Քրեական գործով որպես մեղադրյալ անցնող Վաչագան Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ

article-image

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ Մովսես Հակոբյանն անցնում է քրեական գործով և ներգրավված է որպես մեղադրյալ։ Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է. «Պաշտպանական ոլորտում երեկ արտառոց նշանակում եղավ: Վարչապետ Փաշինյանի որոշումով աշխատանքից ազատված գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսեսյանը, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անցնում է մի քրգործով եւ մեղադրյալի կարգավիճակ ունի, երեկ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` գնդապետ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել, որովհետեւ լինելով զորամասի հրամանատար` զանցառել է պաշտոնեական լիազորությունները՝ մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905 հազար 203 դրամի վնաս: Բացի այդ, գնդապետի՝ ծառայության նկատմամբ դրսեւորած անփույթ վերաբերմունքով պետությանը պատճառել է 9 միլիոն 740 հազար 630.8 ՀՀ դրամի վնաս»:

Նշենք, որ նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից, Վաչագան Ներսեսյանինգլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից, և Կամո Քոչունցինգլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնից։

Նշենք, որ Վաչագան Ներսեսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնում նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին։

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ, իսկ Վաչագան Ներսեսյանը՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

AntiFake.am-ը ստուգել է «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները։

Այսպես, Datalex.am դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Մովսես Ներսեսյանն իսկապես անցնում է քրեական գործով։ Քրեական գործը հարուցվել է 2019 թվականի հունվարին, դատարան է ուղարկվել 2019 թվականի մայիսի 6-ին։

Վաչագան Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով թիվ զորամասի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գնդապետ, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը՝ ՊԲ հրամանատարի 01.05.2013թ. թիվ 1402 հրամանի հիմքով զորամասի ֆինանսական ծառայության պետ հանդիսացող մայոր Արուսիկ Պետրոսյանին պատճառելով 905203 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառվել է 9740630.8 ՀՀ դրամի վնաս:

Վաչագան Ներսեսյանն անցնում է ՀՀ քր. օր.-ի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով  և 375-րդ հոդվածի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով:

Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված են երկու անձ՝ Վաչագան Վալերի Ներսեսյանը և Արթուր Վալերի Ներսեսյանը։ Ազգանունները և հայրանունները նույնական են, ուստի կարելի է ենթադրել, որ նրանք եղբայրներ են։

Արթուր Ներսեսյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ զորամասի ֆինանսական ծառայության պետ՝ պաշտոնատար անձ, համապատասխան ֆինանսական փաստաթղթերում պարբերաբար ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է զորամասին հատկացված դրամական միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝9740630.8 ՀՀ դրամ:

Արթուր Ներսեսյանն անցնում է ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասով։

Վաչագան Ներսեսյանի և Արթուր Ներսեսյանի նկատմամբ սույն գործով կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Այս գործով արդեն իսկ կայացվել է 4 դատական նիստ՝ վերջինը՝ հոկտեմբերի 31-ին։

Փաստացի իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության, իշխանության անգործության, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ մեղադրվող անձը  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից նշանակվել է կարևոր պաշտոնի այն պարագայում, երբ նրան մեղսագրվող արարքների համար սահմանված է պատիժ ոչ միայն ազատազրկման ձևով, այլ նաև զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ և կարգապահական գումարտակում պահելու ձևով։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը ոչ թե մաքրում են համակարգը իշխանությունը չարաշահած, պետությանը խոշոր չափերով վնաս հասցրած պաշտոնյաներից, այլ «տեղապտույտ» են իրականացնում՝ մի պաշտոնից ազատելով և այլ պաշտոնների նշանակելով։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն