Հայկ Մարությանի մանիպուլյացիան նոյեմբերի 29-ի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ

article-image

Հայկ Մարությանը երեկ՝ նոյեմբերի 29-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է արդեն մի քանի օր մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների և փաստաթղթերով ներկայացրել, որ դրանք ապատեղեկատվություններ են ու չեն համապատասխանում իրականությանը։ Մարությանը, արդյունքում, դարձել է և մանիպուլյացիայի հեղինակ։

Հայկ Մարությանը, անդրադառնալով Երևան քաղաքին նվիրատվություն կատարած ընկերություններին, առաջին հերթին անդրադարձ կատարեց «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին։ Մարությանը նշում է. «Հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը։ Ես ուզում եմ ասել, եթե ինձ այսօր էլ հարցնեն` որպես քաղաքապետի, արդյո՞ք Սամվել Ալեքսանյանը նվեր է տվել Երևան քաղաքին մեքենաներ, ես այսօր էլ կպատասխանեմ՝ ոչ։ Ինչու՞, որովհետև ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների կամ այլ խոսակցությունների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել, և ես չեմ կարող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ»։

Հարկ է նշել, որ Հրաչյա Շարոյանը իսկապես հանդիսանում է «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊԸ-ի հիմնադիրը։ Նա Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդին է։ Կազմակերպությունը ստեղծվել է 2018 թվականի մայիսի 22-ին։ Սակայն միայն այն հանգամանքը, որ կազմակերպության հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, չի նշանակում, որ ընկերությունը փոխկապակցված չէ Սամվել Ալեքսանյանի ընտանիքի հետ։

Այսպես, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի հիմնադիրը, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Էդգար Տոնոյանն է, սակայն բոլորովին վերջերս «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ի նոր՝ հագուստի արտադրամասի հանդիսավոր բացմանը, որին հրավիրված էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ընկերության սեփականատեր մասնակցում էր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, որին ուղեկցում էր նաև Սամվել Ալեքսանյանը։

Նշենք, որ Էդգար Տոնոյանը հանդիսանում է նաև Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Ալկո» ՍՊԸ-ի հիմնադիր, ինչը կրկին չի նշանակում, որ դրա սեփականատերը Ալեքսանյանը չէ։

Այսպիսով՝ «Ալեքս» խոշոր բրենդի սեփականատերերը Հայաստանում մեծամասամբ Սամվել Ալեքսանյանը և նրա ընտանիքի անդամներն են` անկախ նրանից, թե ովքեր են այդ կազմակերպությունների հիմնադիրները կամ գործադիր տնօրենները և Հայկ Մարությանի կողմից հիմնադիրի և գործադիր տնօրենի անուն, ազգանունները ներկայացնելը՝ հիմնավորելու համար, որ «Ալեքս էնդ Հոլդինգ» ՍՊՆ-ն կապ չունի Սամվել Ալեքսանյանի հետ, ընդամենը սովորական մանիպուլյացիա է։

Նկատենք նաև, որ տարիներ շարունակ Հայկ Մարությանի քաղաքական թիմի անդամները, օրինակ` նրան իշխանության բերած Նիկոլ Փաշինյանը, որպես պաշտոնյաներ բարձր ամբիոններից տարբեր կազմակերպություններ փորձել են կապել գործող պաշտոնյաների անունների հետ, ինչպես օրինակ` «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ, որը մինչ օրս չեն կարողանում ապացուցել, և Հայկ Մարությանի կողմից «ես պաշտոնատար անձ եմ, և քաղաքապետը չի կարող ինչ-որ ասեկոսեների կամ այլ խոսակցությունների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել, և ես չեմ կարող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն նույնականացնել Սամվել Ալեքսանյանի հետ» արտահայտությունը, մեղմ ասած, ազնիվ չէ։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն