Երեկ ռուսական հայտնի «Կոմերսանտ» լրատվականում հրապարակվել է քարտեզ, որտեղ ներկայացվում է Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը միմյանց կապող երկաթգծի երթուղին: Կոմունիկացիաների ապաշրջափակման մասին ավելի վաղ հայտարարվել էր հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ:
Ինչպես երևում է քարտեզից, երկաթուղին ունենալու է հաստատված մեկնարկային կետ Երևանից, որին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, հավանական է, որ կմիանա Թուրքիայի Իգդիր քաղաքից եկող մեկ այլ երկաթգիծը: Այնուհետև երկաթուղին անցնելու է Նախիջևան, Ջուլֆա, Օրդուբադ քաղաքներով, հատում ՀՀ տարածքը Սյունիքի մարզում` անցնելով Մեղրիով, այնուհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանին անցած Հորադիզով, շարունակվում Ադրբեջանի Սաբիրաբադ, Շիրվան, Գուբոստանով, հասնում մայրաքաղաք Բաքու և Սիազան քաղաքով անցնելով, հասնում Ռուսաստանի Դաշնություն` Դաղստանի Հանրապետություն:
Ըստ քարտեզի` երկաթգծի հետ զուգահեռ` կառուցվելու է նաև տրանսպորտային միջանցք, որը Հայաստանը կկապի Իրանի և Ռուսաստանի, իսկ Ադրբեջանին` Թուրքիայի հետ:
Անզեն աչքով էլ երևում է, թե ինչպիսի «հնարավորություններ» են ընձեռնվում Հայաստանին:
Նկատելի է, թե ինչպես է կազմվում երկաթգծի երթուղին: Այն հնարավորինս նվազեցնում է Հայաստանի` երկաթգծի վրա ունենալիք հնարավոր ազդեցությունը: Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով` «Թուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է, չօգտագործելով Գյումրի-Կարս արդեն իսկ առկա երկաթուղին, որը միացած է նաև Նախիջևանին։ Նպատակները երկուսն են և միմյանց հետ փոխշաղկապված՝ 1․ Թուրքիա-Նախիջևան ուղիղ երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝ շրջանցելով Հայաստանը, 2․ Թուրքիա-Ադրբեջան «միջանցքի» վրա Հայաստանի ազդեցությունը հնարավոր նվազագույնին հասցնելը»:
Ինչպես կարող ենք հայտնաբերել քարտեզից, Թուրքիան և Հայաստանը կապող արդեն գոյություն ունեցող Գյումրի-Կարս երկաթուղին, Թուրքիան երկաթուղային գծին միանալու է նոր երկաթգծով, որը դարձյալ անցնելու է Հայաստանի տարածքով` Արմավիրի մարզով:
Նման պարագայում հարց է առաջանում, թե ինչպես է ապահովվելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Ադրբեջանում, առավել ևս տասնամյակների ընթացքում Ադրբեջանի հետևողական հայատյաց քաղաքականության պայմաններում: Եթե Հայաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների և բեռների անվտանգությունն ապահովեն ռուսական զորքերը, այդ դեպքում ինչպե՞ս է ապահովվելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը Բաքվում, երբ դեռ երեկ ադրբեջանցիները պղծում էին հայկական հուշարձանը, իսկ այսօր նույնիսկ խախտել են հրադադարը, զինծառայող է ծանր վիրավորում ստացել, իսկ սոցցանցերում ադրբեջանցիները քննարկում են. մորթե՞լ երեխային, թե՞ ոչ: Նման պարագայում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը երաշխավորել ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը չեն կարող:
Տարիներ շարունակ Հայաստանում տարբեր շրջանակներ մեղադրում էին ժամանակի իշխանություններին` «Ղարաբաղի փոխարեն Մեղրին հանձնելու» ծրագիր ունենալու համար: Ստացվում է, որ այսօր նրանք մի կողմից հանձնել են Արցախի Հանրապետության մեծագույն մասը և Սյունիքի մարզի տարածքների մի մասը, մյուս կողմից թույլ են տալիս Ադրբեջանին ազատ ելումուտ ունենալ Մեղրիով բացված ճանապարհով:
Ինչպես հայտնի է, վեց ամիս ժամկետով դեկտեմբերի 31-ից ուժի մեջ է մտել Հայաստան թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների ներմուծումը արգելելու մասին կառավարության որոշումը: Որոշումը ընդունվել էր դեռևս պատերազմի օրերին` հոկտեմբերի 21-ին: Երկաթուղու` որոշ հատվածով Հայաստանի տարածքով անցնելու դեպքում ինչպես է կարգավորվելու այս խնդիրը, երբ պատերազմից կանցնի ընդամենը 7-8 ամիս, իսկ հասարակության շրջանում առկա և պատերազմով բորբոքված տրամադրությունները, հաշվի առնելով հետպատերազմական իրադարձությունները և տարածքային ամենօրյա զիջումները, այդպես էլ չեն հանդարտվի: Արդյո՞ք կառավարությունը պատրաստ կլինի երկարաձգել արգելքը, թե՞ ոչ: Ինչպե՞ս է հնարավոր պետությունների հաղորդակցությունը նման պարագայում:
Խոսելով այդ համաձայնությունների տնտեսական շահի մասին` մոռացության է տրվում հարցը, թե ինչպես է կարգավորվելու երկաթուղին շահագործելու համար նախատեսվող պայմանագրային պարտավորությունների հարցը: Արդյո՞ք Հայաստանը պատրաստ կլինի ստորագրել Ադրբեջանի հետ պայմանագիր, որում կճանաչվեն Ադրբեջանի ներկայիս փաստացի սահմանները` ոտնահարելով Արցախի Սահմանադրությունը և իրավունքները նամանավանդ այն դեպքում, երբ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները, իսկ Ադրբեջանն էլ կտրուկ հայտարարում, թե Ղարաբաղյան հակամարտությունը արդեն անցյալում է:
Մյուս կողմից. ինչպե՞ս են կարգավորվելու հարաբերությունները Թուրքիայի հետ այն պարագայում, երբ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիան դիտարկում է միայն իր նախապայմանների բավարարման համատեքստում, այն է` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և պահանջատիրությունից հրաժարում, Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչում և այլն:
Քննարկելով առկա խնդրի մի քանի ասպեկտներ` կարող ենք փաստել, որ հունվարի 11-ի ստորագրված հայտարարությունը` իր բոլոր հետևանքներով, շարունակում է 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության հակահայկական բնույթը` առավել մեծ հարվածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և դիմադրողականությունը, իսկ այս դեպքում նման հայտարարություններից շահում են միայն Ադրբեջանը և Թուրքիան:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան
Աղբյուր՝ AntiFake.am