1994-1995թթ. ՀՀ հատուկ ծառայությունների ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է մի շարք հրատապ հարցերի, այդ թվում՝ գերիների հարցին:
«Կարևորագույն խնդիրը, որ կա մեզ համար, գերիների հարցն է, որը այս իշխանությունը արդեն հայտարարում է, որ դա մեզ չի վերաբերվում, որ դա Ռուսաստանը պետք է լուծի: Սա Փաշինյանի հանցագործության շարունակությունն է: Օր առաջ այս հարցը պետք է կարգավորվի»,- նշել է Շահնազարյանը, որի համոզմամբ՝ ոչինչ չպետք է արվի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել:
Անդրադառնալով գերիների թվի՝ իշխանությունների կողմից գաղտնի պահվելուն՝ Շահնազարյանը նշել է. «Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների և գերիների ցուցակը միասին: Նրանք չեն հրապարակում, որովհետև իրենք ամեն ինչով թաքցնում են իրենց հանցագործությունները»:
«Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ 235 մեջ կան նաև քաղաքացիական անձինք, նաև կանայք: Ըստ Ադրբեջանի` կա 171 ռազմագերի և 64 «ահաբեկիչ», ինչպես իրենք են ասում»,- հայտարարել է Շահնազարյանը: Նրա համոզմամբ՝ իշխանությունները գերիների թիվը գաղտնի պահելու փոխարեն պետք է խնդիրը բարձրացնեին միջազգային կազմակերպություններում, Կարմիր Խաչում՝ դրան արդյունավետ լուծում տալու համար: Նա նշում է, որ հանցագործություն է ինչ-որ բանակցությունների գնալ, քանի դեռ Ադրբեջանի բանտերում թեկուզ մեկ հայազգի կա:
Դավիթ Շահնազարյանը, հայտարարելով, որ տիրապետում է գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության, տվյալներ է հայտնել նաև 2020թ. նոյեմբերի 10-ին Շուշիի մոտակայքում գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի մասին. «Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է, այսպես կոչված, «Գուբիստանյան» բանտը, որը ունի մասնաշենքեր: Նաջարյան Մարալը գտնվում է «Գուբիստանի բանտի» երրորդ մասնաշենքի երկրորդ հարկի 213 խցում: Այս թվերը իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասել է Շահնազարյանը՝ պահանջելով իշխանություններից հրապարակել անհետ կորածների և գերիների միասնական ցուցակը:
Մանրամասները՝ տեսանյութում.
Աղբյուր՝ AntiFake.am