Նիկոլ Փաշինանը խեղաթյուրում է հայոց պատմությանը, իսկ Հ1-ը փորձում է սրբագրել Փաշինյանի սխալները (ՓԱՍՏԵՐ)

article-image

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում ռուս լրագրողներից մեկի Գարեգին Նժդեհի վերաբերյալ հարցին Նիկոլ Փաշինյանը տվել է սխալ պատասխաններ՝ հերթական անգամ ապացուցելով, որ չի տիրապետում հայ ժողովրդի պատմությանը։


Գարեգին Նժդեհի անունը հայտնի է դարձել ոչ թե 1918թ.-ին, այլ դրանից 6 տարի առաջ՝ 1912թ.-ին

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Որտեղի՞ց է հայտնվել Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ։ Նրա անունը հայտնվեց Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում մեր ժողովրդի պատմության մեջ ստեղծվեց առաջին հանրապետությունը, 1918թ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը»։

Հարկ է նշել սակայն, որ Գարեգին Նժդեհի անունը հայտնի է դարձել ոչ թե 1918 թ.-ին, այլ դրանից 6 տարի առաջ՝ 1912թ.-ից, երբ սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը։ Հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը: Այդ պատերազմում Նժդեհը վիրավորվել է: Հայկական վաշտը աչքի է ընկել մի շարք հաղթական կռիվներով։ 1913թ. Նժդեհը զորացրվել է՝ հրաժարվելով մասնակցել բալկանյան ժողովուրդների ներքին կռիվներին:

Առաջին աշխարհամարտի նախօրյակին Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով: Կռիվների սկզբնական շրջանում եղել է հայկական կամավորական երկրորդ գնդի փոխհրամանատարը, վերջին շրջանում՝ ղեկավարել է հայ-եզիդական առանձին մի զորամաս: Իսկ 1917թ. սակավաթիվ ուժերով օգնության է հասել Կողբին և փրկել տեղի հայությանը կոտորածից:

1918թ. գարնանը Նժդեհը վարել է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն է ընձեռվել նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովել է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

Ահա այս դեպքերից հետո ենք մոտենում Նժդեհի կյանքի՝ Նիկոլ Փաշինյանի նշած ժամանակահատվածին։ Սակայն այստեղ ևս Նիկոլ Փաշինյանը սխալվել է։


Գագերին Նժդեհը չի կռվել Սարդարապատի ճակատամարտում, չի կռվել Բաղրամյանի հետ կողք կողքի

Այսպես. Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նրա անունը հայտնվեց Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում մեր ժողովրդի պատմության մեջ ստեղծվեց առաջին հանրապետությունը, 1918թ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը»։

Ի դեպ, նույն ճակատամարտին մասնակցել է նաև Հովհաննես Բաղրամյանը։ Նրանք կողք կողքի մարտնչել են թուրքերի դեմ՝ իրենց հայրենիքի համար։ Ինչպես հայտնի է, Բաղրամյանը հետագայում դարձել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ երկակի հերոս։ Մեզ համար Գարեգին Նժդեհը եւ Հովհաննես Բաղրամյանը նույն ակունքներն ունեն, որպես պատմական անձինք։ Նրանք մարտնչել են Հայաստանի համար, հայերի համար և փորձել են իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի պաշտպանեն իրենց ժողովրդին թուրքերից, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունը»։

Հարկ է նշել սակայն, որ ոչ Գարեգին Նժդեհի վերաբերյալ կենսագրականներում, ոչ էլ հայոց պատմության նշված ժամանակահատվածը նկարագրող աշխատություններում որևէ նշում չկա այն մասին, որ Գարեգին Նժդեհը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։

1918 թ. մայիսյան հերոսամարտի օրերին Գարեգին Նժդեհը մասնակցել է ոչ թե Սարդարապատի, այլ Ղարաքիլիսայի ճակատամարտին։

Այսպես. 1918թ. գարնանը Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ՝ Նժդեհն իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին և նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: «Դեպի ճակատ, այնտեղ է մեր փրկությունը,- կհնչեր Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը»։

Մայիսի 24-ին վերակազմավորված հայկական ստորաբաժանումները Դիլիջանից շարժվում են Ղարաքիլիսա։ Զորքը բաժանված էր երեք մասի․ հյուսիսում ռազմաճակատի աջ թեւը վստահված էր Անդրանիկին, որն իր 2700 կամավորներով պետք է պաշտպաներ Գարգառի լեռնանցքը (Ստեփանավանից 10 կմ հեռավորությամբ)։ Ձախ թեւում՝ Հաջիղարա (Լեռնապատ) գյուղի մոտ գնդապետ Սամարցյանի ստորաբաժանումն էր եւ կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի 4-րդ մարտկոցը։

Նրանք պետք է պաշտպանեին Ղարաքիլիսայի հարավում գտնվող Գյադա-Մայմեխ (Անփայտ Մայմեխ) լեռան դիրքերը։ Կենտրոնական հատվածում՝ Դարպասից մինչեւ Ղշլաղ (Վանաձորի Տավրոս թաղամասը) գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի հեծելազորն էր եւ Նժդեհի կամավորական ջոկատը։

Մայիսի 25-ին տեղի են ունենում մարտերը թուրքերի առաջապահ հետախուզական ստորաբաժանումների հետ։ Նժդեհի հեծյալներն ու Տեր-Մովսիսյանի մարտկոցը հերոսական կռվով ջախջախում են թուրքերին ու ստիպում փախչել։ Այս հաղթության լուրն էլ ավելի է ոգեւորում հայերին։ Այս մարտում էլ զոհվում է Գուրգեն Տեր-Մովսիսյանը։

Ղարաքիլիսայի հերոսականով հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհն արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:

Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին ընթացել են նաև Սարդարապատի (մայիսի 21-29-ը) և Բաշ-Ապարանի (մայիսի 23-29-ը) հերոսամարտերը, սակայն Գարեգին Նժդեհի անունը, ինչպես արդեն նշեցինք, չի հիշատակվում ոչ Սարդարապատի, ոչ էլ Բաշ-Ապարանի հերոսամարտերում։

Ինչ վերաբերվում է Հովհաննես Բաղրամյանին, ապա նա մասնակցություն է ունեցել Սարդարապատի հերոսամարտին։

1918թ. մայիսի 20-ին թուրքական զորքերը հարավից ու հարավ-արեւմուտքից գրոհում են։ Իգդիրի ջոկատը, համաձայն մարտական պլանի, դիմադրություն ցույց տալով նահանջում է, անցնում Մարգարայի կամուրջը Սարդարապատի ջոկատին միանալու համար։ Մարտիկները պայթեցնում են Մարգարայի ու Կարակալայի կամուրջները, եւ Սուրմալուի ուղղությամբ առաջ շարժվող թուրքական զորքերը չեն կարողանում անցնել Արաքսը, որի հետևանքով ձախողվում է Սարդարապատում կռվող հայկական ուժերին թիկունքից հարվածելու նրանց ծրագիրը։

Ըստ Սիմոն Վրացյանի՝ հայկական զորքերի ընդհանուր թիվը մոտ 10 հազար էր՝ բաժանված հետեւյալ զորամասերի՝ 4-րդ եւ 5-րդ գնդերը, պարտիզանական 1-ին գունդը, Երզնկայի, Մակուի, Վանի 1-ին եւ 2-րդ, պարտիզանական ձիավոր գնդերը, Սմբատի, Դալի Ղազարի, Մուրադի խմբերը եւ 4 մարտկոց՝ 16 թնդանոթով։

Այս ուժերը բաժանված էին երկու մասի. մի մասը Դրոյի հրամանատարության տակ Բաշ-Ապարանի ճակատում, մյուսը՝ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության տակ Սարդարապատի դաշտում։ Զորքերի ընդհանուր հրամանատարն էր զորավար Սիլիկյանը, սպայակույտի պետը՝ գնդապետ Վեքիլյանը։

Իսկ Բաղրամյանը Սարդարապատի հերոսամարտում ներգրավված է եղել որպես Հայկական 1-ին հատուկ հեծելազորային գնդի դասակի հրամանատար։ Այդ օրերի մասին Բաղրամյանի գործողությունների մասին տեղեկանում ենք հենց իր հուշերից։


Բաղրամյանը և Նժդեհը ծանոթ չեն եղել

Բաղրամյանի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտի վերաբերյալ հուշերից տեղեկանում ենք, որ նա անձամբ ծանոթ է եղել 4-րդ մարտկոցի հրամանատար Գևորգ Տեր-Մովսիսյանին. «Ես անձամբ ճանաչում էի Մովսիսյանին եւ նրա մարտկոցի մարտիկներին, որոնց նա վերաբերվում էր հոգատարությամբ ու սիրով։ Ինձ միշտ հիացմունք է պատճառել այն, որ կապիտանի ստորաբաժանման եւ՛ սպաները, եւ՛ զինվորները եղել են կարծես ընտրովի, գեղեցիկ հանդերձավորված, ձգված, եռանդուն, վստահ ուժերին եւ պատրաստ ցանկացած պահի մարտի նետվելու։ Ղարաքիլիսայի ճակատամարտը վերջինն էր, որին մասնակցեց փայլուն հրետանավորն ու վառ հայրենասերը, Մովսիսյանն ընկավ հերոսի մահով»։

Սակայն որևէ աղբյուրում առկա չէ տեղեկություն այն մասին, որ Բաղրամյանը և Նժդեհը ծանոթ են եղել։


Մարշալ Բաղրամյանը առանց կասկածի եղել է ԽՍՀՄ կրկնակի հերոս

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև նշում է. «Ինչպես հայտնի է, Բաղրամյանը հետագայում դարձել է Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ հերոս», և նրան կողքից հուշելուց հետո է միայն, որ նշում է՝ ԽՍՀՄ կրկնակի հերոս, ինչն արտաբերում է կասկածանքով։

Նշենք, որ ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման է արժանացել ընդամենը 154 անձ, որոնցից մեկը եղել է Հովհաննես Բաղրամյանը։ Բաղրամյանը ԽՍՀՄ հերոսի կոչման է արժանացել առաջին անգամ 1944թ. հուլիսի 29-ին (մեդալ N 3831, Լենինի շքանշան N 19243), իսկ երկրորդ անգամ՝ 1977թ. դեկտեմբերի 1-ին (մեդալ N 104, Լենինի շքանշան N 429496):


Խորհրդային և ռուսական իշխանությունները բազմիցս դատապարտել են Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է. «Շատ է խոսվում այն մասին, որ, օրինակ, Նժդեհը ինչ-որ կապեր է ունեցել Երրորդ Ռեյխի ներկայացուցիչների հետ։ Մոլոտովը նույնպես շփվել է Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Այդ դեպքում եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք եւ ուսումնասիրենք ամեն ինչ։ Որեւէ մեկը Ռուսաստանում դատապարտե՞լ է դա։ Իսկ ինչու՞ ոչ։ Եթե սկսենք, ապա եկեք սկսենք Մոլոտովից։ Ի՞նչ էր նա ասում, ինչո՞ւ, ինչի՞ մասին էր պայմանավորվում, ինչո՞ւ էր պայմանավորվում։

Իսկ Ստալինը տեղեկացվա՞ծ էր՝ ինչի մասին է պայմանավորվածությունը։ Մեզ համար չկա այդ հարցը, թե ով է Նժդեհը։ Նա այն մարդն է, որը ապագա մարշալ Բաղրամյանի հետ պայքարում էր հայրենիքի համար։ Խոսե՞լ է նա նացիստների հետ։ Հնարավոր է՝ խոսել է։ Մոլոտովն էլ է խոսել, Ստալինը նույնպես խոսել է»։

Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Վյաչեսլավ Մոլոտովին՝ կապված 1939թ. օգոստոսի 23-ի ԽՍՀՄ- Գերմանիա չհարձակման պայմանագրի կնքման հետ, ըստ պատշաճի չի ուսումնասիրել ԽՍՀՄ պատմությունը: Ուսումնասիրելիս պարզ կդառնա, որ ԽՍՀՄ-ը պայմանագրի կնքումից հետո տարիներ շարունակ խորհրդային ղեկավարությունը ժխտում էր պայմանագրին կից գաղտնի դրույթների գոյությունը: Սակայն Իոսիֆ Ստալինի մահից տարիներ անց` 1989 թվականին Գորբաչովի հրահանգով Ալեքսանդր Յակովլևի գլխավորած հանձնաժողովը  ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարին ներկայացրեց փաստեր, որ նման դրույթներ իսկապես գոյություն են ունեցել: Համագումարը հատուկ հռչակագիր է ընդունել Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի գաղտնի դրույթների վերաբերյալ` մեղադրելով և դատապարտելով դրանք: Սրան հաջորդեցին Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից այս դրույթները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայտարարությունները:

Իսկ արդեն Ռուսաստանի Դաշնության օրոք, մասնավորապես 2009 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը համարել է «ոչ բարոյական»:

Այնուամենայնիվ, ռուսական գիտական շրջանակները խորհրդագերմանական պայմանագիրը համարում են այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին համապատասխան դիվանագիտական քայլ: Արդեն այս տարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԽՍՀՄ-ը ստիպված էր կնքել այս պայմանագիրը ինքն իրեն պաշտպանելու համար:


Հանրային հեռուստաընկերությունը սրբագրում է Նիկոլ Փաշինյանի սխալները

Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանը Գարեգին Նժդեհի վերաբերյալ իր պատասխանում նշել է (3:41 վրկ.). «Его имя появилось с Сардарапатской битвы, в итоге которой была создана первая республика в истории нашего народа - Первая Армянская Республика в 1918 году…» («Նրա անունը հայտնվեց Սարդարապատի ճակատամարտից, որի արդյունքում մեր ժողովրդի պատմության մեջ ստեղծվեց առաջին հանրապետությունը, 1918թ․ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը»)։

Հանրային հեռուստաընկերությունը երեկ՝ նոյեմբերի 20-ին, լուրերի թողարկմամբ անդրադարձել է ռուսական ԶԼՄ-ի ներկայացուցչի Գարեգին Նժդեհի վերաբերյալ հարցին և Նիկոլ Փաշինյանի պատասխանին, ինչը ներկայացրել է հայերեն թարգմանությամբ։

Սակայն Հ1-ը հայերեն թարգմանությամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանը «խմբագրել է» և պատասխանում ավելացրել բառեր, որոնք Նիկոլ Փաշինյանը չի ասել։ Մասնավորապես, Հ1-ի հայերեն թարգմանության մեջ ասվում է (0:41 վրկ.). «Որտեղի՞ց է հայտնվել Գարեգին Նժդեհի անունը մեր պատմության մեջ։ Նրա անունը հայտնվեց Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Ապարանի ճակատամարտերից…»։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը չի արտաբերել Ղարաքիլիսայի և Ապարանի ճակատամարտերի անվանումները։

Կարող ենք փաստել, որ Հանրային հեռուստաընկերությունը, Նիկոլ Փաշինյանի պատասխանը հայերեն թարգմանելով, փորձել է սրբագրել Նիկոլ Փաշինյանի գիտելիքները հայոց պատմության և Գարեգին Նժդեհի վերաբերյալ, սակայն դա արել է փնթի ձևով, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Գարեգին Նժդեհը չի մասնակցել Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերին։ Այսպիսով, ստացվում է, որ Հ1-ը ավելի անհարմար դրության մեջ է դրել Փաշինյանին՝ սխալին ավելացնելով ևս մեկ սխալ։

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության պաշտոնական յութուբյան էջը վերահրապարակել է Հանրային հեռուստաընկերության՝ Նիկոլ Փաշինյանի պատասխանի հայերեն «սրբագրված» թարգմանությամբ տարբերակը։ Ամենայն հավանականությամբ վարչապետի աշխատակազմին ավելի շատ դուր է եկել Նիկոլ Փաշինյանի պատասխանի՝ Հ1-ի կողմից խմբագրված տարբերակը։

Այսպիսով, հայերին «կովկասցիներ» անվանելուց հետո ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում հայոց պատմությանը, Գարեգին Նժդեհի կենսագրությանը և յուրաքանչյուր անգամ ստիպված լինելով պատասխանել հայոց պատմության վերաբերյալ որևէ հարցի՝ խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովրդին և մեր պատմությունը։

 

Հեղինակներ՝ 

Աստղիկ Մաթևոսյան

Մելինե Հայրապետյան

 

Աղբյուրներ՝

  • Մանասեր Մանասերյանի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի», էջ 33
  • «Գարեգին Նժդեհ, Հատընտիր», Երևան, 2006թ., էջ 4-5
  • www.republic.mediamax.am, «Ղարաքիլիսայի կռիվն ու առաքյալ Նժդեհը», 2018թ., https://republic.mediamax.am/story/29/
  • Սիմոն Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 1993թ.
  • www.republic.mediamax.am, «Սարդարապատի վերջնախաղն ու հաղթանակը», 2018թ. https://republic.mediamax.am/story/28/
  • Абрамян Г., ПОЛКОВОДЕЦ БАГРАМЯН, Ереван, 1997
  • Մարշալ Բաղրամյանը՝ 1918 թ․ թուրք-հայկական ճակատամարտերի մասին, https://www.youtube.com/watch?time_continue=526&v=Pw4kYq3_LwQ&feature=emb_title
  • www.militera.lib.ru, Баграмян И.X., “Так шли мы к победе”. - М.: Воениздат, 1977, http://militera.lib.ru/memo/russian/bagramyan2/index.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը