Ինչու՞ է նախաքննության մարմինն այս փուլում հայտարարում Վայոց Ձորի մարզպետի՝ փոխգնդապետ Մխիթարյանի ծեծի հետ առնչության բացակայության մասին

article-image

Ինչպես գիտենք, սեպտեմբերի 18-ի Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել, որի շրջանակներում շատ բուռն կերպով քննարկվում է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցության հարցը: Դեպքից հետո Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Նրան այդ պաշտոնում փոխարինել է գործով մեղադրյալ, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի փաստաբանը` Արարատ Գրիգորյանը, որը պաշտոնը ստանձնելու օրը կառավարությունում հայտարարեց, որ ալևս չի պաշտպանելու Գրիգորյանի շահերը։ Միջադեպի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեն նոյեմբերի 18-ին հայտարարություն տարածեց, որտեղ նշվում է՝

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն  Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Մեղադրյալներ Հարություն և Զավեն Գրիգորյանների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին առերես:

Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ից, գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և՝ մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ին ժամը 23.55-ին և սեպտեմբերի 18-ի ժամը 00.01-ի դրությամբ ավարտվել է, քանի որ, համաձայն հեռախոսազանգերի վերծանումների, նշված ժամին է ահազանգ կատարվել «Շտապ բուժօգնություն» ծառայություն:

Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ. Սարգսյանի՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը:

18.10.2019թ. ստացվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, այդ թվում և՝  ֆոտոաղյուսակը, համաձայն որի՝ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի /Տ. Սարգսյանի բնակության վայր/ 1-ին հարկում գործող ատամնաբուժարանից առգրավված և փորձաքննությանը ներկայացված տեսագրող սարքի հետազոտությամբ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, միաժամանակ պարզվել է, որ տեսագրող սարքի ժամային ցուցիչն իրական ժամից հետ է ընդամենը 2 րոպե:

Տ. Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով:


Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել»:

Տարօրինակ է, որ 4 զինծառայողների կողմից տրված այն ցուցմունքները, ըստ որոնց` Տրդատ Սարգսյանը ոչ միայն ներկա է եղել միջադեպին այլ նաև ակտիվ մասնակցություն է ունեցել, անտեսվել են նախաքննության մարմինների կողմից, իսկ Տրդատ Սարգսյանի առնչությունը դեպքի հետ՝ հերքվել: Այժմ ներկայացնենք մամուլում հրապարակված տուժող կողմի պարզաբանումներից հատվածներ, որոնք նաև նույն կերպ պնդվել են Տրդատ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ:

«Այդ պահին այդտեղ պետք է լինեին նաև իր զինվորական ընկերները, Արա Մխիթարյանը շփոթել է, կարծել է, թե իրենք են, մոտեցել է, որ հաջողություն ասի: Այդ ժամանակ նա մոտեցել է Հարություն Գրիգորյանին՝ կարծելով, թե իր ընկերներն են, սակայն մարզպետի օգնականը կոպիտ տոնով հարցրել է, թե ինչ է եղել, փոխգնդապետը հայտնել է, որ շփոթել է, հետո վիճաբանություն է տեղի ունեցել, բայց ծեծկռտուք չի եղել, այս տղան քարը ձեռքին հեռացել է, փոխգնդապետը կարծել է, թե միջադեպն ավարտվել է: Բայց Հարություն Գրիգորյանը վերադարձել է 6-7 հոգու հետ, նրանց մեջ եղել է նաև մարզպետ Տրդատ Սարգսյանը: Նշեմ, որ փոխգնդապետին հիմնական հարվածներ հասցնող Հարություն Գրիգորյանը մարզպետի հորեղբոր աղջկա ամուսինն է»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ զրպարտություն է այն վարկածը, թե զինվորականները միմյանց հետ վիճելիս են եղել, և այդ ժամանակ Հարություն Գրիգորյանը փորձել է հանդարտեցնել»:

Աղբյուրը պատմեց, որ երկու փոխգնդապետերը փորձել են բաժանել, փոխգնդապետներից մեկը գոռացել է՝ Արան մահանում է, մի խփեք, հարվածել են նրա աչքին, հենց հիմա աչքի վնասվածք ունի:

«Այս ամենից հետո այլ բան են շրջանառում: Եկեք հարցուփորձ արեք, տեսեք՝ ով է փոխգնդապետը, եթե ուզենար կռվել, ֆիզիկական ուժը թույլ կտար 6-7-ին էլ տապալել, բայց կռվի հակված չի եղել, ես ձեզ չեմ խաբի, չգիտեմ՝ այդ ժամանակ ալկոհոլ օգտագործած է եղել, թե ոչ, բայց իր տեսակով համեստ, բարի համբավ ունեցող մարդ է: Նա ունի 10 տարեկան երեխա, Աստված չանի, եթե փոխգնդապետը կոմայից դուրս չգա, մենք ոտքի ենք կանգնելու, զինվորականները նրա կողքին են»,- վստահեցրեց աղբյուրը»:

Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ քրեական դատավարությունում նախաքննական գաղտնիք հանդիսացող տվյալների հրապարակումը կարող է վնասել կողմերի օրինական շահերին ու իրավունքներին, խոչընդոտել քրեական գործի քննությանը, հանցագործության բացահայտմանը: Այս կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածը՝ կարևություն տալով նախաքննության տվյալների պահպանմանը, սահմանել է համապատասխան հանցակազմ, ըստ որի՝ «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով»:

Սակայն, ցավոք սրտի, լինում են այնպիսի դեպքեր, երբ նախաքննության մարմիններն են այդ սկզբունքը խախտում` ժամանակից շուտ հրապարակելով այնպիսի տվյալներ, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա, ինչը որ եղավ նաև փոխգնդապետ Արա Մխիթարյանի պարագայում: Միանշանակ նախաքննության մարմինների կողմից Տրդատ Սարգսյանի մասնակցությունը շուտափույթ հերքելու մոտիվացիան հասկանալի է, քանի որ, ինչպես գիտենք, վերոնշյալ անձը վարչապետ Փաշինյանի մտերիմների շրջանակներից է և եղել է նրա հետ Գյումրիից Երևան քայլողների առաջին շարքերում:

Բնականաբար, փաստերի այսպիսի դասավորվածության պայմաններում դժվար է հավատալ, որ նախաքննության մարմինների գործողությունները իրոք օբյեկտիվ և անաչառ են եղել և միտված չեն կանխակալ վերաբերմունք ցուցաբերելուն: Անհասկանալի և միևնույն ժամանակ հասկանալի գործընթացները տեսնում ենք նաև իրավապահ մարմինների մյուս օղակներում՝ կապված Նիկոլ Փաշինյանի կառավարության մերձավոր պաշտոնյաների հետ: Դավիթ Սանասարյանի՝ կոռուպցիոն սկանդալները և ազատության մեջ լինելը դրա «վառ ապացույցն» է։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը