«Восьмиконечник» նկարող և «Բուտիռկա» լսողները և՞ս քրեական ենթամշակույթի կրողներ են. ի՞նչ է նախատեսվում Քր. օր. փոփոխություններով

article-image

ՀՀ արդարադատության նախարարությունը նորանշաանակ արդարադատության նախարար՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նոյեմբերի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանի կողմից: Այս նախագիծը պայմանականորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ: Նախագծով առաջարկվում է քրեական օրենսգրքում լրացում կատարել հետևյալ բովանդակությամբ 223.1-րդ, 223.2-րդ և 223.3-րդ հոդվածներով.

  • Հոդված 223.1. Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը
  • Հոդված 223.2. Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը
  • Հոդված 223.3. Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը

 Նշվում է, որ նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել «քրեական միջավայր» երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը, քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ այդպիսի երևույթները սպառնում են խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները:

Նախագծով տրված են նաև «քրեական միջավայրի» և «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների սահմանումները.

Ըստ նախագծի՝ քրեական միջավայր է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն, որոնք հակասում են կամ չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին, և որի նպատակն է սպառնալու, հարկադրելու, բռնության, հանցագործությունների կատարման կամ հանցագործությունների կատարմանը հովանավորելու, հանցավոր արարքների կատարմանն այլ անձանց ներգրավելու կամ այլ անօրինական գործողությունների միջոցով լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) կամ ստանալ անօրինական օգուտ կամ այլ առավելություն:

Քրեական միջավայրը ստեղծված է համարվում դրա փաստացի ձևավորման պահից՝ անկախ սույն հոդվածում նշված նպատակների փաստացի իրականացումից:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական միջավայրի հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում է ապօրինի դրամահավաքություններ (այդ թվում նաև մոլեխաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական միջավայրի միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ։

Օրենքի նախագիծը մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ ազատազրկման վայրերում իրենց պատիժը կրող անձանց և թե՛ հասարակության լայն շերտեր ընդգրկող շրջանակների կողմից մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով:

Հասկանալու համար թե ինչի դեմ է ուղղված կամ ինչ կիրառություն պետք է ունենա քրեական օրենսգրքում կատարվելիք այս փոփոխությունը, պետք է հասարակության համար հասկանալի լեզվով բացատրել, թե ինչ է «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» ասվածը:

Եթե փորձենց առավել հակիրճ ներկաայցնել, ապա օրենքով գողերը դրանք այն անձինք են, ովքեր հասարակության լայն շրջանակներում վայելում են հեղինակություն, ունեն արդարության, բարոյականության մասին սեփական պատկերացումները և ապրում են համապատասխան քրեական ենթամշակույթի չգրված կանոններով, որոնք հաճախակի հակասում են պետության սահմանած վարքագծի կանոններին, կամ, այլ կերպ ասած, պետության կողմից ընդունված օրենքներին: Օրենքով գողերը խուսափում են պետության հետ ցանկացած շփումից, քանի որ չեն ընդունում և չեն վստահում պետությանը և նրանում սահմանված կանոնները: Որպես կանոն օրենքով գողերը անցնում են համապատասխան արարողակարգ, այնուհետև նրանց շնորհվում է «օրենքով գողի» տիտղոսը, որը քրեական աշխարհում ամենամեծ հեղինակություն վայելող տիտղոսն է:

Քրեական հեղինակությունները, դրանք այն անձինք են, ովքեր նույնպես ապրում կամ ընդունում են քրեական ենթամշակույթի կանոնները, վայելում են ոչ պակաս հարգանք հասարակության լայն շրջանների կողմից, որպես կանոն ունենում են խնդիրներ պետության հետ, սակայն ի տարբերություն օրենքով գողերի, նրանք չեն անցել համապատասխան արարողակարգ և իրենց առջև դրված պահանջները այդքան խիստ չեն, որքան օրենքով գողերի դեպքում:

Այսինքն, փաստացի, քրեական օրենսգրքում լրացում կատարելով տվյալ անձինք՝ «օրենքով գողերը» և «քրեական հեղնիակությունները», միայն նրա համար,  որ այդ կարգավիճակի կրողն են, պատասխանատվության  պետք է ենթարկվեն, այնինչ ՀՀ քրեական օրենսգիրքը կարգավիճակի համար պատասխանատվություն չի նախատեսում, քանի որ ինքնին կարգավիճակում հանցակազմ չի կարող պարունակվել և քրեորեն պատժելի հետևանքը վրա է հասնում միայն համապատասխան արարքի, դրա հանրային վտանգավոր լինելու և դրանց միջև պատճառահետևանքային կապի առկայության պարագայում։ Իսկ եթե այնուամենայնիվ քրեական օրենսգրքում տվյալ լրացումները բացառապես պայմանավորված են տվյալ քրեական միջավայրների կողմից կատարած հանցագործություններով, ապա այդ դեպքում որն է իմաստը հատուկ հանցակազմ սահմնելու, եթե դրանով «օրենքով գողերը» կամ «քրեական հեղինակությունները» պատասխանատվության չեն ենթարկվելու։

Բացի այդ, օրենքում առկա է իրավական որոշակիության շատ խորը խնդիրներ, մասնավորապես՝ ինչպես են իրավապահ մարմինները պարզելու՝ արդյո՞ք տվյալ անձանց խումբը քրեական միջավայր է, թե՞ ոչ, եթե «քրեական միջավայրի» հասկացության սահմանման մեջ գրված է, որ քրեական միջավայրը ստեղծված է համարվում դրա փաստացի ձևավորման պահից՝ անկախ սույն հոդվածում նշված նպատակների փաստացի իրականացումից:

Հիշեցնենք, որ տվյալ հոդվածով նախատեսված նպատակներն են՝ սպառնալու, հարկադրելու, բռնության, հանցագործությունների կատարման կամ հանցագործությունների կատարմանը հովանավորելու, հանցավոր արարքների կատարմանն այլ անձանց ներգրավելու կամ այլ անօրինական գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ ստանալ անօրինական օգուտ կամ այլ առավելություն։ Այսինքն, եթե ինչ-որ անչապահասների խումբ, ովքեր դպրոցական դասաժամերին  տետրերի լուսանցքերին հաճախակի ութանկյուն աստղ են նկարում (восьмиконечник), լսում են «Բուտիռկա» և ընկերներով քննարկում են «Բրիգադա» ֆիլմը՝ ընդունելով այն որպես կյանքի ուղենիշ, ապա տվյալ անձինք ենթակա՞ են քրեական պատասխանատվության որպես քրեական միջավայրին հարող անձինք։

Մեր կարծիքով քրեական ենթամշակույթի դեմ պայքարելը նման օրենսդրական կարգավորման  միջոցով, մեղմ ասած, անարդյունավետ է, քանի որ շատ խրթին է լինելու իրավապահ մարմինների համար ապացուցել այս կամ այն անձի քրեական հեղինակություն կամ օրենքով գող հանդիսանալու փաստը կամ այն, որ արդո՞ք անձը  պատկանում է որևէ քրեական միջավայրի, թե՞ ոչ, հարու՞մ է դրան, թե՞ ոչ։ Բացի դրանից, քրեական ենթամշակութի դեմ պայքարելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղի՞ց են դրանք առաջացել, ինչու՞ են արմատավորվել մեր հասարակության մեջ։ Ուսումնասիրելով տվյալ ենթաշակույթը գալիս ենք այն եզրահանգման, որ քրեական հեղինակությունների զարգացման պատճառ է հանդիսացել այն, որ խորհրդային տարիներին մարդիկ մեծամասամբ չէին վստահում իրավապահ մարմիններին և դատարաններին, այդ իսկ պատճառով դիմում էին այն անձանց, ովքեր քիչ թե շատ հեղինակություն են վայելում և կարողանում են որոշակի մասշտաբի խնդիրներ լուծել։

Քրեական ենթամշակութի տարածման և զարգացման համար առաջին նախադրյալը դա իրավապահ համակարգի և արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությունն է։ Այսինքն՝ առաջին քայլը, որ պետք է արվի պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ձևավորումն է, որը պետք սկսել հենց նախակրթական նստարաններից։

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն