Փաշինյանի ձախողած բանակցությունների ու գերիների վերադարձի հարցի շուրջ իշխանական քարոզչամեքենայի թեզերը

article-image

2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ և բանակցությունների արդյունքում ընդունված համատեղ հայտարարությանը զուգահեռ` իշխանական պրոպագանդիստները կրկին զբաղված էին կեղծ օրակարգերի ստեղծմամբ ու տարատեսակ քարոզչական թեզերի դաշտ նետմամբ: Այս անգամ դրանց զգալի մասը վերաբերվում էր գերիների վերադարձման հարցի հնարավոր լուծումներին:

Հիշեցնենք, որ Փաշինյանի` Մոսկվա մեկնելուց առաջ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ հավաքվելու են Զվարթնոց օդանավակայանի մոտ, որպեսզի թույլ չտան Փաշինյանի թռիչքը Մոսկվա, քանի որ տեղյակ չեն ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից: Ի պատասխան ընդդմադիրների հայտարարության՝ իշխանական պրոպագանդիստները նախ տարածում էին այն թեզը, թե Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցը խափանել ցանկացողները խանգարում են գերիների վերադարձման աշխատանքներին, ապա սուտ տեղեկություններ տարածում` ասելով, թե Փաշինյանն արդեն Մոսկվայում է, ուստի ոչինչ խափանել չի ստացվի:
 

Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ գերիների հետ վերադարձման հարցը դրական լուծում չի ստացել:

«Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչն ամենազգայուն ու ցավոտ հարցն է»,- հետբանակցային ասուլիսի ընթացքում ասել էր Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո իշխանական պրոպագանդիստները սկսեցին նոր թեզեր դաշտ նետել՝ այդ թվում կեղծ օգտահաշիվներով: «Վարչապետը բարձրացրել է գերիների հարցը` ասելով, որ դա առաջնային է», «վարչապետը կարող է բանակցել», «վարչապետի աչքերից երևում է, որ նա մտահոգված է գերիների խնդրով», «վարչապետը դուխով բանակցություններ է վարել, վարչապետը գլուխը բարձր է նստել», «վարչապետի հայացքը արտացոլում է  ժողովրդի հոգսերը», - եռակողմ հանդիպման ընթացքում Փաշինյանի «body language»-ը «չնկատողները» այսպիսի ծիծաղաշարժ թեզեր էին շրջանառում:




 

Բացի վերը նշվածից` իշխանական պրոպագանդիստները սկսեցին ստեր տարածել, թե` «գերիների հարցը կլուծվի այն ժամանակ, երբ Ալիևը նրանց պահելու անհրաժեշտություն չի ունենա»: Ասվածի համատեքստում հանդիպման ընթացքում գերիների հարցի չկարգավորումը իշխանական քարոզիչները պատճառաբանում էին «նախկին ռեժիմի ներքաղաքական բախումներ հրահրելու նկրտումներով»:


 

Քարոզչական այս արշավը ուղեկցվել է ընդգծված հակառուսականությամբ: Ինչպես գրում էին իշխանական պրոպագանդիստները՝ «գերիների հարցին լուծում չտալուց բացի` Ռուսաստանի Դաշնությունը անգամ չի խոստովանում, որ գերիներին հետ չվերադարձնելով` Ադրբեջանը փաստացիորեն ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը»:


 

Ստացվում է, որ գերիների հարցը շահարկող իշխանական պրոպագանդիստները նախ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցը կապում էին գերիների խնդրի կարգավորման հետ և ընդդիմությանը մեղադրում այդ հարցի խափանմանն ուղղված գործողություններ անելու մեջ, ապա հանդիպման ընթացքում «արդյունք» չգրանցելով՝ կրկին շահարկում գերիների հարցը: Այս դեպքում դա արդեն արվում էր հակառուսական քարոզչության փաթեթավորմամբ:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադառնալով գերիների խնդրին` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան, և դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայմանների:

«Բացարձակ անընդունելի է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում չկա կոնկրետ ժամկետ` կապված գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակմանը կամ վերադարձին: Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական  պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը ու նույնիսկ փորձեր են արվում ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն»,- նշել էր Թաթոյանը:

Ի դեպ, «մոռանալով», որ հունվարի 11-ի հայտարարությունը գերիների վերադարձի հետ կապողը Փաշինյանը, նրա խոսնակը և իշխանական քարոզիչներն էին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ է արել չշահարկել գերիների հարցը` նշելով, թե հունվարի 11-ին ստորագրած հայտարարությունը պետք չէ կապել գերիների խնդրի հետ:

Հավելենք, որ չսահմանափակվելով այս ամենով` իշխանական քարոզիչները իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ նաև լծվել են հունվարի 11-ի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը որպես մեծ ձեռքբերում ներկայացնելուն: Վերջիններս բավականին «գրավիչ» են համարում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը: Օրինակ, իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի կարծիքով` «տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման օրակարգը կարևոր դիվանագիտական հաջողություն է»: Իմքայլական մեկ այլ պատգամավորի՝ Վիկտոր Ենգիբարյանի կարծիքով էլ` ապաշրջափակման թիվ մեկ շահառուն Հայաստանն է: «Հիմա, երբ ապաշրջափակմանը վերջ է դրվում, իմ կարծիքով, թիվ մեկ շահառուն Հայաստանի Հանրապետությունն է, այն կբերի մեր երկրում տնտեսական զարգացման»,- մասնավորապես ասել է Ենգիբարյանը:

Ինչ խոսք, հայկական կողմի համար ձախողված և Հայաստանի շահերին հակասող հայտարարությունը որպես կարևոր «դիվանագիտական հաջողություն» ներկայացնելը նուրբ արվեստ է, որով օժվտած են միայն այս իշխանության ներկայացուցիչներն ու նրանցից սնվողները:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն