սովորություն չունի։ Մեր համայնքը մասնագիտական համայնք է, իսկ Արա Զոհրաբյանը չունի որևէ լծակ որևէ փաստաբանի նկատմամբ։ Ձեր խմբագրություն զանգահարած փաստաբանից բացի, եթե իհարկե նման բան եղել է իրականում, որպես լրատվամիջոց, պարտավոր եք լսել նաև նույն Արա Զոհրաբյանին, որից հետո միայն հրապարակել։ Տեղեկատվության փոխանցումը լսարանին չպետք է իրականացվի նման անբարեխիղճ ձևով։ Ցանկացած անձի, ով ունի որոշակի քաղաքական հայացքներ, թիրախավորելը և միակողմանի տեղեկություն փոխանցելը հարիր չէ լրատվամիջոցին»,- գրել է Հարություն Հարությունյանը:

Հրապարակմանը արձագանքել է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, որին էլ ուղղված էր հրապարակումը:

Արա Զոհրաբյանը նշել է, որ հրապարակումը ապատեղեկատվություն է, որի փաստը ապացուցվում է մի քանի կետերով:

«1in.am-ը կամ «Ժամանակ» օրաթերթն առաջին անգամ չէ, որ ապատեղակատվություն է տարածում:

Փաստաբանների պալատի և իմ նկատմամբ այս լրատվական ռեսուրսի ոչ բարյացակամ վերաբերմունքը բազմաթիվ անգամ եմ նկատել:

«Ժամանակ»-ն այսօր հրապարակել է նյութ, թե իբրև զանգահարում եմ փաստաբաններին և խնդրում, ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ միանալ վարչապետի հրաժարականի հայտարարությանը: Այդ տեղեկությունը լրատվամիջոցին «հայտնած» փաստաբանն իբրև նշել է, որ ինքը հրաժարվել է ստորագրել այդ հայտարարությունը և պալատին հիշեցրել է, որ այդ կառույցը ապաքաղաքական մարմին է: Սա ապատեղեկատվություն է:

Այս կեղծիքը հաստատվում է պարզ վերլուծությամբ՝

  1. Որևէ փաստաբանի չի կարելի և չես կարող նման ՊԱՀԱՆՋ ներկայացնել: Փաստաբանն ինքն է քաղաքացու իրավունքները պաշտպանում պետական մարմիններից, և ունի մասնագիտական արժանապատվություն իր նկատմամբ նման պահանջ ներկայացնողին հրապարակային իր տեղը ցույց տալու.
  2. Հայտարարությունը Փաստաբանների պալատի անունից չի ներկայացվել, այլ՝ անհատ փաստաբանների: Հայտարարությանը միացել են Պալատի խորհրդի 10 անդամ, որպես՝ փաստաբաններ: Եթե Փաստաբանների պալատի անունից նման հայտարարություն արվեր, դա կարող էր արվել ինչպես Պալատի նախագահի, այնպես էլ Պալատի խորհրդի անունից:

Իսկ, որ 1in.am-ը սովոր է կեղծիքի (իրականությունը խեղաթյուրելուն) հաստատում է նաև այդ կայքում նյութի դիտումները ցուցադրող հաշվիչը: Կից տեսանյութում մի հրապարակմանը վերաբերող 3811 դիտումից մի քանի վայրկյանում հասնում է 3862-ի (51 դիտում), հետևյալ հերթականությամբ՝ 3811, 3823, 3840, 3834, 3854, 3848, 3867, 3862: Իմ կարծիքով, ինչ որ ծրագրային հաշվիչ է գործում, որն իրական դիտումների հետ կապ չունի: Հակառակ դեպքում, նվազող թիվ չէր կարող լինել, օրինակ չէր կարող 3840-ից նվազեր 3834»,- գրել է Արա Զոհրաբյանը:

Այսպիսով, իշխանության շահերը սպասարկելու և ցույց տալու համար, թե առկա չէ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ, «անկախ» պատգամավորին պատկանող թերթը հերթական կեղծիքն է տարածել։

 

Աղբյուրը` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն