Հայկակ Արշամյանի մանիպուլյացիաները իշխանությունների հետ կապի, կառավարությանը նվիրաբերած գումարի և Հիմնադրամի նկատմամբ անվստահության վերաբերյալ

article-image

Երկու օր առաջ` հունվարի 8-ին, Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հարցազրույց է տվել AR TN հեռուստաալիքին, ինչպես նշվում է` «ներկայացնելով Հիմնադրամի վերջին ամիսների գործունեությունը և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադառնալով Հիմնադրամի շուրջ տարածվող ապատեղեկատվություններին»:

Համահայկական հիմնադրամի շուրջ վերջին քննարկումները, բացահայտումները և վերջինիս աղմկահարույց գործունեությունը մեծ մտահոգությունների տեղիք են տալիս և մեծամասամբ կապվում են վերջինիս գործադիր տնօրենի` Հայկակ Արշամյանի անվան հետ:

Արշամյանը Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծած Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը եղել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ջատագովության և հաղորդակցության համակարգողը: 2018թ. նշանակվել է նախ վարչապետի խորհրդականի, այնուհետև` Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոններում:

Վերջերս հայտնի էր դարձել, որ Հիմնադրամը կառավարության գանձապետական հաշվին փոխանցել է ավելի քան 52 միլիարդ դրամ: Չնայած պաշտոնական շրջանակների այն պարզաբանումներին, որ փոխանցված գումարները ծառայեցվել են պատերազմի ընթացքում առաջացած անհրաժեշտ կարիքների բավարարմանը, մեծ են ոչ անհիմն կասկածները, որ ամբողջ աշխարհից հանգանակված միջոցներն ուղղվել են բյուջեով նախատեսված այլ ծախսերի, այդ թվում` աշխատավարձերի և պարգևավճարների համար:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը վերոնշյալ հարցազրույցում խոսել է այն մասին, թե միտումնավոր արշավ է սկսվել Հիմնադրամի դեմ:

Արշամյանի համար անընդունելի է, որ այսօր Հիմնադրամը նույնականացնում են իշխանությունների հետ: Հետաքրքիր է տեսնել նաև, թե ինչպես է նա փորձում «դիստանցվել» իշխանություններից: Պետք է հիշեցնել Հայկակ Արշամյանին, որ հանդիսանալով Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն թիմակիցներից մեկը` Հայկակ Արշամյանը չի կարող խոսել ներկայիս իշխանությունների հետ որևէ կապ չունենալու մասին, այն էլ այն պարագայում, երբ պատերազմի ընթացքում Հիմնադրամի ամբողջ գործունեության ընթացքում արձանագրված ռեկորդային դրամահավաքի արդյունքների` մոտ 169 միլիոն դոլարի մեծագույն մասը Հիմնադրամը փոխանցել է կառավարությանը, իսկ կառավարությունն էլ, ի դեմս ֆինանսների նախարարության, չի հրապարակում կոնկրետ այն ոլորտները, որտեղ ծախսվել են Հիմնադրամի նվիրաբերած գումարները:

Նախ Հիմնադրամը իրավասություն չունի հիմնադրամի միջոցները նվիրաբերել ՀՀ կառավարությանը, քանի որ սահմանված կանոնադրությամբ դրա իրավունքը չունի: Հիմնադրամի կանոնադրության 1-ին գլխի 7-րդ դրույթը փաստում է, որ Հիմնադրամի շահառուներն են Հայաստանի, Արցախի և սփյուռքաշատ այլ երկրների հայ բնակչությունը: Ըստ այդմ էլ` կառավարությունը չի կարող դիտարկվել որպես Հիմնադրամի շահառու: Իսկ Միքայել Մինասյանի կողմից հրապարակված` ՀՀ նախագահի` Արշամյանին ուղղված նամակում առաջարկ էր արվում փոխանցվող գումարը ձևակերպել որպես պարտք` փոխառության տեսքով, որը առավել ընդունելի տարբերակ կարող էր լինել: 

Մեկ այլ խնդիր է Հոգաբարձուների խորհրդի անդամներին կառավարությանը սպասվող փոխանցման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցը: Ակնհայտ է, որ նախագահը իր նամակում նշում է, որ այս հարցի շուրջ կարծիքները միասնական չեն: Արշամյանը նշում է, որ հոգաբարձուների խորհրդում կան նախկին ու ներկա պաշտոնյաներ` փորձելով հավաստիացնել, որ ամեն ինչ թափանցիկ է, սակայն իրականում, ինչպես պարզ է դառնում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը առնվազն տեղյակ չեն եղել կատարվող գործարքի վերաբերյալ: 

Հայկակ Արշակյանը, հարցազրույցի ընթացքում խոսելով Հիմնադրամին նվիրատվությունների նվազման մասին, նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունից հետո նվիրատվություններից և մշտական բաժանորդագրությունից հրաժարվողները ընդամենը 9 տոկոս են կազմում, այնինչ, ինչպես կարելի է պատկերացում կազմել մամուլի բազմաթիվ հրապարակումներից և անհատների հայտարարություններից, նման միտումը մեծանում է: 

Այլ խնդիր են ներկայացնում ԱՄՆ-ում իրականացված հեռուստամարաթոնի կազմակերպման, անցկացման խնդիրները, որոնք բազմաքիվ անպատասխան հարցեր են առաջացնում: 

Այս ամենը հաշվի առնելով` Հայկակ Արշամյանը հարցազրույցում զարմանք է արտահայտում այն հայտարարությունների վերաբերյալ, որ Հիմնադրամին սկսել են չվստահել ու նույնքան զարմանքով նշում, որ ԱՄՆ Լոս Անջելեսում նախորդ տարվա վերջին կազմակերպվել է դրամահավաք` այլ հիմնադրամի կողմից: Առնվազն տարակուսելի է, թե ինչու է Հայկակ Արշամյանը նման ցավագին ձևով ընդունում այլ հիմնադրամի գոյության, հայտարարված նպատակի նույնական լինելու փաստը: Հայկակ Արշամյանի միակ մտահոգությունը այն է, որ սփյուռքահայերը կարող էին գումարներ փոխանցել իր խոսքերով` «Միքայել Մինասյանի լոսանջելեսյան շրջապատին»:

Հետաքրքիր է, որ շշուկներ կան այն մասին, որ Հայկակ Արշամյանը պատերազմից հետո Արսեն Խառատյանի հետ ուղևորվել էին ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի գեղատեսիլ և ծովափնյա քաղաքներից մեկը, որտեղ հետաքրքրվել են անշարժ գույքի գներով

Ստացվում է, որ Հայկակ Արշամյանը կարծում է, որ Հիմնադրամի դեմ միտումնավոր կազմակերպված արշավ է իրականացվում, այնինչ հենց Հիմնադրամի ղեկավարությունն է վարկաբեկում տարիներ շարունակ հսկայական աշխատանք կատարած Համահայկական հիմնադրամին, այլապես 2020թ. սեպտեմբերի 27-ից մեկնարկած ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում Հայաստանին ու Արցախին օգնության հասած սփյուռքահայերը և հայաստանցիները ինչու՞ պետք է ավելի քան 170 միլիոն դոլարի նվիրատվություն անեին այնտեղ, որտեղ չեն վստահում:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն