Ի՞նչ իրավիճակ է տիրում Թռչունյան տանը. պատմում են գիշերօթիկի սաները և խնդրում ներգրավված կողմերը

article-image

Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան այն մասին,  որ Գյումրու Թռչունյան տան գիշերօթիկի ֆինանսավորումը դադարեցվել է, այդ պատճառով այն փակման եզրին է, իսկ կուտակված պարտքերից հետո սնունդ մատակարարողները զգուշացնում են, որ այլևս անհնար է նման կերպ շարունակել:


Թռչունյան տան պատմությունը

Շենքը կառուցվել է 1837թ.-ին: Այստեղ Արևմտյան Հայաստանից գաղթած երեխաները կարողացել են ապաստանել և կրթություն ստանալ: Այդ երեխաներից մեկն էլ ցեղասպանությունից փրկված Վահան Թռչունյանն էր, ում  որդեգրել և տարել են ԱՄՆ:

Հետագայում նրա աջակցությամբ շենքը վերակառուցվել է, և 2003 թ.-ից սկսած` արդեն վերակառուցված շենքում գործում է երեխաների տուն-խնամքի կենտրոնը: Այն բացառապես ֆինանսավորվել է ամերիկաբնակ բարերարների միջոցով, մասնավորապես` Հերման Հինթիրյանի աջակցությամբ, ով կառույցը ֆինանսավորել է 16 տարի, իսկ 2017թ. սկսած` կենտրոնը նաև գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հովանավորության ներքո:


Ի՞նչ իրավիճակ է տիրում Թռչունյան տանը, և ի՞նչու է դադարեցվել  գիշերօթիկի ֆինանսավորումը. բարձրաձայնում են սաները, իսկ տնօրենը հակադրվում է

Գիշերօթիկի ֆինանսական աջակցության դադարեցումը հայտնի է դարձել գլխավոր բարերար Հերման Հինթիրյանի հիմնադրամի  սփյուռքահայ գործընկերներին ուղղված նամակից, որտեղ նշվում է Թռչունյան տան ֆինանսավորման դադարեցման մասին: Նամակից պարզ է դարձել, որ դա կապված է Թռչունյան տան ղեկավարության աշխատանքի և անցկացված աուդիտի հետ: Գիշերօթիկի տնօրինության փոխանցմամբ՝ իրենց հետ չեն կապվել և չեն տեղեկացրել ֆինանսավորման դադարեցման մասին:

Ստեղծված իրավիճակը անհանգստացրել էր գիշերօթիկի սան Տանյա Գրիգորյանին, ով ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ գրելով, որ եթե խնդիրը տնօրենն է ապա կարելի է փոխել նրան, ոչ թե գիշերօթիկը փակել:

Տանյայի խոսքերով` մանկավարժները հարվածել են երեխաներին, ոչ միշտ են տրամադրել նոր հագուստ և միայն այցելուներ ունենալու դեպքում են տրամադրել. «Օրինակ վերջերս մարզպետի այցից առաջ են երեխաների ատամի խոզանակ ու մածուկ տրամադրել»,- ասում է Տանյան: Նրա փոխանցմամբ` գիշերօթիկի աշխատակիցները տնօրենի բարեկամներն են, որոնք ևս վատ են վերաբերվում երեխաների հետ: Դա տեսնելով` հովանավորները դեռևս տարիներ առաջ են ցանկացել դադարեցնել ֆինանսավորումը՝ մտածելով, թե չեն կարողանա հեռացնել տնօրենին, սակայն երեխաների խնդրանքով այդպես չեն վարվել:

Տանյայի խոսքերը հաստատում է Թռչունյան տան գլխավոր բարերար Հերման Հինթիրյանի նամակն այն մասին, որ նա դեռևս 3 տարի առաջ ցանկացել է, որպեսզի  գիշեօթիկի տնօրեն Սոնյա Սիմոնյանը հեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն տիկինը գիշերօթիկի փակումը գերադասել է պաշտոնաթողությունից, որը, սակայն, տիկին Սիմոնյանը մեզ հետ զրույցում որակել էր որպես բամբասանք: Ուստի ասվածի ապացույցը մի փոքր հատվածով ներկայացնում ենք ստորև:

Բացի այդ, ասվածը ապացուցում է նաև Հինթիրյանի այն նամակը, որտեղ նշվում է. «Սրտի ցավով ենք ուզում հայտնել, որ 2019 թ.-ի սեպտեմբերի 1-ից դադարեցնում ենք մանկատան հետագա ֆինանսավորումը: Քանզի ավելի դժվար էր դարձել համագործակցությունը կառույցի ներկայիս պատասխանատուի և անձնակազմի հետ առօրյա գործունեության մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու հարցերում»:

Իսկ կատարված աուդիտի և հայտնաբերված խնդիրների առկայության մասին վկայում են «Առավոտ» ՀԿ-ի կատարած ուսումնասիրությունները և ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Շահվերդյանի խոսքերը. «Որ ասեմ, որ լիարժեք այնտեղ աշխատողները երեխաների պաշտպանության տեսանկյունից են հանդես գալիս, մի քիչ կոռեկտ չի լինի»: Ըստ Տիկին Շահվերդյանի՝ առկա է հաշվետվության գաղտնիության խնդիր, սակայն որոշ խնդիրների առկայության մասին լռել չեն կարող, ինչպես օրինակ, բարձիթողի մանկավարժական վիճակը:

Տանյայի ֆեյսբուքյան գրառումը, որը գիշերօթիկի տնօրեն Սոնյա Սիմոնյանը մեզ հետ զրույցում սուտ և սխալ որակեց, զարմանք էր առաջացրել գիշերօթիկի այլ աշխատակիցների մոտ, ովքեր շտապել էին ստեր տարածել աղջնակի մասին: Օրինակ, դասվար Զարուհի Դարբինյանն ասել էր. «Տանյան թողել է ծանրամարտը ավելի ճիշտ՝ մարզիչը հրաժարվեց իրենից, Ծաղկաձորում մարզումների ժամանակ բարկացել էր,վռնդել նրան»:

Այս տեղեկատվությունը ճշտելու նպատակով AntiFake.am-ը կապ է հաստատել Տանյայի մարզչի՝ Քրիստինե Պետրոսյանի հետ, ով հերքել է այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ Տանյան ունի վնասվածք, որի համար ժամանակավորապես դադարեցրել է մարզումները, իսկ բուժում ստանալուց հետո շարունակելու է մարզվել:

Տանյայի փոխանցմամբ՝ իր բուժման ծախսերը հոգալու համար իր աջակցությունն է հայտնել Շիրակի մարզպետը, իսկ իրեն սպորտային համազգեստով ապահովել է մարզիչը, ինչը մարզիչ Պետրոսյանը ևս հաստատեց:

(Տանյայի և քրոջ գրանցած հաջողությունները ծանրամարտում)

Բացի այդ, գիշերօթիկի աշխատակիցները Տանյային մեղադրում էին հարբեցողության և ոչ ադեկվատ լինելու մեջ, ինչը ևս հերքվեց Տանյայի ծանրամարտի մարզչի և վարսահարդարման վարպետի կողմից (Տանյան աշխատանքի անցնելու նպատակով ներկայումս անցնում է վարսահարդարման դասընթացներ, իսկ բուժում ստանալուց և առողջական խնդիրները կարգավորելուց հետո շարունակելու է զբաղվել ծանրամարտով), որոնք միայն դրական խոսքեր ասացին աղջկա մասին:

Անգամ պարոն Հինթիրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ զարմանալով  Տանյայի մասին տարածվող ստերից:

AntiFake.am-ի հետ զրույցում գիշերօթիկի տնօրեն Սոնյա Սիմոնյանը, անդրադառնալով գիշերօթիկում առկա իրավիճակին, ասաց, որ այս պահին դպրոցում առկա սնունդը, որը բարերարներն են ուղարկել, երկար ժամանակ կհերիքի, դպրոցի ջեռուցումն էլ միացվել է, երեխաները չեն մրսի:

Տիկին Սիմոնյանը, անդրադառնալով գիշերօթիկի սան Տանյայի գրառմանը, ասաց, որ մոտ օրերս լրանալու է Տանյայի 18 տարին, և նա իր հրապարակմամբ միգուցե ուզում է սենսացիա անել, որպեսզի խղճան իրեն և բնակարանով ապահովեն՝ պատճառաբանելով, որ միայն Տանյան է այդ կարծիքին, մյուս սաները չեն կիսում վերջինիս կարծիքը: Սակայն AntiFake.am-ը նաև զրուցել է գիշերօթիկի ներյակիս և նախկին սաների հետ, որոնք ևս կիսում են Տանյայի կարծիքը, և ասում, որ տնօրենը մշտապես շահագործել է թե՛ երեխաներին, թե՛ բարերարներին:

Սակայն նրանք, վախենալով, որ «իրենց առջև դռներ կփակվեն, լռում են»:

Իսկ այն լուրերը, թե տնօրենը իր բարեկամներին է աշխատանքի ընդունել, վերջինս մասամբ հաստատեց՝ նշելով, որ գիշերօթիկում աշխատում են իր եղբայրը և եղբոր որդին, որոնք չնչին աշխատավարձի դիմաց են աշխատում, իսկ նմանատիպ «չնչին» գումարի դիմաց դռնապան են փնտրում և չեն գտնում, և նրանց, ինչպես իրեն, աշխատանքի է ընդունել հոգաբարձուների խորհուրդը, այլ ոչ թե ինքն է ընդունել: Իսկ մեր հարցադրմանը, թե ինչու և ինչպես է հենց նա ընտրվել տնօրենի պաշտոնում ՝պատասխանել է. «Մի քանի թեկնածուներից ինձ են ընտրել, պատահական»:

Անդրադառնալով կատարված աուդիտին՝ տիկին Սիմոյնանը ասաց, որ դա եղել է տարիներ առաջ, որոնց արդունքների մասին իրենք տեղյակ չեն, և ֆինանսավորողները իրենց չեն ասել առկա խնդիրների մասին: Իսկ մեր պնդմանը, որ գիշերօթիկի սան Տանյան տնօրենին փոխելու «պահանջի» հիմքում դնում է նաև կատարված աուդիտով հայտնաբերված խնդիրները, տնօրենն ասաց. «Իսկ ինքն ի՞նչ գիտի աուդիտ բառը, ինքը տառերը չգիտի, աուդիտը ո՞րտեղից գիտի»: Ըստ էության` նման հարցադրումը տիկնոջ կողմից կասկածի տակ դրեց իր ղեկավարած կառույցի տված կրթությունը սաներին՝ հաստատելով այն մտահոգությունը, որ գիշերօթիկում առկա է լուրջ մանկավարժական խնդիր, թեկուզ տառաճանաչությունն ապահովվելու համար: Իսկ տիկնոջ հարցադրումը կարող ենք որակել թերահավատություն աղջկա նկատմամբ, քանի որ վերջինս հստակորեն պատասխանեց մեր այն հարցին, թե ի՞նչ է աուդիտը:

Բացի այդ, տիկինը սույն թվականի նոյեմբերի 4-ին Sputnik Armenia-յի հետ զրույցում խոսել է կուտակված 10 միլիոն պարտքի մասին, որն առաջացել է ֆինանսական աջակցության դադարեցումից հետո, իսկ օրեր անց՝ նոյեմբերի 7-ին, կուտակված պարտքը Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում՝ «դարձրել» 16 միլիոն: Իսկ թե մի քանի օրվա կտրվածքով ինչու՞ է նման գումարային փոփոխություն եղել, հայտնի չէ:

Տիկնոջ խոսքերում հակասություններ կան նաև կատարված աուդիտի մասով: Թեև Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում տնօրեն Սոնյա Սիմոնյանը կատարված աուդիտը վերագրել էր անցած տարվան, ապա մեզ հետ զրույցում նշել էր, որ կոնկրետ տարեթիվը չի հիշում, սակայն կատարված աուդիտը  մոտավորապես վերագրել էր 2014թ.-ին:

Տիկինը մեզ հետ զրույցում նաև ասել էր, որ իրենց գլխավոր բարերար Հերման Հինթիրյանը անցյալ տարի այցելել է Հայաստան, սակայն իրենց չի այցելել, և իր` գոնե 30 րոպե խոսելու խնդրանքը չի կատարվել: Այնինչ անցած տարի Հինթիրյանը հանդիպել է ոչ միայն գիշերօթիկի սաների, այլ նաև տիկին Սիմոնյանի հետ:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ սույն տիկնոջ որոշ հայտարարությունները հակասական են, իսկ որոշները՝ սուտ:

Ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և ցույց է տալիս կառույցում առկա մի շարք խնդիրների մասին, ուստի՝ փորձեցինք հասկանալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշումները:


Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Թռչունյան տուն գիշերօթիկի խնդրի լուծման համար

Ինչպես արդեն նշել ենք, 2017թ. սկսած` կենտրոնը նաև գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հովանավորության ներքո, ուստի Մայր Աթոռը քայլեր է ձեռնարկում նոր հովանավորողներ փնտրելու համար: Ցավոք, մեզ չհաջողվեց կապ հաստատել Մայր Աթոռի իրավասու անձի հետ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար:


Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը Թռչունյան տուն գիշերօթիկի խնդրի լուծման համար

Պետք է նշենք, որ Թռչունյան տունը մշտապես գործել է մասնավոր սեկտորում և երբևէ պետական ֆինանսավորում չի ունեցել:

Իսկ ֆինանսավորումից զրկվելուց հետո համացանցում հաշվեհամարի կցմամբ (Թռչունյան տան տնօրենի խոսքերով դա գիշերօթիկի հաշվեհամարն է) տեսանյութ տարածվեց այն մասին, որ գիշերօթիկը ֆինանսավորում չունենալու պատճառով փակվելու վտանգի տակ է:

Թռչունյան տան շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ իր մտահոգությունն էր հայտնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իսկ նախարար Զարուհի Բաթոյանը գրառում էր կատարել, նշելով. «Չի՛ կարելի երեխաների մեջ ցավոտ հիշողություններ արթնացնել, ստիպել, որ խոսեն իրենց համար անցանկալի թեմաներից, որպեսզի խղճահարություն արթնացնել և գումար հավաքել: Երխաների խնամքը պետությունը կարող է և կվերցնի իր վրա: Ոչ մի երեխա դրսում չի մնա: Մի՛ օգտագործեք երեխաներին»:

AntiFake.am-ի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ նախարարությունն այդ խնդրի մասին տեղեկացել է վերջերս և տեղեկանալուն պես պատրաստակամություն է հայտնել ստանձնել Թռչունյան տան սաների հետագա խնամքը: Մարտիրոսյանի փոխանցմամբ՝  խոսքը միայն երեխաների խնամքի մասին է, քանի որ «հաստատություն ֆինանսավորելը հակասում է նախարարության քաղաքականությանը, որն ուղղված է երեխայի ընտանիքում ապրելուն և եթե այս քաղաքականության շրջանակներում լուծարվում են պետական գիշերօթիկները, ապա տրամաբանություն չկա մասնավորը ֆինանսավորելու: Այդ կապակցությամբ նախարարությունը քննարկում է ունեցել Շիրակի մարզպետի  հետ, որից հետո արդեն մեկ շաբաթ է` մեկնարկել է հաստատությունում խնամվող երեխաների և նրանց ընտանքիների կարիքների խորը գնահատման գործընթացը, որի վերջնարդյունքում վերջիններիս համար գործելու են աջակցության այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել պետական գիշերօթիկներում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների համար»:

«Գիշերօթիկում խնամվող երեխաների  և նրանց ընտանքիների կարիքների խորը գնահատման գործընթացից հետո պարզ կլինի, թե գիշերօթիկի քանի սան կարող է նախարարության աջակցության պայմաններում վերադառնալ կենսաբանական ընտանիք և քանիսի վերադարձը կենսաբանական ընտանիք կլինի ռիկսկային: Բոլոր այն դեպքերում, երբ երեխաների խնամքը ընտանիքում կլինի անհնար, նախարարությունը կստանձնի երեխաների խնամքը նախ Գյումրու թիվ 2 գիշերօթիկում (այս հաստատության լուծարումը հետաձգվել է մինչև 2020թ. հունիս), ապա խնդիրը կլուծվի որդեգրման, խնամակալության կամ խնամատարության միջոցով և/կամ պետության ենթակայության տակ գործող այլ հաստատությունների՝ օրինակ մանկատների միջոցով, քանի որ այլ տարբերակ պետությունը այս պահին չունի»,- հավելեց նախարարության մամլո քարտուղարը:

AntiFake.am-ը հետևողական կլինի խնդրի կարգավորման հարցում և առաջիկայում կներկայացնի, թե ինչ լուծում ստացավ Թռչունյան տան խնդիրը, և ինչ ճակատագրի արժանացան գիշերօթիկի սաները:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն