Փաշինյանը շարունակում է մանիպուլացնելու և ընդդիմադիրներին մեղադրելու անպատասխանատու վարքագիծը. Գերիների վերաբերյալ խայտառակ հայտարարության հետքերով

article-image

Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մի շարք հարցեր են հնչեցրել՝ կապված Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, գերիների վերադարձի առնչությամբ առաջացող խնդիրների, արտաքին քաղաքականության բացթողումների, նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հայտարարությունների, դրանց կատարման ընթացքի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և մի շարք այլ հարցերի հետ։ Կառավարությունը և նրա ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, այս անգամ ևս որդեգրել էին հարցերին ուղիղ պատասխաններ տալու փոխարեն մանիպուլյացիաներ անելու, սեփական բացթողումները «նախկինների» վրա բարդելու անպատասխանատու վարքագիծը։

Օրինակ՝ հարցին, թե ինչու չի լուծվում գերիների վերադարձման խնդիրը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե «Երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո»։ Սա, իհարկե, խայտառակ մանիպուլյացիա է, քանի որ Հայաստանը երբևէ այնքան գերի չի ունեցել, որքան սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո։ Մեծ թվով գերիներ ունենալու պատասխանատվությունը և մեղավորությունը Նիկոլ Փաշինյանինն է, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականության և դիվանագիտական ձախողումների հետևանքով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը և այդ պատերազմում  Հայաստանի պարտությունը հանգեցրեց ադրբեջանցիների կողմից մեծ թվով հայերի գերեվարմանը։ Բացի այդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում շուրջ 160-190 գերեվարված հայեր կան, որոնց (կամ նրանցից մի մասի) վերադարձի շուրջ բանակցությունները տապալվել են հունվարի 11-ի մոսկովյան բանակցությունների ընթացքում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մոսկովյան եռակողմ հանդիպմանն ընդառաջ հայտարարել էր, որ գերիների վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքների, անհետ կորածների հայտնաբերման հարցերը հանդիպման առաջնահերթությունն են։ Մինչդեռ բանակցություններն ամփոփող եռակողմ հայտարարությունում թեկուզ մեկ բառ չկար գերիների մասին։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր Հայաստանի Հանրապետության անվտանգային և տնտեսական խնդիրներ առաջացնող հակահայկական փաստաթուղթ, որը ձեռնտու էր բացառապես Թուրքիային ու Ադրբեջանին։ 

Հունվարի 18-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը, տարվա ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայ գերիների մասին խոսելով, հայտարարել է, որ հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ ամբողջական և ոչ միանգամից,  ինչի արդյունքում էլ վերադարձվել են նրանք, ովքեր մասնակցել էին ռազմական գործողություններին  մինչև նոյեմբերի 9-ը:  

Խնդիրը, ըստ Լավրովի, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Հադրութի շրջանում 62 հայ զինծառայողների գերեվարումն է: Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե մինչև նոյեմբերի 9-ին վերաբերող մասով:  «Բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքով գերիների խնդիր չունեցող Ադրբեջանը, բնականաբար, շահագրգռված չէ վերադարձնել հայ գերիներին: 

Սա դեռ ամենը չէ, Նիկոլ Փաշինյանը մի քանի հայ գերիների վերադարձնելու դիմաց Ադրբեջանին է հանձնել 2014 թվականին Քարվաճառում ձերբակալված երկու  մարդասպան դիվերսանտ հանցագործների, որոնք, համաձայն Արցախի օրենսդրության, իրենց պատիժն էին կրում մարդասպանության և կատարած այլ հանցագործությունների համար: Ստացվում է՝ մեր գերիները փոխանակվել են հանցագործների հետ։ Ադրբեջանի և ռազմական հարցերով փորձագետների պնդմամբ՝ սա Նիկոլ Փաշինյանի հերթական խայտառակ ապիկարությունն ու Ադրբեջանի ցանկությունների հերթական իրագործումն էր, քանի որ Հայաստանը գերիների հարցով «բանակցությունների» ամենասկզբում Ադրբեջանին տվեց մեր ամենամեծ ու գուցե նաև միակ խաղաքարտը` օդում կախված թողնելով հարյուրավոր այլ հայ գերիների ճակատագրերը։

Այնպես որ, մեծ թվով գերիների վերադարձնելու հայտարարությամբ պարծենալու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կաներ` իշխանությունը հանձներ այնպիսի մարդկանց, ովքեր գերիների խնդրով իրապես զբաղվելու ցանկություն և կարողություն կունենան։ 

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն