
2019թ. նոյեմբերի 28-ին կայացել է Հայաստան Համահայկական Հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնը: Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 9.856.100 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Սակայն նվիրաբերվող գումարի չափը օրեր անց որոշ չափով նվազել է:
Նկատենք, որ այս տարվա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի չափը զգալիորեն զիջում է նախորդ տարիներին անցկացված հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարներին:
AntiFake.am-ն ուսումնասիրել է Հայաստան Համահայկական Հիմնադրամին 2004-2019թթ. ընթացքում հանգանակված գումարների չափը և փորձել հասկանալ, թե որ թվականին կայացած հեռուստամարաթոնի ընթացքում է ամենաշատ գումարը հանգանակվել, և ինչ նպատակների համար են դրանք ծառայեցվել:
Այսպես, 2004թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 11 միլիոն դոլարի նվիրատվություն, որը ծառայեցվել է Արցախում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը:
2005թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 7,77 միլիոն դոլար, որն ուղղվել է պատերազմից առավել մեծ չափով տուժած ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացմանը:
► «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները տրամադրվելու են ԼԳԲՏ անձանց, Սոռոսի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կապ ունեցող ՀԿ-ների
► Հայկ Մարությանի մանիպուլյացիան նոյեմբերի 29-ի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ
► Հայաստանի իրավապահ մարմինների կողմից Ֆեյսբուքյան օգտատերերի տվյալների ստացման դիմումները կտրուկ աճել են
2006թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 13,7 միլիոն դոլար, որն ուղղվել է Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի վերականգնմանը: Ծրագրի շրջանակներում կառուցվել են Հադրութի շրջանային հիվանդանոցը, մի շարք դպրոցներ, ջրագծեր, բաշխման ցանցեր, գազամուղ, իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրեր:
2007թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 15,275,000 դոլարի խոստում: Հանգանակված գումարներն ուղղվել են Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրերին:
2008թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 35,915,600 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերված գումարներն ուղղվել են Հայաստանի ու Արցախի գյուղերում ենթակառուցվածքների վերականգնմանը:
2009թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 15,875,043 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարներն ուղղվել են Շուշիում սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների` ջրագծերի, դպրոցների, ճանապարհների, բնակելի շենքերի տանիքների վերանորոգմանը:
2010թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 20,8 միլիոն դոլար: Հանգանակություններն ուղղվել են Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի համալիր զարգացման ծրագրերին, մասնավորապես՝ ջրամատակարարման ոլորտում:
2011թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 12.286.478 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Նվիրաբերված գումարներն ուղղվել են Արցախի ջրամատակարարման ոլորտի բարելավմանն ու Հայաստանի գյուղական համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը:
2012թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 21,422,477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հանգանակված գումարներն ուղղվել են Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:
2013թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 22,661,372 դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում, որն ուղղվել է շուրջ 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը:
2014թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 12,399,550 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հավաքագրված գումարն ուղղվել է 116 կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, նաև՝ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում և Արցախում:
2015թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 10,378,465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հանգանակված գումարներն ուղղվել են Արցախում 5 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, նաև՝ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում և Արցախում:
2016թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 15,428,777 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Հանգանակությունները ուղղվել են Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը:
2017թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվել է 12,505,456 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Այս գումարն ուղղվել է Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանը ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և արևային էներգետիկ կայանների տեղակայմանը:
2018թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում, նախնական տվյալներով, հանգանակվել է ավելի քան 11 միլիոն դոլար: Այս գումարները ևս ուղղվել են Արցախում իրագործվող ծրագրերին:
Իսկ 2019թ. կայացած հեռուստամարաթոնի ընթացքում, ինչպես արդեն նշել ենք, նախնական տվյալներով արձանագրվել է 9,856,100 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Ինչպես նշում է «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, «նախապես խոստացված գումարներ պետք է տրամադրվեին, մի քանի անձ չի վճարել, որի արդյունքում էլ թվային ցուցանիշը նվազել է»: Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները ծառայեցվելու են խմելու ջրի մատակարարման, արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, Տավուշում, Լոռիում, Շիրակում։
Ստացվում է, որ այս տարի, վերջին 10 տարիների և 2004-2018թթ.-ի (բացառությամբ 2005թ.-ը) համեմատությամբ, Հայաստան Համահայկական Հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում գրանցվել է ամենաքիչ հանգանակությունը:
Իսկ 2004-2019թթ. ընթացքում ամենաշատ հանգանակությունը գրանցվել է 2008թ.-ին, որին հաջորդում են 2013թ., 2012թ. և 2010թ. հեռուստամարաթոնների հանգանակությունները:
Վերը թվարկված օրինակները՝ հեռուստամարաթոնները և դրանց ընթացքում հավաքագրված գումարները, ցույց են տալիս, որ Հայաստան Համահայկական Հիմնադրամին հանգանակված գումարները մեծամասամբ ուղղվել են Արցախին: Դա եղել է ճանապարհների կառուցման և ասֆալտապատման, դպրոցների և հիվանդանոցների կառուցման, տարածքային զարգացման, գյուղատնտեսության զարգացման և այլնի տեսքով:
Իսկ 2019թ. հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի չափը մտահոգիչ է, և նաև մտահոգիչ է այն առումով, որ Հայաստանում 2018թ. իշխանության եկածները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ բավականին մեծ ժամանակ են հատկացնում Հայաստան-Սփյուռք համագործակցության մասին խոսելու համար, որը, ինչպես ցույց են տվել հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարները, լոկ խոսքեր են և չունեն գործնական մարմնավորում: Այս ամենը նաև հիմնավորում է տեսակետն այն մասին, որ Փաշինյանի կողմից միլիոնավոր դրամների հասնող չարթերային թռիչքը ԱՄՆ արդարացված չէ, և բնավ օգուտ չի բերել Հայաստանի Հանրապետությանը:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան