Ինչի համար են կեղծ օգտահաշիվները, ինչ տեսակների են լինում դրանք

article-image

Կեղծ օգտահաշիվներ բազմացնելը և դրանց միջոցով սոցիալական ցանցերում շարքային օգտատերերին մոլորեցնելով իրենց համար ցանկալի արդյունքի հասնելը շատ արդիական է դարձել: Այսօր հայտնի սոցցանցերը, ինչպիսին են՝ Facebook, Instagram, Youtube և այլն, պայքարում են կեղծ օգտահաշիվների դեմ։ Ի՞նչ է կեղծ օգտահաշիվը, և ի՞նչ տեսակներ ունի այն։

Սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներն այն օգտահաշիվներն են, որոնք չեն ներկայացնում այդ օգտահաշիվը կառավարողի իրական ինքնությունը: Ֆեյսբուքն իր օգտատերերից անկեղծություն է «ակնկալում» օգտահաշիվ ստեղծելիս, այսինքն՝ ենթադրվում է, որ Ֆեյսբուքում գրանցվելու պահին օգտատերը կներկայացնի իր իրական տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օրը, ամիսը, ամսաթիվը, բնակության երկիրը, քաղաքը և այլն): Ֆեյսբուքյան տրամաբանությունը ենթադրում է, որ ստեղծված օգտահաշիվը օգտագործվի այն նպատակով, որի համար նախատեսված է: Սակայն բազմաթիվ մարդիկ ֆեյսբուքյան տիրույթը օգտագործում են այլ նպատակներով և ստեղծում են օգտահաշիվներ, որոնք չեն ներկայացնում իրենց իրական դեմքը:

Առանձնացվում է ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվների 10 տեսակ:

Կեղծ օգտահաշիվների 10 տեսակները

1. Spambots

Որոշ կեղծ օգտահաշիվների նպատակը գովազդների միջոցով «սպամ» տարածելն է։ Այս օգտահաշիվները սովորաբար աջակցում են ինչ-որ ապրանքի կամ ծառայության վաճառքին: Որպես կանոն՝ նրանք չեն ունենում ընկերներ, իսկ եթե ունենում են, ապա դրանք մեծամասամբ նույնպես spambots-եր են:  Այս տիպի օգտահաշիվ օգտագործողները կարող են իրական մարդիկ լինել, որոնք պարզապես ուզում են գովազդել իրենց արտադրանքը: Այդ օգտահաշիվների իրական լինել-չլինելը կարելի է պարզել վերջիններիս հետ շփում սկսելով: Spambots-երը հազվադեպ են հետադարձ կապ պահում իրական օգտատերերի հետ:

2. Likebots

Likebots օգտահաշիվների նպատակը ծրագրված հավանումներ (like) ապահովելն է, որոնք տարածվում են ֆեյսբուքյան էջերի և հրապարակումների վրա։ Այս օգտահաշիվները օգտագործվում են կոմերցիոն նպատակներով և կարող են գնվել այս կամ այն արտադրանքը Ֆեյսբուքում շրջանառելու համար: Շատ դեպքերում այս օգտահաշիվները հավանումներով ապահովում են սահմանափակ շրջանակների, օրինակ՝ կոնկրետ հայտնի անձի կամ առևտրային կազմակերպության հրապարակումները: Այս օգտահաշիվնները հազվադեպ են հրապարակումներ անում իրենց էջերում, իսկ եթե անում են, ապա դրանք ոչ մի կարևորություն չունեցող հրապարակումներ են: Նույն սկզբունքը գործում է նաև հրապարակումների տարածումների (share) վրա:

3. Stalkers

Ֆեյսբուքը ունի այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս մի օգտահաշիվը անհասանելի դարձնել մեկ այլ օգտահաշվի համար: Լինում են դեպքեր, երբ իրական անձի պատկանող օգտահաշիվն արգելափակվում է մեկ այլ անձի օգտահաշվի կողմից, և անձը որոշում է կեղծ օգտահաշվով հետապնդել իրական օգտատիրոջը: Որպես կանոն՝ այս կեղծ օգտահաշիվները ունեն հստակ թիրախ(ներ), որոնց վրա էլ հիմնականում տարածվում է դրանց գործունեությունը։

4. Կեղծ անվամբ օգտահաշիվներ

Այս օգտահաշիվները այնքան էլ կեղծ չեն համարվում, եթե անձն օգտագործում է իր իրական լուսանկարները և անձնական տվյալները, սակայն բազմաթիվ պատճառներով չի ցանկանում իրական անվան տակ հանդես գալ: Այսպիսի օգտահաշիվների հիմնական նպատակը անցանկալի որոնումներից խուսափելն է (not being searchable on Facebook):

5. Կոմերցիոն ընկերության աշխատանքային օգտահաշիվներ

Այսպիսի օգտահաշիվները համեմատաբար «անվնաս» են համարվում և ներկայացնում են որևէ կոմերցիոն ընկերություն։

6. Ֆեյսբուքյան էջը կառավարելու համար ստեղծված օգտահաշիվներ

Այս կեղծ օգտահաշիվներ նույնպես համարվում են  «անվնաս» օգտահաշիվներ և օգտագործվում են հիմնականում մարքեթինգային կամ ադմինիստրատիվ նպատակներով: Այսպիսի օգտահաշիվները ֆեյսբուքյան էջ կամ էջեր են կառավարում:

7. Թրոլլեր

Այս տեսակին պատկանող կեղծ օգտահաշիվները ակտիվորեն ներգրավվում են զանազան խմբերում, ակտիվորեն մասնակցում քննարկումներին: Այս օգտահաշիվները կարող են այնպիսի վարքագիծ դրսևորել, որը կարող է մտերմիկ տոնից վերածվել թույլատրելիի սահմանն անցնող գործողության (օրինակ՝ վիրավորող, զրպարտող, ատելություն քարոզող): Այսպիսի օգտահաշիվները կարող են վտանգավոր լինել, երբ ֆեյսբուքյան տիրույթում սկսում են անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել:

8. Երեխաների օգտահաշիվներ

Ենթադրվում է, որ մինչև 13 տարեկան երեխան չպետք է ֆեյսբուքյան օգտահաշիվ ունենա, սակայն իրականությունն այլ է: Տեխնոլոգիաների ժամանակաշրջանում մեծացող երեխաները սոցիալիզացվում են նաև ֆեյսբուքյան տիրույթում և անձամբ են օգտագործում իրենց օգտահաշիվը, սակայն լինում էլ են կեղծ օգտահաշիվներ, որոնք օգտագործում են երեխաների լուսանկարներ:

9. Անանուն սոցիալական ակտիվիստներ

Որոշ մարդիկ ունեն օրակարգ, որոնք ցանկանում են հանրային դարձնել՝ օգտագործելով բոլոր մեդիա ռեսուրսները, այդ թվում՝ սոցիալական ցանցերը: Որոշներն էլ, որոնք ծայրահեղական գաղափարներ են կրում, անանուն են հանդես գալիս:

 10. Իմիտացիա ստեղծողներ

Կեղծ օգտահաշիվների այս տեսակը ամենավտանգավորն է։ Մարդիկ կան, որոնք միտումնավոր օգտագործում են այլ անձի տվյալները՝ տպավորություն ստեղծելով, որ իրենք իրական օգտատեր են՝ մոլորեցնելով իրական օգտատերերին: Այսպիսի օգտահաշիվները կարող են կանխամտածված քաղաքական, կրոնական և այլ քարոզչություն իրականացնել՝ տպավորություն ստեղծելով, որ իրենց գաղափարները և մտքերը ընդունելի են շատ մարդկանց կողմից:

Աղբյուր՝ The Click Whisperer

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն