
Այսօր ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Ազգային ժողովում էր: Նախարարը փակ աշխատանքային հանդիպում է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նախարար Այվազյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ընդունում է նախօրեին Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մշտապես եղել է քննարկվող բոլոր առաջարկներում, նշել է. «Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը: Ավելացնեմ. եղել է և մնում է կարևորագույն սկզբունքը»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե այդ դեպքում արդյո՞ք չեն հակասում վարչապետ Փաշինյանի` ավելի վաղ հրապարակված հոդվածում առկա դիտարկումը և Պոպովի ի պատասխան մեկնաբանությունը` Արա Այվազյանը նկատեց, որ «վարչապետի գրածը հանվել է կոնտեքստից: Վարչապետը ուրիշ բաներ էլ է ասել, և չի մեկնաբանում վարչապետի ասածը»: Այնուհետև` ավելացրել. «Ես չեմ տեսնում հակասություն: Ես ասում եմ` տարբեր հայտարարություններ են եղել և կոնտեքստից դուրս հանված:… Ուշադի՛ր կարդացեք՝ ինչ է գրել վարչապետը, և ինչ է ասել Պոպովը»:
Իսկ ինչ էին ասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
Հունվարի 4-ին հրապարակված «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում Նիկոլ Փաշինյանը շատ պարզ և հստակ գրել է, որ` «2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»:
Նիկոլ Փաշինյանը նաև նշում է, որ «2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացի հիմնական, եթե ոչ միակ թեման եղել է 7 տարածքների հանձնումը»:
Երեկ` հունվարի 13-ին, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին և դրանում առկա, Արցախի կարգավիճակի մասին պնդումներին:
Իգոր Պոպովը մասնավորապես նշել էր. «պնդումը, թե Ռուսաստանը առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «առանց որևէ բանի»՝ մոռացության մատնելով կարգավիճակի մասին հարցը, չի համապատասխանում իրականությանը»:
Պոպովը հստակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հարցը եղել է ԼՂ հակամարտության կարգավորման ռուսական առաջարկների փուլային տարբերակներում, որոնցից վերջին թարմացված տարբերակը 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացվել է կողմերին:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, 2020թ. դեկտեմբերի 17-ին խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, նշել է. «Մենք տարիներ շարունակ ելնում էինք նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ պետք է արձանագրվի ստատուս քվո, բայց Ղարաբաղի և Հայաստանի միջև պարտադիր պետք է ստեղծվեն շփման հնարավորություններ»:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի` ստերով ու մանիպուլյացիաներով լեցուն հոդվածը հերքվում է Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններով, մինչդեռ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը, ընդունելով հանդերձ, որ Պոպովը ճիշտ է, և ինքն էլ վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ պնդման ճշմարտացիությունը, այնուամենայնիվ, կարծում է, որ վերոնշյալ հայտարարություններում որևէ հակասություն չկա, իսկ Փաշինյանի դեպքում դրանք «կտրված են կոնտեքստից»:
Արդյունքում ստանում ենք չստացված մանիպուլյացիա և փորձ` լղոզելու Փաշինյանի կեղծ հայտարարությունները:
Աղբյուր՝ AntiFake.am