Խոզի չալաղաջ, խորոված թառափ, շոու ծրագրեր… Ամանորյա ծախսեր, որոնց մասին լռում է Երևանի քաղաքապետարանը

article-image

Ինչպես տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակմամբայս տարի Ամանորի և Սուրբծննդյան տոների համար Երևանի քաղաքապետարանի հատկացրած բյուջեն մի քանի անգամ գերազանցում է նախորդ 5 տարիների համար հատկացված բյուջեին՝ կազմելով 325.797.000 դրամ (271.797.000 մլն ՀՀ դրամ հատկացվել է պետբյուջեից, որին համայնքային բյուջեից գումարվել է 54.000.000 մլն ՀՀ դրամ):

Ամանորյա ծախսերի գումարի այս չափը մեզ տրամադրել է Երևանի քաղաքապետարանը՝ ի պատասխան մեր հարցման, սակայն AntiFake.am-ի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քաղաքապետարանի կողմից մատնանշած գումարը չի համապատասխանում Երևանի քաղաքապետարանի՝ Ամանորյա տոների համար իրականում հատկացված ամբողջ գումարի չափին։

Այսպես. քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանը պետք է պայմանագրեր կնքեր չորս ընկերությունների հետ: Ընկերությունների ընտրությունը եղել է քաղաքապետարանի և ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում: Այդ ընկերություններն են՝

  1. «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ:
  2. «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ:
  3. «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ:
  4. Չորրորդ ընկերությունը պետք է ընտրվեր քաղաքապետարանի կողմից, որի մասին դեռևս որևէ տեղեկություն առկա չէ:

AntiFake.am-ը նաև հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով տրամադրել Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրեր կնքած ընկերությունների անունները և կնքված պայմանագրերը: Սակայն հարցման պատասխանում միայն նշված էր տոնական միջոցառումների համար նախատեսված ընդհանուր գումարի չափը:

Armeps.am-ում AntiFake.am-ը գտել է տեղեկություններ քաղաքապետարանի՝ Ամանորի տոների հետ կապված ևս 3 գնումների վերաբերյալ, որոնց մասին ոչ Հակոբ Կարապետյանն իր գրառումներում, ոչ էլ քաղաքապետարանը մեր հարցման պատասխաններում չի նշել։ Խոսքը գնում է 2018-2019թթ. հիմնադրված Արշալույս Վերդյան, Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ների և «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ –ի մասին, որոնց մեկ անձից գնման ընթացակարգով քաղաքապետարանը հատկացրել է 8,8 միլիոն դրամ ։

Այժմ առանձին անդրադառնանք նշված ընկերություններին և դրանց հետ կնքված պայմանագրերին։


«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին հատկացվել է շուրջ 138 միլիոն դրամ

Ինչպես տեղեկանում ենք պետության կարիքների համար գնումների էլեկտրոնային համակարգից (armeps.am), սույն թվականի նոյեմբերի 29-ին Երևանի քաղաքապետարանի և «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2020թ. հունվարի 5-ը ներառյալ «Ֆակտորի փրոդաքշն»-ը շուրջ 138 միլիոն դրամի դիմաց պարտավորվում է՝ Ամանորի և Սուրբծննդյան տոներին նվիրված «Ամանոր 2020»  մշակութային միջոցառումների շրջանակներում կազմակերպել  մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը, տարեմուտի և Սուրբծննդյան համերգները:


«Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ից պետական կառույցներն այլ խոշոր գնումներ նույնպես կատարել են

AntiFake.am-ը ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն մեկ անձից գնման եղանակով տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման համար 2018-2019թթ. ընթացքում 10 խոշոր գործարքներ է կնքել Երևանի քաղաքապետարանի և այլ պետական մարմինների հետ, ընդհանուր՝ 398,200,180 դրամ գումարով։

Բացի այդ, ինչպես այս տարի, նախորդ տարի ևս Ամանորի և Սուրբծննդյան տոների միջոցառումների կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանի կողմից կիրառվել է նույն՝ մեկ անձից գնման մեխանիզմը:

Երևանի քաղաքաապետարանը «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ից գնումներ է իրականացրել 4 անգամ, որից 3-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով, 1-ը՝ գնահարցումով։

1.

19.12.2018թ.

Ամանորի և Սուրբծննդյան տոների համար

30,000,000 դր

2.

20.12.2018թ.

Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներ

24,000,000 դր

3.

02.08.2019թ.

«Երևանյան ամառ 2019» մշակութային միջոցառումներ

15,540,000 դր

4.

29.11.2019թ.

«Ամանոր 2020» Ամանորյա տոներին նվիրված մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցում

137,868,720 դր

Երևանի քաղաքապետարանից բացի «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ից մեկ անձից գնման եղանակով գնումներ է կատարել ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ Արարատի մարզպետարանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը։


Հակոբ Կարապետյանի մատնանշած մյուս ընկերությունների ծառայությունների մասին տեղեկություններ առայժմ առկա չեն

Հակոբ Կարապետյանի  կողմից նշված «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲ, «Սթեյջ Սթայլ» ՍՊ ընկերությունների և քաղաքապետարանի համագործակցության մասին որևէ տեղեկատվություն  armeps.am-ում այս պահի դրությամբ առկա չէ:

Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից պետական կառույցները 4 անգամ գնումներ են կատարել՝ 2-ը մեկ անձից գնման, 2-ն էլ գնահարցման ընթացակարգով. ընդհանուր՝ 15,516,000 դրամ։ Բոլոր գնումները կատարվել են 2019 թվականին։


Քաղաքապետարանը «մոռացել է» նշել 2018-19թթ. ստեղծված ևս 3 ընկերությունների մասին, որոնց մեկ անձից գնման ընթացակարգով հատկացրել է 8,8 միլիոն դրամ

Armeps.am-ում առկա են տեղեկություններ քաղաքապետարանի՝ Ամանորի տոների հետ կապված ևս 3 գնումների վերաբերյալ, որոնց մասին ո’չ Հակոբ Կարապետյանն իր գրառումներում, ո’չ էլ քաղաքապետարանը մեր հարցման պատասխաններում չեն նշել։ Խոսքը գնում է Արշալույս Վերդյան, Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ների և «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ –ի մասին։

Արշալույս Վերդյան Ա/Ձ-ին Երևանի քաղաքապետարանը Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար տրամադրել է 1,860,000 դրամ Դավթաշեն վարչական շրջանում լուսային ձևավորման համար։

2018թ. հուլիսի 19-ին ստեղծված այս ընկերությունը 1000 դրամների հիմնադրամին երբևէ գումար չի փոխանցել: Ստացվում է, որ այս Ա/Ձ-ն կա՛մ չունի գրանցված աշխատողներ, կա՛մ չի կատարում հարկային պարտավորությունները:

Առավել հետաքրքրական են «Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ-ից և Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ից կատարված գնումները:

«Կոնցեպտ Իվենթս» ՍՊԸ-ն հիմնադրվել է բոլորովին վերջերս՝ 2 ամիս առաջ՝ 2019թ.  սեպտեմբերի 24-ին։ Ունի 2 գրանցված աշխատող:

Այս նորաստեղծ ընկերության հետ պետական գրանցումից 1 ամիս անց քաղաքապետարանը կնքել է 1,739,000 դրամի պայմանագիր՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ 180 անձի համար բարձրակարգ ռեստորանային համալիրում հյուրասիրություն կազմակերպելու համար:

Հյուրասիրությունը ներառում է թարմ որակյալ նախուտեստներ (պանրի տեսականի, երշիկեղենի տեսականի, զեյթունի տեսականի, թթու դրած բանջարեղենի տեսականի), տաք ուտեստներ, 3 տեսակի աղցան, ոգելից խմիչք, բնական հյութեր և այլն: Ողջ միջոցառման ընթացքում հնչելու է կենդանի կատարում:

Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ն նույնպես ստեղծվել է 2019թ.-ին, սակայն 1000 դրամների հիմնադրամի կայքում առկա չեն այս ընկերության հարկային պարտականությունների կատարման վերաբերյալ տվյալներ:

Քաղաքապետարանը Արմեն Գևորգյան Սամվելի Ա/Ձ-ին հատկացրել է 5,199,000 դրամ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և ենթակա կազմակերպությունների տնօրենների համար ճոխ հյուրասիրություն կազմակերպելու համար Երևանի ռեստորանային համալիրներից մեկում՝ «օրինակ Բելաջիո կամ համարժեք»՝ նախատեսված 250 անձի համար։  Թեև պայմանագրում շեշտված չէ Ամանորի և Սուրբծննդյան մասին, սակայն միջոցառման անցկացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 24-27-ը, համընկնում է Ամանորի և Սուրբծննդյան մյուս միջոցառումների անցկացման հետ: Նշենք, որ հյուրասիրության համար յուրաքանչյուր անձի հաշվարկով հատկացված գումարը ենթադրում է բավականին ճոխ հյուրասիրություն` յուրաքանչյուրի համար 20,796 դրամի չափով։

Հյուրասիրությունն իր մեջ ներառում է 4 տեսակի աղցան (կեսար, հավով, մայրաքաղաքային, լցոնած սմբուկ կամ համարժեք), խորոված (խոզի չալաղաջ, մատեր և փափուկ միս, կարտոֆիլ), խորոված թառափ, տաք ուտեստ (հավի ճուտ, կարտոֆիլ-ֆրի, տապակած սունկ), սառը խորտիկներ (3 տեսակի ձկնեղենի տեսականի, 5 տեսակի մսի տեսականի, 5 տեսակի պանրի տեսականի) և այլն: Այս ամենը կազմակերպվելու է Բելլաջիո կամ դրան համարժեք ռեստորանային համալիրում, որն ուղեկցվելու է շոու ծրագրով:

Նշենք, որ պայամանագիրը կնքվել է Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի հրաժարականից հետո, և կարելի է ենթադրել, որ քաղաքապետ Մարությանը պետության միջոցների հաշվին ճոխ հյուրասիրություն է կազմակերպել իր մանկության ընկերոջ՝ Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավար Ավետ Պողոսյանի և նրա աշխատակազմի համար:

AntiFake.am-ը կսպասի քաղաքապետարանին ուղարկված հարցման ամբողջական պատասխանին և առաջիկայում կհրապարակի, թե էլ ինչի վրա է ծախսվելու Ամանորի և Սուրբծննդյան տոներին հատկացված 325.797.000 դրամ բյուջեն:

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը