Արդյո՞ք «հետհեղափոխական» Հայաստանում դրսևորվում են ժողովրդավարական սկզբունքները

article-image

Պետության ժողովրդավարության մակարդակի որոշման համար անհրաժեշտ է պարզել, թե որքանով են ժողովրդավարական սկզբունքները արմատացած այդ երկրում։ Նախորդ հոդվածում անդրադարձել ենք ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, իսկ ստորև կներկայացնենք, թե ինչ դերակատարություն են դրանք ստանձնում  «հետհեղափոխական» Հայաստանում։

Հավասարությունը որպես ժողովրդավարական սկզբունք՝ օրենքի առջև բոլորի հավասարությունն ու հնարավորությունների հավասարազորությունը, Հայաստանում շարունակում է պահպանվել զուտ սահմանադրական կարգով։ Այսինքն, Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ուղղված հավասարության պահպանմանը, գործնականում այլ կերպ են դրսևորվում։ Հիմնական պատճառը սահմանադրականության թույլ դրսևորումն է, որը շարունակում է իրագործվել նաև «հետհեղափոխական» Հայաստանում։ Սահմանադրականությունը նախատեսում է սահմանադրականությամբ սահմանափակված կառավարում, այն է՝ առաջնորդների  և կառավարական մարմինների իշխանությունը սահմանափակված է Սահմանադրությամբ (սահմանված սկզբունքներով)։ Այսպիսով, իշխանությունը կառավարությանը շնորհվում է ոչ թե իր՝ կառավարության կողմից, այլև պետության Սահմանադրությամբ ամրագրված օրենքների միջոցով։ Սահմանադրականության բնորոշ հատկանիշ է իշխանության ճյուղերի տարանջատումը (օրենսդիր, գործադիր, դատական) և նրանց միջև գործող զսպումների և հակակշիռների մեխանիզմի առկայությունը։ «Հետհեղափոխական» Հայաստանում սահմանադրականությանը շարունակվում է երկրորդական տեղ հատկացվել, իսկ իշխանության ճյուղերը զսպելու և հակակշռելու փոխարեն միջամտություն են ցուցաբերում միմյանց ընթացակարգերում։ Նմանատիպ դեպքերից է, օրինակ, Ն․ Փաշինյանի (գործադիր մարմին) կողմից  հայտարարված հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների (դատական մարմին) ելքերի ու մուտքերի արգելափակումը, որին մասնակցել էին նաև մի շարք ԱԺ պատգամավորներ (օրենսդիր մարմին)։ Նշենք, որ դատարանների շենքերի մուտքերի արգելափակումը համարվում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների խախտում։ Հավասարության սկզբունքի խախտումը հանգեցնում է նաև ժողովրդավարության մեկ այլ առանցքային սկզբունքի՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ոտնահարմանը։

Ինչ վերաբերում է ժողովրդավարության մյուս սկզբունքներին՝ ընտրությունների ազատ և արդար անցկացմանը և քաղաքացիների մասնակցությունը, ապա պետք է արձանագրել, որ թեև 2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախորդ տարիների համեմատ եղել են ավելի ազատ և արդար, այնուամենայնիվ, ընտրությունները դեռևս բավարար պայման չեն ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Անհրաժեշտ է, որ ընտրություններից հետո իշխանական ներկայացուցիչների և ընտրազանգվածի միջև պարբերաբար տեղի ունենան հանդիպումներ, քանի որ ներկայացուցիչները նախ և առաջ պետք է առաջնորդվեն իրենց ընտրազանգվածի շահերով։ Նման հանդիպումների սակավաթվությունը կամ բացակայությունը հանգեցնում է մի շարք հակասությունների ընտրազանգվածի և իշխանական ներկայացուցիչների միջև, ինչը կարող է հանգեցնել վերջիններիս պաշտոնանկությանը։ Նմանատիպ դեպքերից է, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը, որի  մասին իշխանության ներկայացուցիչների կողմից քաղաքացիների ոչ պատշաճ իրազեկումը, որն էլ հանգեցրեց երկու կողմերի միջև փոխըմբռնման ձախողմանը։  Բացի այդ, անհրաժեշտ է, որ ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը հաջորդ ընտրություններին ապահովի նույնքան ազատ ու մրցակցային պայմաններ և չընտրվելու դեպքում խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով փոխանցի իր իշխանությունը ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած ուժին, որի գործունեությունը նույնպես ուղղված է լինելու ժողովրդավարական արժեքների տարածմանը։

Անդրադառնալով ժողովրդավարական մյուս սկզբունքներին՝ հաշվետվողականությանը և թափանցիկությանը, պետք է նշել, որ թեև  նրանք նպաստում եմ իշխանություն-քաղաքացի առավել առողջ և արդյունավետ հաղորդակցման ապահովմանը, այնուամենայնիվ, առկա են գաղտնիք պարունակող տեղեկություններ (Պետական և Ծառայողական գաղտնիք), որոնց մասին քաղաքացիներին թափանցիկ կերպով իրազեկումը ոչ թե հանգեցնում է ժողովրդավարական վարչակարգի ամրապնդմանը, այլև ցույց տալիս տվյալ պետության որոշ բնագավառներում առկա խոցելիությունը։

Ամփոփելով` կարող ենք ասել, որ «հետհեղափոխական» Հայաստանում ժողովրդավարական սկզբունքները շարունակում են գործել մասամբ, ինչը վկայում է այն մասին, որ թեև Հայաստանում առկա է ժողովրդավարություն, այնուամենայնիվ այն թերի է, որն այլ կերպ անվանվում է էլեկտորալ ժողովրդավարություն կամ ոչ ազատական ժողովրդավարություն։ Ժողովրդավարության նման տեսակներին բնորոշ է ժողովրդավարական վարչակարգին առանձահատուկ նվազագույն պայմանների ապահովումը՝ բացառելով ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների արմատացումը։

Աղբյուրներ` 

Լինց Խ., Ստեփան Ա․, «Ժողովրդավարությանն անցնելու և ժողովրդավարության կայացման խնդիրները», Կովկասի ինստիտուտ, Երևան, 2011, 620 էջ։

Adagbabiri M., Constitutionalism and Democracy: A Critical Perspective, International Journal of Humanities and Social Science, № 12, 2015, pp. 108-114.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն