.png)
Այսօր` հունվարի 12-ին, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը «Factor.am»-ի հետ հարցազրույցի ընթացքում Արցախյան պատերազմում ռազմագերիների վերադարձման մասին խոսելիս, անդրադառնալով երեկ` հունվարի 10-ին ստորագրված հայտարարության և եռակողմ հանդիպման մանրամասներին, հայտարարել է, թե «…դեռ նույնիսկ չի վերադարձել վարչապետը, որ նման մանրամասների մասին խոսենք»:
Հատկանշանական է, որ այս պարագայում պատգամավոր Ենգիբարյանը կա՛մ ստում է, որ վարչապետը դեռ չի եկել, կա՛մ հատուկ մանիպուլյացիայի է դիմել` փորձելով խուսափել հետագա քննարկումներից:
Նախ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Օրակարգը հստակ էր` Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում, այնուհետև` Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպում:
Հաշվի առնելով այն փաստը, որ Գևորգյանը այցի համար նշել է նախատեսված ընդամենը մեկ օր` հունվարի 11-ը, կարելի է ենթադրել, որ հունվարի 11-ին այցը սկսվել և նույն օրն էլ ավարտվել է:
Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ ինչպես տեղեկանում ենք «FlightAware» համակարգից, Նիկոլ Փաշինյանը Զվարթնոցի օդանավակայանից Մոսկվա է մեկնել հունվարի 11-ի առավոտյան ժամը 09:02-ին և վայրէջք կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում ժամը 11:13-ին:
Նույն ձևով արդեն ուշ երեկոյան` ժամը 21:43-ին, կառավարական ինքնաթիռը Վնուկովո օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի Երևան, ուր վայրէջք է կատարել կեսգիշերնանց` ժամը 01:05-ին:
Այսպիսով, ապացուցվում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում է: Ուստի հետաքրքիր է, որ Վիկտոր Ենգիբարյանը կա՛մ տեղյակ չէ, կա՛մ էլ ստում է` փորձելով պաշտպանել Նիկոլ Փաշինյանին: Եթե նույնիսկ պատգամավորը տեղյակ էլ չէր, չպետք է ապատեղեկատվություն տարածեր:
Աղբյուր՝ AntiFake.am