«Դռների տակ վնգստում են...». «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու համար

article-image

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները (բարեկրթություն և հարգալիրություն)/ վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ.

Դիմումի բովանդակությունը՝ ստորև.

«Դիմումի առարկան եւ պահանջը․

Սույն դիմումով խնդրում ենք իրացնել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված լիազորությունը (պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների մասով) և Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա՝ ընդունել եզրակացություն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին։

Խախտման դեպքը եւ հանգամանքները․

2019 թվականի հուլիսի 17-ին «Ազատություն» լրատվականի գլխավոր խմբագրին տված հարցազրույցում, պատասխանելով դատական իշխանությանը վերաբերող լրագրողի հարցին՝ վարչապետ Փաշինյանը թույլ է տվել հետևյալ արտահայտությունը․ «․․․ այս դատական համակարգը անհամատեղելի է նոր Հայաստանի հետ: Սա «տիրոջ ստրուկ» դատական համակարգ է: Փոխանակ մի տարվա ընթացքում այդ համակարգը եւ դատավորները զբաղվեն ինքնամաքրմամբ, ասեն՝ այս ինչ ազատագրում ենք ստացել, հնարավորություն ունենք արժանապատիվ դատավոր եւ քաղաքացի լինել, գնացել անկյուններում հին տերերին են փնտրում, դռների տակ վնգստում են՝ եկեք մեզ տիրություն արեք․․․»։

Ստեփան Մալխասեանցի «Հայերէն բացատրական բառարանի» (1944թ․)` «վնգստալ» բառը բացատրվում է հետևյալ կերպ․ «գործ է ածվում շների մասին, երբ նրանց ծեծում են», իսկ «ստրուկ» բառը՝ «մարդ, որ գտնվում է ուրիշի լիակատար իշխանության տակ իբրև սեփականություն և որի կյանքը, գոյությունը և ազատությունը կախված է տիրոջ կամքից»։

Այսպիսով, վարչապետ Փաշինյանը օգտագործել է խոսքի պատկերավորման միջոց՝ փոխաբերություն, և դատավորներին կամ թեկուզ նրանց մի մասին, խիստ բացասական երանգավորմամբ, համեմատել է ծեծվող շների և գույք հանդիսացող մարդկանց հետ։

Մեր կարծիքով, նման փոխաբերությունը դուրս է պաշտոնատար անձանց և հատկապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի թույլատրելի սահմաններից, քանի որ ակնհայտորեն անհամատեղելի է տարրական բարեկրթության և հարգալիրության ընդունված կանոնների հետ։ Ընդ որում, գործ է ունեցել դատավորի անձի հետ, որի մասնագիտական  հեղինակությունը և արժանապատվությունը օրենքով հատուկ պաշտպանության օբյեկտ են։

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով վարչապետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է։ Նույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոնները։ Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարքագծի սկզբունքները, ի թիվ այլն, ներառում են բարեկրթությունը և հարգալիրությունը: Նույն օրենքի 25-րդ հոդվածը պարզաբանում է բարեկրթության և հարգալիրության էությունը։ Մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձինք դրսևորում են պաշտոնին վայել վարքագիծ: Նրանք բարեկիրթ վերաբերմունք են դրսևորում բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում են իրենց լիազորություններն իրականացնելիս: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք հարգում են իրենց վերադասների, անմիջական ղեկավարների, գործընկերների, ենթակաների արժանապատվությունը:

Իրավազորության մասին նկատառում․

Հանձնաժողովը իրավասու է քննել սույն դիմումը, քանի որ համաձայն Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանդիսանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդը»: Միաժամանակ, հակառակ Հայաստանի Հանրապետության կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների և ՀՀ օրենքի իմպերատիվ պահանջների  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2018 թվականի փոխարեն ժամկետային խախտումներով ձևավորվել է 2019 թվականի նոյեմբերին, որի հետևանքով խախտման կատարման պահից՝ 2019 թվականի հուլիսի 17-ը, մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը ՝ գոյություն չի ունեցել որևէ իրավասու մարմին, որը կարող էր արդյունավետորեն քննարկել հարցը և օրինական որոշմամբ արձանագրեր խախտումը։ Թեև միջանկյալ ժամանակահատվածում «իներցիայով» գործող թվացյալ իրավասու մարմինը դիտարկվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, մեր պատկերացմամբ, այն չէր կարող համարվել իրավազոր մարմին՝ հետևյալ պատճառաբանությամբ․

ա․ Իշխանությաան մարմինների անգործության հետևանքով այն դարձել էր երկրի միակ հակասահմանադրական մարմինը և հենց այս կարգավիճակի ուժով է, որ այլևս իրավասու չէր իրականացնել պետական գործառույթ, այդ թվում՝ էթիկայի վարույթի իրականացում։

ՀՀ Սահմադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ իշխանությունն իրականացվում է Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված պետական մարմին չէ: Ի տարբերություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ այն նաև չի հանդիսացել ինքնավար մարմին: Ուստի դրա գոյությունը և վերջինիս կողմից իշխանության որևէ տարրի իրականացումը հակասահմանադրական էր։

բ․ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամները չէին համարվում օրենքով նախատեսված պաշտոնատար անձինք: «Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքը սպառիչ թվարկում է պետական պաշտոնները՝ ըստ տեսակների (քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական): Համաձայն 7-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ինքնավար պաշտոններն են Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորների, անկախ պետական մարմինների անդամների, ինքնավար մարմինների անդամների, Վիճակագրական պետական խորհրդի անդամների, Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի և դատախազների, քննչական մարմինների ղեկավարների և ղեկավարների տեղակալների, քննիչների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնները։ Թվարկումից պարզ է, որ օրենքը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներին խնդրո առարկա ժամանակահատվածում պետական պաշտոն զբաղեցնող անձ չի դիտարկել, դրանով իսկ ոչ օրինական դարձնելով պետական որևէ գործառույթի իրականացում։

Ուստի գտնում ենք, որ սույն դիմումը Հանձնաժողովին ներկայացնելու մեկամսյա ժամկետը պետք է հաշվարկել Հանձնաժողովի ձևավորման օրից։ Հակառակ դեպքում կստացվի, որ քաղաքական իշխանությունը հնարավորություն է ունեցել իր գործողություններով (տվյալ դեպքում՝ ուշ ձևավորելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը) իրեն ապահովագրել վարքագծի կանոնների ակնհայտ խախտումների համար պատասխանատվությունից։ Իսկ այդպիսի իրավական գնահատականը չի կարող համահունչ լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված քաղաքական չեզոքության հատկանիշի հետ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը