Փաշինյանը ստել է. ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Պոպովը պատմել է, որ ԼՂ կարգավիճակի մասին հարցը ներառված է եղել իրենց առաջարկներում

article-image

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ, Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Պոպովը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի վերաբերյալ ԶԼՄ-ների հարցին:

Լրագրողները, խոսելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի մասին, մեջբերել են Փաշինյանի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռուսական առաջարկը չի շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը, և միայն Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի մասին հարցին է անդրադարձ եղել: Լրագրողները խնդրել են մի քանի խոսք ասել ռուսական առաջարկների էության մասին:

Ի պատասխան՝ Պոպովը նշել է. «Ռուսական առաջարկների ներքո ամենայն հավանականությամբ նկատի է առնվում փուլային կարգավորման տարբերակը, որի վերջին խմբագրությամբ տարբերակը կողմերին է փոխանցվել 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից:

Այդ տարբերակի հիմքում, որը հիմնականում համընկնում էր Կազանյան փաստաթղթերի հետ, ընկած են ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում է առաջին փուլով Ադրբեջանին 5 շրջանների, իսկ երկրորդ փուլով՝ երկու շրջանների վերադարձը, ընդ որում՝ հատուկ կընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ համատեղ:

Առաջին փուլով նախատեսված այլ տարրերի շարքում, որոնք արտացոլում են Երևանի շահերը, կա նաև Լեռնային Ղարաբաղի համար իրավունքների ճանաչում, որոնք ապահովում են նրա բնակչության լիարժեք կյանքի կազմակերպումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ հանդիպումներին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի չկիրառման պարտավորությունների ստանձնումը և այլն: Այդ պատճառով պնդումը, թե Ռուսաստանը առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «առանց որևէ բանի»՝ մոռացության մատնելով կարգավիճակի մասին հարցը, չի համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները դիտարկվել են որպես վերջնական նպատակ, մեջբերում եմ. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը համաձայնեցված է կողմերի կողմից` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի բնակչության կամաարտահայտության դրսևորմամբ և միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխանությամբ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող համաժողովրդական քվեարկությամբ: Նման պարագայում հարցի կամ հարցերի ձևակերպումները, որոնց կդրվեն քվեարկության, որևէ կերպ չեն սահմանափակվի, իսկ քվեարկության ցանկացած արդյունք կհարգվի կողմերի կողմից»: Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլով՝ հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին:

Ո՛չ հայկական, ո՛չ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, չնայած լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չի եղել, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները ընթանում էին կանոնավոր կերպով: Մինչև 2018 թվականը, երբ Երևանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»,- ասել է Պոպովը:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Փաշինյանը հրապարակել է «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը: Հոդվածում Փաշինյանը գրել է. «2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:

Հոդվածի հետագա հատվածներում կարմիր թելով անցնում է Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չներառելու մասին միտքը: Օրինակ՝ «Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար», «Ադրբեջանն իր հերթին շարունակում է հայտարարել, որ ԼՂ որեւէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս քննարկելի չէ եւ ռուսական առաջարկների ի հայտ գալուց հետո ավելի է սրում դիրքորոշումը՝ ԼՂ որեւէ կարգավիճակ այս փուլում քննարկելի չէ», «7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդը Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից», «Ռուսաստանը եւ մյուս համանախագահները իրենց առաջարկած պլանից հրաժարվելու՞ էին, համանախագահներն էլ համաձայնվելու էին ի հեճուկս Ադրբեջանի Ղարաբաղի անկախությունը ճանաչե՞լ»:

Ստացվում է, որ Փաշինյանի պնդումները, թե ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը վերջին տարիներին դուրս է մղվել բանակցային օրակարգից կամ ներառված չի եղել առաջարկներում, չի համապատասխանում իրականությանը: Եվ սա շատ լավ իմացել է Փաշինյանը, քանի որ առնվազն 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ-ների միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերին է ներկայացվել ռուսական առաջարկների նոր տարբերակը, որտեղ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:

Հետևաբար Փաշինյանի հոդվածում արված ևս մեկ պնդում, թե «առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի է Փաշինյանը «ժառանգել Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը», ևս սուտ է:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն