Հիշողության թարմացում Կարեն Սարուխանյանի համար․ Նիկոլ Փաշինյանի ձախողված քայլերն ու Վազգեն Մանուկյանի դեմ հակաքարոզչությունը

article-image

Իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն շարունակում է Վազգեն Մանուկյանի դեմ հակաքարոզչություն իրականացնել։ Այդ ամենի վառ ապացույցը երեկ՝ հունվարի 19-ին, իշխանական լրատվականների ու պրոպագանդիստների կողմից դաշտ նետված այն ստահոդ լուրն էր, թե Վազգեն Մանուկյանն այցելել է Սյունիք, սակայն սյունեցիները փակել էին նրա ճանապարհը և չէին թողել մտնել մարզ։

Հունվարի 19-ի հակաքարոզչությունն այդքանով չի սահմանափակվել։ Մասնավորապես, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայտարարել է, թե նախօրեին 17 կուսակցությունների կողմից առաջադրած ՀՀ վարչապետ թեկնածու Վազգեն Մանուկյանը Գյումրիից դաշտերով է կարողացել դուրս գալ: Այս հայտարարությամբ Սարուխանյանը «ցույց է տվել» Վազգեն Մանուկյանի անընդունելիությունը հասարակության համար, ինչն, ըստ պատգամավորի «տրամաբանության», ենթադրում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությունը հասարակության համար։

Նիկոլ Փաշինյանի՝ հասարակության համար միակ ընդունելի առաջնորդ լինելու ստահոդ քարոզչական թեզը ինքնին հերքվում է վերջին իրադարձությունների ֆոնին։ Որպես ասվածի ապացույց կարող ենք հիշել Փաշինյանի` Սյունիքի մարզ այցելությունն ու գրանցած անհաջողությունները։ Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Գորիսում փակել էին ճանապարհը՝ Փաշինյանի մուտքը Սյունիքի տարածք թույլ չտալու համար։ Արդյունքում Փաշինյանը կարողացել էր այցելել միայն Սիսիան քաղաք ու Սառնակունք գյուղ, այն էլ` ուղղաթիռով: Այս այցելությունների ընթացքում Փաշինյանին հանդիպած փոքրաթիվ քաղաքացիներն էլ իշխանավորների մտերիմներն էին, որոնք Սիսիանի եկեղեցու քահանայի կողմից Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը օդում թողնելուց հետո արշավ սկսեցին Եկեղեցու դեմ։

Փաշինյանի՝ հասարակության համար միակ ընդունելի առաջնորդ լինելու ստահոդ քարոզչական թեզը հերքվում է նաև վերջինիս Եռաբլուր այցելությամբ։ Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողների ամոթանքներն ու «Նիկոլ, դավաճա՜ն» վանկարկումները լսելով` Փաշինյանը իր թիկնազորի թիկունքում թաքնված մի կերպ կարողացավ մուտք գործել պանթեոն։ 

Փաշինյանի ձախողման դրվագներից մեկն էլ այն է, երբ ամռանն արդեն իսկ «կորոնավիրուսով վարակված» վարչապետը չմասնակցեց Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնին նվիրված սուրբ պատարագին, քանի որ համաճարակային իրավիճակով պայմանավորված վերջինս կրկին «ինքնամեկուսացել էր»։ Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Փաշինյանի` պատարագին մասնակցությունը թույլ չտալու նպատակով հավաքվել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Երկրում իրավիճակ է փոխվել, ինչն ապացուցվում է փաստերով։ Այդ ամենը «չնկատող»  իշխանականները և իշխանության շուրջ հանրային լայն աջակցության իմիտացիա ստեղծողները ինքնախաբեությամբ զբաղվելուց բացի կորցնում են այն ժամանակը, որի ընթացքում հնարավոր կլիներ գոնե փոքր-ինչ հայրենանպաստ գործով զբաղվել և անտեղի չնսեմացնել ընդդիմադիր գործիչներին։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն