Պատերազմում պարտված ղեկավարների ճակատագրերը. Բոլիվիայի նախագահ Սալամանկան հեռացվեց ռազմական պուտչի ճանապարհով

article-image

AntiFake.am-ը սկսում է պատմական հրապարակումների շարք, որի շրջանակներում կներկայացնենք պատերազմներում պարտված ղեկավարների ճակատագրերը՝ համեմատականներ տանելով ձախողման մասշտաբների, առաջնորդների մեղավորության աստիճանի, պետության քաղաքական վարչակազմի և ղեկավարների հեռացման ժամկետների ու ճանապարհների միջև: Հրապարակումները մեր ընթերցողներին հնարավորություն կտան ինքնուրույն համեմատականներ անցկացնել ներկայացված պատմական իրադարձությունների և Արցախյան վերջին պատերազմի, Հայաստանի վարչապետի, նրա վարած արտաքին և ներքին քաղաքականության, ռազմական ղեկավարության գործելակերպի, պատերազմին հաջորդած իրադարձությունների միջև:

Պատմական փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատերազմում պարտված առաջնորդները մեծամասամբ դադարում են շարունակել երկրի ղեկավարումը՝ կա՛մ հեռանալով, կա՛մ էլ հեռացվելով զբաղեցրած պաշտոնից, որին շատ դեպքերում հաջորդում է նաև քրեական պատասխանատվությունը:

1930-ականների ընթացքում եվրոպական մայրցամաքում տեղի էին ունենում իշխանության քաղաքական դինամիկ փոփոխություններ:  Միևնույն ժամանակ, Հարավային Ամերիկայում 1932թ. Գրան Չակոյի պատերազմը ծայրաստիճան սպառիչ, ծախսատար և աղետալի պատերազմ էր և՛ Բոլիվիայի, և՛ Պարագվայի համար:  Պատերազմի ավարտը կանխորոշվեց Բոլիվիայի քաղաքական վերնախավի կառավարիչների դիլետանտությամբ: Իրադարձությունները շրջադարձային նշանակություն ունեցան երկու երկրների համար, որին հաջորդեց տնտեսական և քաղաքական քաոսի ժամանակաշրջանը:

XIX դարի սկզբին Լատինական Ամերիկայի անկախության պատերազմների ժամանակաշրջանում կազմավորվել էին Պարագվայի, Բոլիվիայի և Արգենտինայի նորանկախ հանրապետությունները:

Վիճելի տարածք էր Գրան Չակոն (Gran Chaco), որը երեք կողմերն էլ համարում էին իրենց տարածքային ամբողջականության մաս հանդիսացող հատված: Նախկինում Իսպանիայի տիրապետության տակ լինելու պատճառով պետությունների սահմանները հաճախ համընկնում էին, տարածքը հստակ քարտեզագրված չէր: Անգամ պատերազմի ավարտից հետո Գրան Չակոյի տարածքի շուրջ Պարագվայի և Բոլիվիայի միջև հակամարտությունը շարունակվեց:

1925թ.-ին Գրան Չակոյում ներդրվել էր հիսուն միլիոն դոլար, և պետության տնտեսությունը անմիջապես կախման մեջ էր: Գրան Չակոն կորցնելը կարելի էր համեմատել անդամահատման հետ, որից հետո, ըստ ամենայնի, երկիրը չէր գոյատևի:

1931թ.-ի մարտին Բոլիվիայի նախագահի պաշտոնը ստանձնեց Դանիել Սալամանկան, ում օրոք տարածքային վեճը ռազմական լուծում ստացավ: Սալամանկան ո՛չ պատերազմ վարելու հմտություններ ուներ, ո՛չ էլ տիրապետում էր աշխարհագրությանը, և  միակ հմտությունը թատերական ձիրքն էր:

Պատերազմի մեկնարկը Սալամանկայի՝  բոլիվիական բանակի կողմից Վանգուարդիայում գտնվող Պարագվայի կայազորի վրա հարձակման հրամանն էր:

Հակամարտության սկզբից Սալամանկան շատ վատ հարաբերություններ ուներ Բոլիվիայի ռազմական հրամանատարության հետ. նա պաշտոնավարման հենց սկզբից հեռացրեց բոլիվիացի փորձառու գեներալին` զինված ուժերի հրամանատար նշանակելով մեկ այլ գեներալի` Հանս Կունդտին:

Գեներալ Կունդտը (1923թ. պաշտոնը անվանվեց պատերազմի նախարար), շարժվում էր խրամատային պատերազմի տրամաբանությամբ:  Նա հրաժարվեց որևէ տարածք զիջել, և Սալամանկան սատարեց նրան՝ արգելելով կատարել ցանկացած մարտավարական նահանջ: Դա հանգեցրեց նրան, որ հազարավոր բոլիվիացի զինվորներ զոհվեցին ռազմավարական նշանակություն չունեցող տարածքում ճակատային մարտեր վարելիս:

Հակառակ այս ամենին՝ նախագահ Սալամանկան գեներալ Կունդտին ավելի ու ավելի էր ներգրավում որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաև օգտագործելով նախագահի իրավունքները՝ իրեն զինված ուժերի գերագույն հրամանատար հռչակեց, որը, ի տարբերություն սպասելիքների, ավելացրեց զինված ուժերի ձախողումները: 

Նախագահ Սալամանկան ո՛չ զինվորական էր, և ո՛չ էլ աչքի էր ընկնում կազմակերպչական և ֆինանսների կառավարման հմտություններով:

Կունդտը ռազմական հանճար չէր. ճակատային հարձակումների հրամաններ տալիս հաշվի չէր նստում Բոլիվիայի հետախուզական ծառայության հետ և հաճախ անտեսում էր թշնամու զորքի շարժի մասին հաղորդագրությունները: Մինչ Բոլիվիան պատերազմում էր միայնակ, Պարագվայը նյութական օգնություն և ռազմական հետախուզական տեղեկատվություն էր ստանում Արգենտինայից:

Վատ կառավարման պատճառով բոլիվիական ուժերը շարունակ ընկնում էին շրջափակման մեջ և ոչնչացվում: Կամպո Վիայի պաշարումը շրջադարձային եղավ պատերազմում. Բոլիվիան կորցրեց ավելի քան 8 հազար զինվոր: Սալամանկայի հրամանով 1933 թ.-ի վերջին Կունդտին փոխարինեց գեներալ Էնրիկե Պենյարանդան: Սալամանկայի լարված հարաբերությունները գեներալների հետ միայն վատթարացրին իրավիճակը:

Նախագահը մեղադրում էր ռազմական ղեկավարությանը մարտադաշտում շարունակական անհաջողությունների համար: Բեկում եղավ միայն այն ժամանակ, երբ Սալամանկան որոշեց փոխել Պենյարանդային և ողջ ռազմական վերնախավը:

1934թ.-ի նոյեմբերին Սալամանկան ռազմական հեղաշրջման ճանապարհով հեռացվեց իշխանությունից, որին փոխարինեց փոխնախագահ Խոսե Լյուիս Թեխադան: Սալամանկան մահացավ մեկ տարի անց՝ քաղցկեղից: Հեղաշրջումից հետո Սալամանկան հայտարարեց, որ դա «միակ մանևրն էր, որում գեներալները հաջողություն ունեցան»:

Պատերազմի ողջ ընթացքում Բոլիվիան այդպես էլ չունեցավ կոմպետենտ ղեկավար, մինչդեռ Պարագվայում նախագահում էին Խոսեին Ֆելիքս Էստիգարիբիան, այնուհետև` մտավորական Էուսեբիո Այալան: Վերջինս հմուտ դիվանագետ էր և բանակցությունների ընթացքում, չնայած գործադրված ճնշմանը, կարողանում էր խուսափել ոչ ձեռնտու պայմանագրեր կնքելուց՝ շատ ավելի արդյունավետ կերպով օգտագործելով Պարագվայի սահմանափակ ռեսուրսները, քան կարողանում էին դա անել Բոլիվիայում:

Գրան Չակոն Լատինական Ամերիկայի ամենաարյունալի պատերազմն էր: Բոլիվիայի նախագահ Սալամանկայի ոչ արդյունավետ կառավարման հետևանքով երկիրը կրեց անդառնալի տարածքային կորուստներ, զոհվեց 57.000 մարդ, տապալվեց առանց այն էլ երերուն ժողովրդավարական կառավարման համակարգը։

Որպես ամփոփում. Գրան Չակոյի պատերազմում Բոլիվիան պարտվեց բացարձակապես քաղաքական ապիկար առաջնորդ ունենալու պատճառով․ Սալամանկայի վարած արտաքին քաղաքականության արդյունքում Բոլիվիան ողջ պատերազմի ընթացքում չունեցավ դաշնակիցներ։ Չլինելով զինվորական և չունենալով անհրաժեշտ հմտություններ՝ Սալամանկան հեռացրել էր փորձառու գեներալներին, նշանակել իր կամակատարներին, իր ձեռքըվերցրել ռազմական ղեկավարումը, իսկ պարտվելիս մեղքը բարդել բացարձակապես զինվորական համակարգի վրա՝ հռչակելով վերջիններիս դասալիքներ։

Հենց զինվորական հեղաշրջման ճանապարհով էլ Սալամանկան հեռացվեց իշխանությունից, պատմության մեջ մնալով Լատինական Ամերիկայի ամենաարյուհանեղ պատերազմում՝ մոտ 60.000 զոհ, ռազմական և տնտեսական նշանակություն ունեցող տարածքների կորուստ կրած Բոլիվիայի Հանրապետության ամենախայտառակ ղեկավարը։

 

Հեղինակ՝ Սյուզաննա Սաֆրազյան

Աղբյուր՝ AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն