Աննա Հակոբյանը քաղաքականությամբ է զբաղվում. Ինչ գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետի տիկինը

article-image

2018 թվականի մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետի պաշտոնում, նրա տիկինը` Աննա Հակոբյանը, սկսեց զբաղվել հասարակական ակտիվ գործունեությամբ: Նրա գլխավորությամբ հիմնադրվեցին «Իմ Քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամները: 

Աննա Հակոբյանի գործունեությունը և նրա հասարակական ու քաղաքական ակտիվությունը աչք են ծակում: Հանրությունը սովոր չէր երբևէ Հայաստանը ղեկավարած անձանց կանանց տեսնել իրենց ամուսինների կողքին օտարերկրյա այցերի ընթացքում և քաղաքական այս կամ այն գործընթացը մեկնաբանելիս: Աննա Հակոբյանը առիթը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանի հետ միասին պաշտոնական պատվիրակության կազմում օտարերկրյա ուղևորություններ կատարելու համար:

Սակայն ամեն ինչ չէ, որ հարթ է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակային գործունեության մեջ:

Բազմաթիվ անգամներ Աննա Հակոբյանը, նաև անդրադառնալով մամուլում հնչող քննադատություններին, ֆեյսբուքյան իր էջում քննադատել է Փաշինյան ընտանիքի և ներկայիս կառավարության հասցեին հնչող քննադատությունները:

Սակայն Աննա Հակոբյանը միշտ չէ, որ համոզիչ է: Այսօր վարչապետի տիկնոջ անվան հետ են կապվում վարչապետի աշխատակազմի կողմից կատարված մի շարք իրավախախտումներ, որոնք վերաբերում են Հակոբյանի` օտարերկրյա այցերին և նրա գործունեությանը: Մասնավորապես, Աննա Հակոբյանին սպասարկելու նպատակով աշխատանքի են ընդունվել Սոֆյա Նավասարդյանը և Հայարփի Հակոբյանը, Աննա Հակոբյանը գրեթե միշտ ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին` հայտնվելով պաշտոնական պատվիրակության կազմում, շատ հաճախ օտարերկրյա այցերի վերաբերյալ հաշվետվություններում ներկայացված չեն Աննա Հակոբյանի ծախսերը, և այլն:



Ամեն ինչ հարթ չէ նաև Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներում. շուրջ մեկուկես տարիների գործունեության ընթացքում հիմնադրամները ֆինանսավորվել են այն անձնանց կողմից, որոնք նախկինում ընկալվում էին որպես «քրեաօլիգարխիկ համակարգի տարրեր», «հանցագործներ»: Նրանցից են` Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք: Հետաքրքիր զուգադիպությամբ իշխանությունների կողմից սանձազերծված քաղաքական ճնշումներից հետո հիմնադրամներին փոխանցված գումարները և դրա չափը, ինչպես նաև գումարների հավաքագրման եղանակը վկայում են Աննա Հակոբյանի որդեգրած քաղաքականության մասին: Ավելին, հարցազրույցներից մեկում Հակոբյանը նշում է. «Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի: Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, եթե փոխանցվում են, և ծառայեցնում ենք պետությանը և պետության քաղաքացիներին»:

Ամուսնուն շատ սիրող Աննա Հակոբյանը, պարզվում է, չի խորշում նաև միայնակ ճամփորդելուց: Ինքնաթիռներից վախեցող և պետական կառավարման համակարգում որևէ պաշտոն չզբաղեցնող Հակոբյանը բազմաթիվ ուղևորություններ է կատարում տարբեր երկրներ` «պաշտոնական» և «աշխատանքային» այցերով: Ավելին, երբեմն դրանք ընտանեկան այցեր են դառնում` որոնք ուղեկցվում են Մարիամ Փաշինյանի կողմից:

Աննա Հակոբյանը, և ընդհանրապես, Փաշինյանների ամբողջ ընտանիքը գտնվում է անվտանգության ծառայությունների «ուշադրության կենտրոնում»: Հարցազրույցներից մեկում Աննա Հակոբյանը ասել էր, որ անվախ կին է և պատրաստ է հրաժարվել թիկնապահից: Սակայն ինչպես կարող ենք նկատել Հակոբյանի ՀՀ ԶՈՒ հյուսիսային սահման այցելությունից, վարչապետի տիկնոջը սահմանային գոտում հսկում են զինված թիկնապահներ, իսկ հարևան Ճամբարակ և Դրախտիկ համայնքներում վերոնշյալ թիկնապահները դարձյալ հսկում են նրան պետական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով:

Հասարակական գործունեության հետ մեկտեղ Աննա Հակոբյանը զբաղվում է նաև ակտիվ քաղաքական գործունեությամբ:

Դեռևս անցյալ տարվանից տեղական և արտասահմանյան լրատվական դաշտերը ողողվեցին Աննա Հակոբյանի հայտարարություններով: Տիկինը ստանձնել էր Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները հաշտեցնելու և հայ և ադրբեջանցի մայրերին համախմբելու «առաքելությունը»` անելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության համար ոչ բարենպաստ հայտարարություններ: Մասնավորապես, խոսելով իր` «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին,  վարչապետի տիկինը հայտարարում է «Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին եւ միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ եւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին եւ երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից եւ հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։… Արդեն մոտ 30 տարի հակամարտությունը չի լուծվում, ամեն տարի սահմանի այս ու այն կողմում տասնյակ զինվորներ են զոհվում, իսկ 2016-ի ապրիլին հարյուրներ զոհվեցին։ Եվ ի՞նչ ունենք մենք արդյունքում։ Արդյո՞ք հարցի լուծումը թեկուզ մեկ սանտիմետրով մոտեցել է»։

Հետաքրքիր է, որ տիկինը հակասական հայտարարություններ է անում` տպավորություն ստեղծելով, որ այն թեմաների շուրջ, որոնց մասին խոսում է, որևէ պատկերացում չունի: Ապացույցը ԱՄՆ-ում նրա հարցազրույցն է. « Հակամարտության պատմության այս տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց այդ մեկնած կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք ընդհակառակը՝ հեռացրել են կարգավորումից, որովհետև հայտնի ճշմարտություն է՝ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցելչենք կարող հակամարտության լուծում գտնել:»:

Աննա Հակոբյանը օտարերկրյա վերջին այցերի ընթացքում պաշտոնական շրջանակների հետ հանդիպումները ավելացել են. Վարչապետի տիկինը հանդիպումներ է ունեցել խորհրդարանի մի շարք կին պատգամավորների հետ մասնակցել է «Ռեյկյավիկի գլոբալ Ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին, որը տեղի է ունեցել Իսլանդիայում: Հետաքրքիր է, որ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահը,  և, պարզապես, թերթի գլխավոր խմբագիրը մասնակցում է կին քաղաքական առաջնորդների ֆորումում: Նախօրեին Աննա Հակոբյանին ընդունել էր Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը,  հանդիպել Լիտվայի նախագահի տիկնոջ հետ, այնուհետև վարչապետի տիկինը այցելել էր նաև Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ու աշխատանքային առօրյային, ինչը սովորաբար ներառվում է պաշտոնատար անձանց օտարերկրյա այցերի օրակարգում:

Արդեն երեկ Աննա Հակոբյանը այցելել է ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկը, ծանոթացել է զինվորների ծառայության պայմաններին: Աննա Հակոբյանին ցույց է տրվել, թե «ինչպես է իրականացվում մարտական հերթապահությունը, և ինչպես են հետևում հակառակորդի քայլերին», - պատմում է Հանրային հեռուստաընկերության Լուրերի պատրաստած ռեպորտաժում:

Արդեն այսօր հայտնի դարձավ, որ Աննա Հակոբյանը պատրաստվում է վաղը ևս այցելել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին արդեն սահմանամերձ Մովսես գյուղի հատվածում:

Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է ժամանակի ընթացքում տրանսֆորմացվում Աննա Հակոբյանի գործունեությունը` աստիճանաբար անցում կատարելով պետական կառավարման համակարգ: Արդեն սպասելի է, թե ինչ զարգացումներ կարող ենք սպասել մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկնոջից:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն