Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քաղաքականացված կառույց է

article-image

Այսօր՝ նոյեմբերի 19-ին Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հավանության արժանացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր հինգ թեկնածուներին: Ընտրված անդամներն են՝ Լիլիթ Ալեքսանյանը (կառավարություն), Էդգար Շաթիրյանը (Իմ Քայլ), Նարեկ Համբարձումյանը (Բարգավաճ Հայաստան), Հայկուհի Հարությունյանը (Լուսավոր Հայաստան) և Արամայիս Փաշինյանը (ԲԴԽ): Ինչպես հայտնի է հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որով էական փոփոխություններ են կատարվել օրենքում և որոնք բավականաչափ ինստիտուցիոնալ ռիսկեր են պարունակում իրենց մեջ: Մինչև ռիսկերին անդրադառնալը նախ նշենք, թե ինչ էական փոփոխություններ են կատարվել օրենքում, այնուհետև համեմատենք դրանք նախկին իրավակարգավորումների հետ:

1. Առաջարկվող փոփոխություններով իշխող քաղաքական ուժը վերացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) թեկնածուների ընտրության մրցութային կարգը։ Նախկինում ընդունված կարգավորումները մրցույթի անցկացումը և դրա հիման վրա թեկնածուների առաջադրումը վերապահում էին իշխող քաղաքական ուժից անկախ մրցութային խորհրդին, որի մեջ պետք է ընդգրկվեին Մարդու իրավունքների պաշտպանը, Հանրային խորհրդից, Փաստաբանական պալատից ներկայացուցիչներ, Սահմանադրական դատարանի դատավորներ և ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ: Սակայն ըստ ներկայիս օրենսդրական կարգավորումների, ինչպես գիտենք, հանձնաժողովը ձևավորվել է ԲԴԽ-ի, ԱԺ իշխող քաղաքական ուժի, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և կառավարության կողմից մեկական անդամներ առաջադրելով: Փաստացի ստացվում է անպես, որ նախկին օրենսդրական կարգավորումներով նախատեսված անաչառ մարմնին՝ մրցութային հանձնաժողովին, եկել է փոխարինելու քաղաքական կոմպոնենտը: Իշխանությունների բաժանման բացակայության ներկայիս պայմաններում Հանձաժողովի անադամներից 3-ը փաստացի առաջարկվում են իշխանությունների կողմից:

2. Փոփոխված օրենքով իշխող քաղաքական ուժը էապես մեղմացրել է Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։ Նախկին կարգավորումներով Հանձնաժողովի անդամ կարող էր նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և ճանաչում, սակայն այժմ այս պահանջների մեջ 10 տարվա ստաժը փոխարինվել է 3-ով, իսկ ճանաչում տերմինը առհասարակ հանվել է: Այս փոփոխությունները հատկանշական են, քանի որ ինչպես գիտենք իշխանությունները լուրջ խնդիր ունեն փորձառու մասնագետների մասով, դրա վառ արտացոլանքն է հանրային տարբեր կարևորագույն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում անփորձ պաշտոնյաների նշանակումները: Ի դեպ նորընտիր անդամներից ոչ ոք չէր հաղթահարի նախկին օրենքով սահմանված աշխատանքային ստաժի և ճանաչվածության ցենզը, այսինքն՝ չէին ընտրվի:

3. Նոր օրենքով ամբողջովին վերահսկելի Հանձնաժողովին վերապահվել են նոր՝ քաղաքական բնույթի գործառույթներ։ Մասնավորապես՝ մասնակցություն պետական պաշտոններում նշանակման գործընթացում և մասնակցություն պետական պաշտոններից հեռացնելու գործընթացում։

Փաստացի ստացվում է այնպես, որ կոռուպցիայի և պաշտոնատար անձանց վեթթինգով զբաղվող հանրապետության թիվ մեկ մարմինը կարելի է ասել ամբողջովին քաղաքականացված է և նոր հզոր գործիք է իշխանությունների ձեռքին քաղաքական ճնշումներ գործադրելու համար (հատկապես դատավորների նկատմամբ), որը հնարավորություն կտա  իշխանություններին վերսկսել ապօրինի ձերբակալությունների հայտնի շարքը:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն