Նիկոլ Փաշինյանի ոչ ճշգրիտ թվերը և հայտարարությունները Ֆրանսիայում

article-image

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով համայնքի ներկայացուցիչների հարցերին, մի քանի փաստեր նշեց` կապված մասնավորապես` Հայաստանի տնտեսական զարգացման, կենսաթոշակների, բանակի սպառազինության, կրթական համակարգի հետ: Պարզենք, թե որքանով են ճիշտ կամ սխալ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններից մի քանիսը: AntiFake.am-ը հետևողականորեն ուսումնասիրելու է Հայաստանի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:

Այսպես.

  1. «Հայաստանի միջազգային պահուստների ծավալները տարվա վերջում ավել կլինեն մոտավորապես 1 մլրդ դոլարով»:

Այս թվի ճգրտությունը ստուգելու համար կարող ենք համեմատել Կենտրոնական բանկի կողմից հրապարակված և բաց աղբյուր հանդիսացող վիճակագրական տվյալները: Վիճակագրության մեջ նշված են, բնականաբար, մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը ներառող ցուցանիշները: Ստորև աղյուսակում նշված է. 2018թ. հոկտեմբեր ամսին ՀՀ միջազգային պահուստները կազմել են 2,082,86 մլն դոլար (1,012,77 մլրդ դրամ), իսկ այս տարվա նույն ժամանակամիջոցում` 2,468,45 մլն դոլար (1,171,30 մլրդ դրամ): Տարբերությունը ստացվում է 385,590,000 դոլար` մոտ 385,6 մլն դոլար:

 

Հաշվի առնելով` որ վերը նշված թիվը այդքան էլ չի ձգտում գոնե կես միլիարդ դոլարի սահմանին, կարող ենք փաստել, որ այն պայմաններում, երբ տարեվերջին մնում է ընդամենը մեկուկես ամիս, գործնականում անհնարին կլինի մեկ միլիարդ դոլարի ավելացումը ապահովելը:

Ուստի, վարչապետ Փաշինյանի կողմից ներկայացված այս հայտարարությունը սխալ է:

       2. «Ընդամենը մի տարվա ընթացքում Հայաստանի բյուջեն ավելացել է 20 տոկոսով»:

Այս հայտարարության իսկությունը հաստատելու համար կարող ենք ուսումնասիրել այս տարվա և նախորդ` 2019թ. պետական բյուջեի նախագծերը:

Որպես կանոն` պետական բյուջեն հաշվարկվում է ըստ եկամտի, ծախսերի և պակասուրդի:

Համեմատենք եկամուտների ծավալը. 2019թ.  և 2020թ. պետական բյուջեում բաշխում կատարվում է հետևյալ կերպ. 2020թ.-ի համար`  1,697,618,538.8 դրամ, իսկ 2019թ.-ի համար` 1,496,463,122.3 դրամ: Տարբերությունը ստացվում է` 201,155,416.5  դրամ: Այսինքն` բյուջեի աճը կազմում է 11.8%: Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված 20%-ը ամբողջ 8.2%-ով ավել է իրական թվից, ինչը բավական մեծ նշանակություն ունի պետական բյուջեի հաշվարկման համար: Նույնը առկա է նաև պետական բյուջեի ծախսերի և պակասուրդի հաշվով:

Ուստի, Նիկոլ Փաշինյանի հրապարակած թիվը չի համապատասխանում իրականությանը:

      3. «Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում ձեռք են բերվել այնքան սպառազինություն, զենք- զինամթերք, ինչքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»:

Հարկ է նշել, որ այդպես էլ մեկուկես տարիների ընթացքում որևէ լրատվական միջոցում կամ պաշտոնական հաղորդագրություններում հաղորդում չեղավ նոր սպառազինություն, զենք-զինամթերգ գնելու առնչությամբ: Միակ դեպքը, երբ հայտարարվել է նոր սպառազինության մասին, այն է, որ Սու-30ՍՄ (Су-30СМ) կործանիչներ են գնվելու` համապատասխան վարկով, որոնք Հայաստան են մատակարարվելու 2020 թվականին: Պաշտպանության նախարարությունը հաստատել է գործարքի կնքման փաստը, սակայն չի հստակեցնում վճարված գումարի չափը։

Համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված «տեսանելի ժամանակաշրջանում», եթե ներառենք միայն 2016 թվականը, երբ Հայաստան բերվեցին «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը և ցուցադրվեցին Անկախության օրը կազմակերպված զորահանդեսի ընթացքում, ապա կշեռքի նժարը դարձյալ կթեքվի նախկին իշխանությունների կողմը:

      4. Հայաստանը առաջընթաց է ապրել տնտեսական բոլոր ռեյտինգներով, խոսքի ազատության բոլոր ռեյտինգներով, ժողովրդավարության բոլոր ռեյտինգներով:

Այս պնդման ճշմարտացիությունը հավաստելու համար կարելի է ստուգել, օրինակ, վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշները.

Եթե այս տարվա (մինչև սեպտեմբեր) ցուցանիշը (միջին ցուցանիշը` 102.3%) համեմատենք նախորդ` 2018 թվականի ցուցանիշի հետ, ապա պարզ չէ, թե տնտեսական ակտիվության առումով ոչ այդքան բարենպաստ համարվող շրջանում ինչպես է բարելավվելու տնտեսական ակտիվության ցուցանիշը և գերազանցելու 2018 թվականի` 105.6 տոկոսի ցուցանիշը, այն դեպքում, երբ 2017 թվականին ցուցանիշը ավելի բարձր զարգացում է ապրել (107.7%):

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից հիշատակված ժողովրդավարության ցուցանիշների առաջընթացին, ապա այստեղ ևս առաջ են գալիս մեկուկես տարվա ընթացքում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցները, որոնցում Հայաստանը, թեև ցուցանիշային առաջընթաց ունի, սակայն զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս այս աշխատանքներում սուբյեկտիվ գործոնի բացահայտ դերը` մասնավորապես իրադարձությունների ոչ ճիշտ մեկնաբանումը, կողմնակալությունը, կոնկրետ լրատվամիջոցներին հատուկ  անդրադարձը և այլն:

Վարչապետ Փաշինյանը ժողովրդավարություն է համարում նաև դատարանների ելքերի և մուտքերի ապօրինի փակումը, Ազգային ժողովի շենքի շրջափակումը, քաղաքական բանտարկյալների առկայությունը և բազում այլ իրադարձություններ:

Եվ որպես «դեսերտ» այս հրապարակման համար.

Նիկոլ Փաշինյանը նշում է. «Հերիք ա, ինչքան ավտոյի համարները, հեռախոսի համարը և անձնագրի բանի միջի թվի համարը դառնա ամուսնանալիս գործոն, որը ազդեցություն ա ունենում: Սա մեր պատկերացրած Հայաստանը չի, և հեղափոխությունը սրա համար է Հայաստանում տեղի ունեցել, որ ավտոմեքենայի համարով մարդու գնահատականը հանրության մեջ չփոխվի: Եվ իմիջայլոց, ասեմ, որ վարչապետի պաշտոնս ստանձնելով` առաջին գործողություններից մեկը, որը արել եմ, հետևյալն ա. Դեմ եմ շպրտել Հայաստանի Հանրապետության ղեկավարի ավտոմեքենայի համար նախատեսված ճաճանչափայլ բանը` պետհամարանիշը, շպրտել եմ ուղղակի, արգելել եմ դա օգտագործել և իմ մեքենայի` ծառայողական մեքենայի վրա կպցրել եմ խիստ շարքային, որևէ բանով աչքի չընկնող պետհամարանիշ:»

Հետաքրքիր է, որ շքեղությունից հրաժարվելու մասին խոսող Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է իրեն չպատկանող կառավարական առանձնատուն (երևի միայն այն պատճառով, որ այս առանձնատունը ավելի ճոխ է, և այստեղ ապրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը), ձեռք է բերել երկու 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 550.000 ԱՄՆ դոլար է, չարտերային թռիչքներ է պատվիրում և պատրաստվում է նոր ինքնաթիռ գնել:

Մենք կշարունակենք ստուգել Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունները և հրապարակել դրանց իսկության վերաբերյալ տեղեկությունները։

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը