Քաղաքապետարանը չի խորշում նվերներ ընդունել անձամբ Սամվել Ալեքսանյանից: Իսկ ովքե՞ր են մյուս շռայլ նվիրատուները

article-image

Ժամեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը  ֆեյսբուքյան գրառում էր կատարել, և հաստատել տեղեկություններն այն մասին, որ մի շարք տնտեսվարող կազմակերպություններ և անհատներ մեքենաների տեսքով նվիրատվություններ են արել Երևանին:

Նրանց շարքում նաև  առկա է նախկինում հայտնի օլիգարխ, Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ օրինախախտ, հանցագործ, իսկ ներկայումս հայտնի բարեգործ-գործարար, պարտաճանաչ հարկեր վճարող և օրինապահ քաղաքացի Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատակող «Ալեքս  ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի  անունը:

Ստացվում է այնպես, որ օրեր առաջ քաղաքապետ Մարությանը լրագրողների հետ զրույցում ստել էր՝ ասելով, թե Սամվել Ալեքսանյանը քաղաքին բեռնատարներ չի նվիրել, իսկ դրանից կարճ ժամանակ անց շտապել Երևան համայնքի սոցիալ-կենցաղային  խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար ստորագրել պատվոգիր, որն առաջիկանում կտրվի «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ին:

Նշենք, որ «Ալեքս  ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն քաղաքին նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69, որի շուկայական գինը տատանվում  է 18-20 միլիոն դրամի միջև, իսկ դրա եռապատիկը՝ 54-60 մլն է:

Հետաքրքրական են նաև այլ նվիրատու կազմակերպությունները: Օրինակ, Երևանին ավելի քան 25 միլիոն արժողությամբ 1 հատ ԿամԱԶ 65115-773962-50 նվիրած «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրներից մեկը հանդիսանում է Տրանսպորտի և կապի նախարարի նախկին առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ով  նաև  հանդիսացել և ներկայումս միգուցե շարունակում է հանդիսանալ Հայաստանի Հանարապետական կուսակցության անդամ:

1 հատ աղբատար ԿամԱԶ 65115-773962-50 քաղաքին նվիրատվություն է արել նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունը:

2 հատ Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն քաղաքին նվիրատվություն է արվել Սարգիս  Գերասիմի Խուրշուդյանի և Հայրապետ  Բագրատի Հովհաննիսյանի կողմից, ում անունները իրավաբանական անձանց պետական ռեգիստրում որոնելիս գտանք մի քանի համընկնումներ, որոնց կապը վերը նշված անձանց հետ միանշանակ չէ, քանի որ առկա չեն հայրանուններ։ 

Ամենաշռայլը գտնվել էր «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն,  որը քաղաքին նվիրել է 10 հատ աղբատար MK-1541-14 (ԳԱԶ), որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես կազմում է 25 միլիոն դրամ, 2 հատ աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48, որոնցից յուրաքանչյուրի գինը մոտավորապես կազմում է 36 միլիոն դրամ, և 2 հատ KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50:

Ինչպես հաստատեց Հակոբ Կարապետյանը «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ն քաղաքապետարանից շինթույլտվություն է ստացել նվիրատվություն կատարելուց առաջ:

Հետաքրքրական է այն հանգամանքը, որ Nokia 603-ի համար ոչ վճարունակ, 126.350 դրամի համար դատարանում  հայտնված «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ-ի սեփականատեր Սամվել Մանիջոյանը այսօր կարողանում է միլիոնների հասնող նվիրատվություններ անել քաղաքին:

Տեղեկացնենք նաև, որ իր գրառումից րոպեներ անց, Հակոբ Կարապետյանը  նոր գրառում է կատարել,  լրագրողներին հրավիրելով  քաղաքապետարանի բրիֆինգների դահլիճ, որտեղ նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Ստեղծված իրավիճակը՝ նվիրատվությունների մասին ավելի վաղ չհայտնելը, Կարապետյանը պատճառաբանել է տարատեսակ շահարկումների և մամուլում բամբասանքների պատճառով նվիրատվության բանակցությունների հնարավոր ձախողմամբ:



Ըստ նրա՝ այդ մասին այսպես թե այնպես հրապարակվելու էր դեկտեմբեր ամսին, երբ քաղաքապետը այս և այլ անհատներին ու կազմակերպություններին, որոնք ևս պետք է նվիրատվություններ անեն քաղաքին, և որոնց նվիրաբերման գործընթացը այս պահին դեռ չի ավարտվել,  պետք է շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնի՝ համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար։

Իսկ անդրադառնալով Սամվել Ալեքսանյանին, Կարապետյանն ասաց, որ Ալեքսանյանից  նվերներ ընդունելուց և նրա հետ շփումներից չեն խորշում:

Կարապետյանի ներկայացմամբ՝ քաղաքապետարանը «Ալեքս ընդ Հոլդինգ»-ի նվիատվութունն ընդունել է Հայկ Իսրայելյանից, ոչ թե Սամվել Կարապետյանից, ուստի  ստացել են իրենք նվիրատվություն Սամվել Ալեքսանյանից, թե ոչ՝ իրենց պատասխանն է՝ «Ոչ», սակայն սա ոչ այլ ինչ է, քան պրիմիտիվ մանիպուլյացիա, քանի որ բոլորին է հայտնի, որ այդ ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայկ Մարությանը ստել է՝ ասելով, որ Սամվել Ալեքսանյանից քաղաքապետարանը նվեր չի ստացել, իսկ խոսնակ Հակոբ Կարապետյանը փորձել է մանիպուլացնելու միջոցով մեղմել Հայկ Մարությանի սուտը:

Իսկ ինչ վերաբերվում է մյուս նվիրատուներին՝ ՀՀԿ-ական նախկին պաշտոնյային և սեփական պարտավորությունները մուծել չկարողացող անձին՝ քաղաքապետարանին նման շռայլ նվիրատվությունները նվազագույնը կասկածելի են:

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն