Նիկոլ Փաշինյանը և ԵԱՏՄ-ՀՀ հարաբերությունները

article-image

ՀՀ քաղաքական դաշտում քաղաքացիների շրջանում տարատեսակ դիվիդենտներ հավաքելու աճպարարությունը մեծ տեղ ունի: Խնդիրը վերաբերվում է նաև պետության համար կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացներին:

2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին քաղաքականության մեջ մեծ շրջադարձ տեղի ունեցավ: ԵՄ Ասոցացման համաձայնագրի փոխարեն Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը:

Ընդդիմադիր դաշտի շատ ներկայացուցիչներ, որոնք սեփական քաղաքական նպատակները իրացնելու համար քաղաքացիների քվեն ստանալու խնդիր ունեին,  սկսեցին քննադատել գործող իշխանությունների որոշումը:

Դրանց թվում էին նորօրյա իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանը, ով 2014թ. դեկտեմբերին Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ անգամ դեմ քվեարկեց անդամակցությանը:

Վերոգրյալ ելույթում նա նշում է, որ «եթե Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանը մեկուսացրել են արևելքից ու արևմուտքից, Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը մեկուսացնելու է հյուսիսից և հարավից: ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները՝ դառնալով եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տնվոր: Ես դեմ եմ քվեարկելու ԵՏՄ-ին Հայաստանին միանալու պայմանագրին»:

Ավելին, երբ տարիներ անց ստեղծվեց ԵԼՔ դաշինքը, ընդդիմադիր այդ միավորի նախընտրական ծրագրում նշվում էր, որ այդ միությանը անդամակցումը քաղաքական սխալ է: Իսկ բազմաթիվ պատգամավորներ էլ ԱԺ-ում ելույթներ էին ունենում, նույնիսկ նախագծեր ներկայացնում ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ ընդհանրապես ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերի շրջանակներում:

Օրինակ, 2017թ. ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի քննարկման ժամանակ Փաշինյանը դեմ էր քվեարկել՝ հայտնելով հետևյալ դիրքորոշումը. «Առանց վերլուծելու այն պրոբլեմները, որ մենք անընդհատ ունենում ենք ԵԱՏՄ այս կամ այն փաստաթղթին միանալով, և առանց էդ պրոբլեմները խորությամբ վերլուծելու այսպես նոր փաստաթղթեր ընդունելը շատ վտանգավոր է»:

Այդ տարի ԵԼՔ խմբակցությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ ներկայացրեց, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը: Մեկ այլ հարցազրույցում էլ խոսելով արտաքին քաղաքականության ուղղվածության մասին՝ Փաշինյանը նշում է, որ «Սարգսյանի իշխանությունը պետականությունը մսխող ռեժիմ է»:

Ահա թե ինչպիսին էր ընդդիմադիր Փաշինյանի կարծիքը ՀԱՊԿ վերաբերյալ. «Ամբողջ օրը ասում ենք՝ ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում, պարզվում է՝ չէ, ՀԱՊԿ պայմանագիրը այդ գյուղերի համար չի, Մովսես գյուղի համար չի, մի հատ ուրիշ գյուղի համար, մի հատ հասկանանք ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, պետք է հստակեցում մտնի, թե ի՞նչ պարտավորություններ ունենք: ՀԱՊԿ պայմանագիրը գնալու է Սևրի պայմանագրի կողքը հանգիստ պառկի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իսկականից դարձրիք Բրյուս Լի: Բայց իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք՝ մեզ օգո՞ւտ է , թե՞ վնաս»:

Սրանով իսկ պարզ է դառնում, որ ընդդիմադիր շրջանում Փաշինյանի համար անընդունելի էր այդ կառույցներին ՀՀ անդամակցումը: Սակայն 2018թ. հայտնի իրադարձություններից հետո մոտեցումները փոխվեցին: Երկրում, ինչպես ընդունված է ասել, «իրավիճակ փոխվեց»: Ընդ որում՝ այն աստիճան փոխվեց, որ Փաշինյանը մոռացավ նախկինում իր տված բոլոր գնահատականները և սկսեց հայտարարել, որ ՀՀ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվում:

Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր ընտրվելու օրը ունեցած Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց. «Հայաստանը կշարունակի մնալ ԵՏՄ անդամ, և մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը այդ կազմակերպությանը ՀՀ անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Հայաստանը կշարունակի մնալ նաև ՀԱՊԿ անդամ:... Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների բնագավառներում զարգացումը մեր գլխավոր առաջնահերթությունների թվում է, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, առկա հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես ՀՀ անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն»: Արտաքին քաղաքականության վերաբերյալ իր դիրքորոշումը Փաշինյանը վերահաստատեց 2018թ. մայիսի 14-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում: Իսկ արդեն դեկտեմբերին Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը նշում է, որ Հայաստանը տրամադրված է շարունակել ինտերգրումը ԵԱՏՄ շրջանակներում:

2019թ. հունվարին վարչապետը իր ելույթում նշում էր, որ երբ պատգամավոր էր, դեմ էր ԵԱՏՄ անդամակցությանը, բայց դա չի նշանակում, որ այդ սխալի ուղղման համար պետք է անել ճիշտ հակառակ քայլեր:

Ամփոփելով՝ պետք է նշել, որ իշխանափոխությունից հետո արտաքին քաղաքականության կուրսի խոստացված փոփոխությունը ոչ միայն տեղի չունեցավ, այլև մոռացվեցին նախկինում տրված բոլոր գնահատակնները թե՛ ԵԱՏՄ, թե՛ ՀԱՊԿ վերաբերյալ, որովհետև խնդիրը, ինչպես բոլոր մնացած դեպքերում, ոչ թե ՀՀ շահի սպասարկումն էր, այլ Հանրապետական կուսակցությանը ասպարեզից հեռացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն