Հերթական հակապետական օրինագիծը. 10 միլիոն դրամի դիմաց 1 ամիս ծառայություն 24-ի փոխարեն

article-image

Ազգային ժողովի  «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է ընդունել արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին օրենք: Այս մասին տեղեկանում ենք Iravaban.net-ից։

Այն կկարգավորի մինչև 27 տարեկան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա ՀՀ քաղաքացիների` արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու հետ կապված հարաբերությունները:

Նախատեսվում է, որ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին ՀՀ պետական բյուջե պետք է վճարի 10 միլիոն ՀՀ դրամ, կծառայի 1 ամիս հատուկ արագացված ընթացակարգով և այդ մեկ ամսվա ընթացքում կսովորի Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, կտա զինվորական երդում և կպարտավորվի ներկայանալ զորահավաքներին :

Եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կկարողանա հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

Օրենքի նախագծի իմաստով՝ «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն» նշանակում է՝ զինվորական ծառայություն մեկ ամիս ժամկետով, որի ընթացքում արագացված ընթացակարգով զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը կսովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, կհաշվառվի կոնկրետ զորամասում, տա զինվորական երդում և կներկայանա զորահավաքներին:

«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք ունեցող անձ» նշանակում է՝  ՀՀ և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա, որը պարտավոր կլինի  ՀՀ պետական բյուջե վճարել օրենքով սահմաված վճար.

«Օրենքով սահմանված վճար» նշանակում է՝ արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե  վճարվող 10 միլիոն դրամի  չափով գումար:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնող քաղաքացին կհամարվի զինծառայող, նրան կամրակցվեն զենք, զինամթերք և անհատական պաշտպանության միջոցներ, նրա վրա կտարածվեն ժամկետային պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է դադարեցնել կամ նվազագույնի հասցնել Հայաստանից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով արտագաղթող քաղաքացիների թիվը, ինչպես նաեւ հայրենիք վերադառնալու հնարավորություն տալ երիտասարդ, աշխատելու պատրաստակամություն ունեցող մեր բազմաթիվ հայրենակիցներին, ովքեր այս հնարավորության բացակայության պատճառով չեն վերադառնում եւ աստիճանաբար օտարվում են իրենց հայրենիքից: Հայաստան տեղափոխվող երիտասարդներից շատերը կվերադառնան իրենց ընտանիքի անդամների հետ միասին, իրենց հետ կբերեն գումարը, կգնեն տներ, կաշխատեն եւ նոր աշխատատեղեր կստեղծեն հայրենիքում: Սա խոսքից գործի անցնելու քայլ է՝ Սփյուռքը Հայաստանի հետ ամուր կապերով կապելու նպատակով: 2019 թվականին անցկացված եւ իր մասշտաբներով աննախադեպ զորահավաքը փաստեց պահեստազորի կարեւորությունը: Նախագծերի փաթեթի ընդունմամբ նաեւ կհամալրվի պահեստազորը:

Բնականաբար նման օրենքի նախագիծ ներկայացնելը խոսում է իշխող քաղաքական ուժի` բանակի և առհասարակ զինված ուժերի մասին, մեղմ ասած, դիլետանտական պատկերացումների մասին, և սա այն պարագայում, երբ օրինագիծը ներկայացնում է «Իմ Քայլը» խմբակցության համեմատական կարգով կոնսերվատիվ պատգամավորներից մեկը, ով առավել հայտնի է հանրության շրջանում որպես «վարչապետի շիշ բռնողը»:

Ըստ Հայկ Սարգսյանի՝ յուրաքանչյուր ոք կարող է 10 միլիոն դրամի դիմաց անցնել արագացված զինվորական ծառայություն, այսինքն՝ 24 ամսվա փոխարեն ծառայել 1 ամիս, որի ընթացքում նորակոչիկները կսովորեն Զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը։

Նշենք, որ նորակոչիկներին բանակային կյանքին լիարժեք պատրաստելու, այդ թվում՝ հատուկ զինատեսակներին ծանոթանալու, շարային պատրաստություն և մասնագիտական այլ հմտություններ սովորեցնելու համար անցկացվում է ուսումնական փուլ, որը տևում է 6 ամիս: Այսինքն՝ պրակտիկորեն մեկ ամսում հիմնովին սովորեցնել բանակային կանոնները, առավել ևս բոլորը, պարզապես անհնար է, քանի որ բանակային կյանքը ոչ միայն զենքի հետ վարվելը կամ շարային պատրաստությունն է, այլ նաև յուրօրինակ ապրելակերպ, դժվարին պայմաններում գոյատևելու հմտություններ, հոգեբանական և ֆիզիկական կոփվածություն:

Առաջին հայացքից այդ օրինագծի մասին տեղկությունը հասարակության կողմից ընկալվեց որպես կատակ և լուրջ չընդունվեց, սակայն շատ կարճ ժամանակում պարզ դարձավ, որ այդպիսի նախագիծ, այնուամենայնիվ, գոյություն ունի, ավելին` Հայկ Սարգսյանը կարծում է, որ օրենքի ընդունումը կնպաստի հայրենադարձությանը, Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանը, պարտադիր զինվորական ծառայության հիմքով արտագաղթի կանխմանը:

Բնականաբար, օրենքը չի դիմանում նույնիսկ պարզ քննադատութուններին և միտված է էլ ավելի խորացնելու հասարակության տարբեր խավերի անջրպետը՝ սոցիալական բաղադրիչով պայմանավորված : Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ ներքին կարգով մարդիկ ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, «էլիտար» զորամասերում կամ «էլիտար» վաշտերում ու մարտկոցներում, նույնիսկ դասակներում զինվորների ծառայությունը կազմակերպելու առք ու վաճառք է գործել: Եթե նախկինում այդ երևույթները անօրինական լինելու պատճառով ինչ-որ չափաբաժնով ստիպում էին ծնողներին և պատկան մարմիններին զերծ մնալ նմանատիպ ապօրինի գործողություններից, ապա այժմ, կարծես, այդ ամենը բերվել է օրենքի դաշտ, և պետական մակարդակով բանակում չծառայելու հարմարավետ կառուցակարգեր ներդնելու փորձ է արվում:

Պարզից էլ պարզ է, որ հնարավորության դեպքում առնվազն ամեն երրորդ ծնող փորձելու է հայթայթել սահմանված գումարը և ազատել իր զավակին  երկամյա դժվարին պայմաններից, որի պատճառով զգալիորեն կրճատվելու է զինծառայողների թվաքանակը, և որպես հետևանք՝ զգալիորեն ընկնելու է Զինված ուժերի մարտունակությունը:

Հատկանշական է այն փաստը, որ սա բանակի դեմ արշավի առաջին փորձը չէ: Բոլորիս քաջ հայտնի են Զինված ուժերում երկար տարիներ ծառայած և Արցախյան գոյամարտում մեծ ներդրում ունեցած սպաների, գեներալիտետի վարկաբեկումը, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու սպառնալիքները, Ապրիլյան քառօրյայի դերի արհամարհումը և դա որպես պարտություն մատուցելը, Մարտի մեկի զոհերի հարազատներին երկրի պաշտպանության գործում իրենց ներդրումն ունեցած ազատամարտիկների մայրերից առավել բարձր դասելը, ռազմական բյուջեն կրճատելը, և սա դեռ ամենը չէ։ Բոլորիս հայտնի «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանից» (Սորոսի ֆոնդ) ֆինանսավորվող կառույցներին լոյալություն հայտնելը, որոնք, տարիներ շարունակ ստի և մանիպուլիացիայի միջոցով «թմրեցնելով» հասարակությանը և բանակի մասին կեղծ լուրեր տարածելով, լծված են եղել կեղծ խաղաղասիրական օրակարգ տարածելուն և ատելությունը դեպի «ներքին թշնամին» գեներացնելուն:

Հիշեցնենք, որ ներկայիս իշխանության նկատելի զանգվածը տարիներ շարունակ սնուցվել են այդ օտարածին ֆոնդերից` Արայիկ Հարոթյունյան, Լենա Նազարյան, Արմեն Գրիգորյան, Գայանե Աբրահամյան և այլք: Նկատենք, որ վերջերս նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը բաց տեքստով հաստատեց, որ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը սպառնում է ՀՀ և Արցախի անվտանգությանը:

 

Հեղինակ՝ Վլադիմիր Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը